Միջադեպ Զարթոնքում

Միջադեպ Զարթոնքում

Նախորդ գիշեր, ժամը 1-1։30-ի սահմաններում Զարթոնք գյուղում միջադեպ է տեղի ունեցել: Բնակիչները ոստիկանական մեքենաների ազդանշաններից ու աղմուկից դուրս են վազել ու ծեծված մի երիտասարդի տեսել: Զարթոնքի բնակիչ Գարիկ Կարապետյանն ասաց, որ ծեծվածը Սահակ Սահակյանն է: Թե ով է ծեծել եւ ինչ հանգամանքներում, չգիտի: Երիտասարդին՝ մարմնական վնասվածքներով, տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Գարիկ Կարապետյանի փոխանցմամբ՝ փաստի առիթով Սահակ Սահակյանը հայտարարություն է ներկայացրել ոստիկանության Մեծամորի բաժանմունք:

Զարթոնքցիները պնդում են, որ վեճերն ու անկարգությունները հրահրում են համայնքի նախկին ղեկավար Պարույր Սարգսյանի հարազատները: Պարույր Սարգսյանը թեեւ մեկ ամիս առաջ բնակիչների պահանջով ու փաստերի ճնշման տակ հրաժարական տվեց, բայց կրքերը գյուղում չհանդարտվեցին: 

Համայնքի նախկին ղեկավարի մերձավորների ու բնակիչների միջեւ բախումներ թույլ չտալու համար գյուղում նույնիսկ ոստիկանական շուրջօրյա հսկողություն է սահմանվել: 

Երեք ամիս է՝ ոստիկանները գյուղում են: Միջադեպն էլ, որ տեղի է ունեցել կեսգիշերն անց, զարթոնքցիների ասելով՝ ոստիկանների ներկայությամբ ու նրանց նսեմացնելու գնով է եղել:
«Բոլորը տեսան, թե ոնց Արգիշտին՝ նախկին գյուղապետի թոռը, ոստիկանական մեքենայի դուռը բացեց ու սեռական բնույթի հայհոյանքներ տվեց իրենց ծառայությունն իրականացնող ոստիկաններին»,- ասաց Զարթոնքի բնակիչ Սուրեն Պողոսյանը: 

Գյուղում վեճեր սադրելն ու ոստիկաններին անհարգալից վերաբերվելը, Գարիկ Կարապետյանի համոզմամբ, Զարթոնքի նախկին ղեկավարի թողտվությամբ է: Այդ մասին նույնիսկ զրուցել է Մեծամորի ոստիկանապետի հետ: 

«Ասել եմ՝ եթե ձեր գործողությունները լինեին համաչափ, եւ որոշ մարդիկ պատիժ կրեին, նման իրավիճակի մեջ չէինք հայտնվի: Պաշտոնյաներդ՝ կաբինետներում նստած, հարցեր եք լուծում, իսկ սերժանտները, որ 24 ժամ պաշտպանում են գյուղը, անպաշտպան են»,- ասաց Գարիկ Կարապետյանը:

Նախորդ գիշերվա միջադեպից հետո զարթոնքցիները հասկացել են՝ նույնիսկ ոստիկանների շուրջօրյա հսկողությունը չի կարող երաշխավորել իրենց հանգստությունը: «Արտոնյալները գյուղը Սիցիլիան են դարձրել, ոնց ուզում՝ անում են, որովհետեւ անպատիժ են»: