Դառը ճշմարտություն՝ քաղցր փաթեթավորմամբ․  ի՞նչ ակնարկեց Երեւանում Բելգիայի ԱԳ նախարարը  

Դառը ճշմարտություն՝ քաղցր փաթեթավորմամբ․  ի՞նչ ակնարկեց Երեւանում Բելգիայի ԱԳ նախարարը  

Մեր երկու երկրների միջեւ դիվանագիտական շփումները կանոնավոր են, բայց 8 տարի կլիներ՝ Բելգիայի արտաքին գործերի ոչ մի նախարար ոտք չէր դրել հայկական հողի վրա (անցած տարի Հայաստան էին ժամանել Բելգիայի խորհրդարանի պատգամավորներ)։ Իր այցի պատմականությունն ու նշանակությունն ընդգծելու համար ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ օգոստոսի 22-ին Երեւանում կայացած բանակցություններից հետո՝ ճեպազրույցի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբը. «Մեծ հուզմունքով հարգանքի տուրք մատուցեցի Հայոց ցեղասպանության զոհերին, մեր բոլորի պարտավորությունն է՝ չմոռանալ պատմության այս ողբերգական էջը։ Մեր պարտավորությունն է նաեւ՝ ամեն ինչ անել` խուսափելու պատմության կրկնությունից»։

Հայերի սիրտը շարժելու համար (իսկ մենք պատմականորեն ու անդառնալիորեն, նույնիսկ պետական մակարդակով այդ համախտանիշի կրողն ենք) եվրոպացի պաշտոնյան այլ լուրեր էլ ուներ։ Նշելով, որ այսօր Բելգիայում մոտ 30 հազար հայ է ապրում, Լահբիբն ուրախությամբ փաստեց, որ իր առաջարկով նախարարների խորհուրդը որոշում է կայացրել՝ Հայաստանում դեսպանություն բացել։ Ի դեպ, Բելգիան շատ շռայլ չէ դեսպանությունների հարցում եւ քիչ երկրներում ունի դիվանագիտական ներկայացուցչություններ: Հայ-բելգիական հարաբերությունները զարգացնելու հնարավորություններ կան, եւ բելգիական մի շարք ընկերություններ ցանկություն ունեն հայաստանյան գործընկերներ գտնելու՝ հավելեց նախարարը։ Բելգիացի դիվանագետը, բնականաբար, չշրջանցեց հայերիս համար, թերեւս, ամենազգայուն թեման՝ Արցախի շրջափակման հարցը։

«Բելգիան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակով եւ դրա վատթարացմամբ։ Լաչինի միջանցքով տեղափոխման սահմանափակումը լուրջ հետեւանքներ է ունենում եւ հիվանդության ու սովամահության սպառնալիքներ է առաջացնում։ Ղարաբաղի բնակիչների կյանքը վտանգի մեջ է, եւ դա անընդունելի է»,- շեշտեց Լահբիբը։

Նրա խոսքով, Բելգիան ամբողջությամբ ընդունում է Եվրամիության դիրքորոշումը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի պարտավորությունն է՝ ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ Լահբիբը համոզված է՝ կարեւորը ստեղծված փակուղուց դուրս գալն է․ Բելգիան թե՛ Երեւանում, թե՛ Բաքվում նույն դիրքորոշումն է առաջ տանելու։

«Կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին՝ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ` լինի դա Վաշինգտոնում, թե այլ վայրում»,- շեշտեց եվրոպացի դիվանագետը։ Նա նաեւ շեշտեց, որ իր երկիրը ողջունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համարձակ հայտարարությունը, որով նա ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նույնկերպ վարվելու կոչ Լահբիբն ուղղեց նաեւ Ադրբեջանի իշխանություններին։
«Այսօր տարբեր ձեւաչափեր են գործում, տարբեր երկրներ են ներգրավված բանակցություններում` Ռուսաստան, Իրան, ԱՄՆ, Եվրամիություն։ Ամենաբարձր մակարդակով բանակցությունները չեն պակասում, պակասում է դրանք տեղում իրականացնելու կամքը։ Ահա թե ինչու դեմառդեմ հանդիպումների ժամանակ մենք ընդգծել ենք փորձագետների հանձնաժողովների ներկայության անհրաժեշտությունը։ Այս մասին ես Բաքվում եւս կխոսեմ, որոնք կկարողանան վերջ տալ թշնամանքին եւ երկու ժողովուրդների միջեւ իրական հաշտեցման, վստահության հաստատման հնարավորություն կտան»,- հավելել է Բելգիայի գլխավոր դիվանագետը, ով Երեւանից հետո մեկնեց Բաքու։

Ի՞նչ եզրակացության կարելի է գալ Բելգիայի ԱԳ նախարարի ելույթից․ հայամետ դիրքորոշման, խոսքերի պակաս, կարծես, չզգացվեց։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մարդասիրական, եթե կուզեք՝ հայասիրական ելույթների պակաս երբեք էլ չի զգացվել ո՛չ Երեւանում, ո՛չ էլ Հայաստանի սահմաններից դուրս։ Նման էմոցիոնալ ու հայահաճո ելույթների իսկական հրավառություն եղավ օրերս՝ ՀՀ-ի խնդրանքով Արցախում տիրող հումանիտար ճգնաժամի հարցով հրավիրված ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստում։ Բայց․․․
Իրականությունն այն չէ, ինչ ասվում է բառացիորեն, այլ այն, ինչ խմորվում, գեներացվում է աշխարհի ուժային կենտրոններում, որոնց սուրհանդակները դիվանագիտական՝ հաճախ տողատակային լեզվով ակնարկում են բոլորովին այլ բանի՝ դառը ճշմարտության մասին։

Այո՛, Հաջա Լահբիբը նշեց, որ հայ-բելգիական հարաբերությունների զարգացման ներուժ կա, ոգեւորությամբ հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունում կբացվի Բելգիայի դեսպանատուն, եւ որ Ադրբեջանը պարտավոր է բացել Լաչինի միջանցքը։ Բայց Բելգիայի արտգործնախարարը նշեց նաեւ, որ «յուրաքանչյուր պետության պարտավորությունն է՝ իր բնակչության իրավունքը պահպանել, հայ բնակչության իրավունքն ու անվտանգությունը պետք է պահպանվեն»: Այսինքն՝ արցախահայությունը, ըստ նրա, փոքրամասնություն է Ադրբեջանի կազմում։ Ահա՛ նրա ասելիքի բուն մեխը․ խաղաղություն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ եւ ԼՂ հայության ինտեգրում Ադրբեջանի կազմում, մնացյալը, ինչպես ասում են, լոլոներ են։

Արա Ալոյան