Հանուն հերոսանալու ուսանողները պետք է զոհվե՞ն

Հանուն հերոսանալու ուսանողները պետք է զոհվե՞ն

Ինչ հնարքների ասես, որ չեն դիմում՝ ուսանողական պայքարը արժեզրկելու և հեղինակազրկելու համար։ Բերում են անհիմն փաստարկներ, զբաղվում են ազգայնական դեմագոգիայով՝ պայքարողներին պիտակելով որպես բանակից խուսափող դասալիքներ, այն դեպքում, երբ պայքարողների մի զգալի մասը բանակում ծառայել է, իսկ մյուս մասն էլ աղջիկներ են։ Ամենածիծաղելի քննադատությունն այն է, երբ լուրջ դեմքի արտահայտությամբ հարցնում են, թե արդյոք բոլոր պայքարողները գիտնակա՞ն են դառնալու։ Խոստովանենք, որ պարզունակ իդիոտիզմը չափ ու սահման չունի։

Հիմա որ շատերը պայքարում են անտառների ապօրինի հատման արատավոր երևույթի դեմ, ի՞նչ է, նշանակում է, որ պետք է անտառագետ կամ էլ անտառի պահա՞կ դառնան։ Ինչո՞ւ մարդիկ չեն հասկանում, որ պայքարի համար անձնական շահախնդրությունը պարտադիր պայման չէ, մարդիկ կարող են պայքարել նաև հանուն արժեքների ու գաղափարների, հանուն մոտեցումների պաշտպանության և այլն։ Ամենալպրծուն հիմնավորումն այն է, երբ կիսագրագետ ինքնավստահությամբ գոռում են․ «Հայ տղամարդը պդի ծառայի»։ Խոստովանենք, որ «հայ տղամարդ» արտահայտությունը ազգայնական չսանձվող շիզոֆրենիայի համատեքստում բավականին ծիծաղելի բովանդակություն է ստացել։ Այսինքն՝ առաջինը իմաստվորում է երկրորդի գոյությունը, իսկ վերջինս՝ առաջինի։ Տեսեք՝ հայը «տղամարդ» է, իսկ տղամարդը պարտադիր կերպով՝ «հայ», այսինքն առանց մեկը մյուսի գոյություն ու իմաստ չունեն։ Կարծես թե ուզբեկը չի կարող տղամարդ լինել, իսկ տղամարդն էլ՝ ուզբեկ։ Տղամարդը հայն է և «պդի» ծառայի, որովհետև հայը տղամարդ է։ Զավեշտալի բառախաղ ստացվեց, բայց ահա այս անբովանդակ ազգայնական «իզվրաշենիան» է ընկած ռազմահայրենասիրության հիմքում։

Երեկ համացանցում մի լուսանկար տեղադրվեց (այն տեղադրված է նաև վերևում)։ Մի փոքր խոսենք դրա մասին։ Միանգամից արձանագրենք՝ դրա ենթատեքստում դրված բովանդակությունը պարզապես նողկալի է՝ մանրախնդիր սրբապղծություն։ Իբրև թե Ռոբերտ Աբաջյանը (խաղաղություն նրան) գնացել ու զոհվել է, իսկ դուք այստեղ՝ Երևանի կենտրոնում փորձում եք խուսափել բանակից։ Նկարի փիլիսոփայությունը ավելի հեռուն է գնում․ պատերազմի մասնակիցները զոհվել են, դուք էլ պետք է զոհվեք, քանի որ «մահ իմացեալ՝ անմահութիւն է»։

Այո՛, այդ շիզոֆրենիկ ազգայնականության տրամաբանությունը սահմանափակված է սահման պահելու և զոհվելու շրջանակներում։ Նրանք պաշտում են զոհերին, «զոհ լինի, որ հուզվեն ու փառաբանեն»։ Նրանք ողջերին սիրել չգիտեն, նրանք անկարող են բանակը, գիտությունը և քաղաքացիական պայքարը ըստ անհրաժեշտության ու կարևորության տարբերակել իրարից։ Եվ վերջապես, ինչպե՞ս կարելի է այս լուսանկարի երկու տարբեր իրականությունները հակադրել իրար։ Մի՞թե դժվար է հասկանալ, որ Երևանի կենտրոնում բողոքի ցույցի ելած ուսանողները ոչ պակաս հերոսներ են, քան՝ սահմանին կանգնածները։ Իսկ մեծ հաշվով, ոչ առաջինն է հերոսություն, ոչ էլ՝ երկրորդը։ Հանուն արժեքների պայքարը հերոսություն չէ, այլ սովորական՝ մարդկային վարքագիծ, սահման պահելը նույնպես հերոսություն չէ, քանի որ դա զինծառայողի քաղաքացիական պարտքն է։ Բայց եթե հարցը դիտարկում ենք հերոսության և ոչ հերոսության, բարու և չարի պարզունակ դիրքերից, ապա հստակ է․ պայքարող քաղաքացին իր գործով չի զիջում զինվորին, նույնիսկ՝ ավելին է անում։ Ավելին է անում, քանի որ առանց առողջ քաղաքացիական միջավայրի, առանց գիտության՝ զինվորը այլևս ոչինչ չի ունենա պաշտպանելու համար։

Պայքարողը պայքարում է գիտակցաբար, կամովին, իսկ զինվորը ընդամենը իր պարտքն է իրականացնում, իսկ մեծ մասն էլ՝ իրենց կամքին հակառակ և առանց գիտակցելու։ Ես՝ որպես ոչ վաղ անցյալում մարտական հերթապահություն իրականացրած զինվոր, ամենայն պատասխանատվությամբ կարող եմ նշել, որ շատերը սահման պահում են անգիտակցաբար, նույնիսկ հերոսանում են իրենց կամքից անկախ։ Չէ՛, ես ամենևին էլ չեմ փորձում իրար հակադրել այս չափազանց տարբեր իրականությունները, պարզապես քարացած, ֆետիշացված, բայց դատարկ բովանդակությամբ լցված իրականությունը պետք է կոտրվի։ Ներողություն եմ խնդրում բոլոր զինվորներից ու նրանց ծնողներից, բայց այս ցավալի ակնարկը պետք է մի օր գրվեր։