Չեմ մոտեցել, որովհետև հասկացել եմ, որ իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում

Չեմ մոտեցել, որովհետև հասկացել եմ, որ իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում

Նոյեմբերի 7-ից ԿԳՄՍ նախարարության դիմաց նստացույց անող ՀՅԴ երիտասարդները երեկ ժամանակավորապես դադարեցրին նստացույցը։ Նրանք, հիշեցնենք, պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Մոտ 15 օր այս ցրտին գիշերում էին նախարարության շենքի աստիճանների վրա՝ հետ չկանգնելով իրենց պահանջից։

Մեզ հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանն ասաց, որ նախարարությունից այս ընթացքում իրենց ոչ ոք չի մոտեցել ու չի զրուցել հետները՝ ո՛չ նախարարը, ո՛չ փոխնախարարներից որեւէ մեկը։ «Նախարարն էստեղով չի անցնում, փոխնախարարներին էլ էստեղ չեք տեսել, ամեն դեպքում՝ հայտարարությունների մակարդակով խոսվում է կառուցողական երկխոսությանը պատրաստվելու մասին, բայց դասախոսների հետ հանդիպումն այդ մասին չի վկայում»,- ասաց մեր զրուցակիցը։ Հայտնի է, որ նախարարն այս օրերին ետնամուտքով է մտել նախարարություն, մի քանի օր առաջ էլ բավականին երկարատեւ գործուղման է մեկնել Ռուսաստան, ապա՝ Բելգիա։

ԿԳՄՍ՝ մշակույթի գծով փոխնախարար Նարինե Թուխիկյանը, որի պատուհանի տակ են անմիջապես գիշերում երիտասարդները, մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն անցնում-դառնում է երիտասարդների կողքով, բայց չի մոտեցել երբեւէ։

«Չեմ մոտեցել, որովհետեւ ես լսել եմ, թե իրենք ինչ են ուզում, եւ հասկացել եմ, որ իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում։ Հիմա մեկ անգամ էլ ե՞ս հարցնեմ, որպեսզի համոզվեմ, որ իրենք չգիտեն՝ ինչ են ուզում։ Եվ հիմա երեւի արդեն չգիտեն ուղղակի էս իրավիճակից ոնց դուրս գան»,- ասաց տիկին Թուխիկյանը՝ բացահայտելով նախարարության վերաբերմունքը երիտասարդների պահանջների եւ այս շարժման նկատմամբ։

Նա ափսոսանք հայտնեց, որ իրենց նախարարության կողմից բավականին գործեր են արվում, բայց մարդիկ չեն տեսնում կատարվող փոփոխությունները եւ դիտավորյալ փնտրում են բաներ, որոնցից կառչում են։

«Օրինակ՝ ինչո՞ւ չի խոսվում օպերային թատրոնի լավ բեմադրությունների մասին կամ հրաշալի համերգների մասին, որ տեղի են ունենում, կամ շատ լավ ցուցահանդեսների, գրքերի մասին, որ տպագրվում են։ Ինչո՞ւ այս մասին հանրությունը չի իմանում, բայց իմանում է անհասկանալի ինչ-որ բաների մասին»,- դժգոհեց փոխնախարարը։ Անհասկանալին, փաստորեն, հայոց լեզվի ու պատմության դասավանդման պահանջն է, Մելի մասին ֆիլմի ֆինանսավորումը, «Եկեղեցու պատմություն» առարկան հանելը եւ այլն։

- Իրենց պահանջներն այն է, որ նախարարությունը որոշել է փոփոխություն մտցնել բուհական կրթության մասին օրենքում, որով ոչ պարտադիր են դառնալու հայոց լեզվի ու պատմության դասաժամերը բուհերում։ Դժգոհում են նաեւ նրանից, որ  նախարարն անում է բաներ, որը մեր ազգային ինքնությանն է դիպչում՝ տարատեսակ անհասկանալի ներկայացումներ ու ֆիլմեր։

- Դե, գիտե՞ք ինչ, ազգային ինքնություն ասելով՝ չգիտեմ ինչ են հասկանում։ Ես էլի եմ ասում՝ ինչո՞ւ իրենք, երբ որ համալսարաններում ստուգարքի գրքույկների մեջ կանաչ թղթադրամներով էին մտնում դասախոսների մոտ, այդ ժամանակ չէին բողոքում։

- Բայց նախկինների սխալները չեն արդարացնում նորերի հարուցած խնդիրները։

- Խնդիրը հենց սա է, որ խնդիր չի հարուցված։ Հիմա Դուք այդ բոլոր թեմաները, որ ասում եք, սրանք դեռ նույնիսկ նախագծի տարբերակներ չեն, աշխատանքային քննարկումներ են։ Կամ՝ ինչո՞ւ այդ նույն կրքոտությամբ չէին պայքարում այնտեղ դասախոսների դեմ, ինչո՞ւ, երբ որ մի երկու տարի առաջ, երբ Լեւոն Մկրտչյանն էր նախարարը, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետից դուրս եկավ այն արտահայտությունը, թե ի՞նչ վատ է, թող ռուսերենը երկրորդ պետական լեզու լինի, ինչո՞ւ բանասիրության ուսանողության մեջ էդ ինքնությունը հանկարծ չարթնացավ։

- Բայց այն ժամանակ դրա վերաբերյալ որեւէ օրենքի նախագիծ չի եղել, որ ռուսերենը պիտի դառնա երկրորդ պետական լեզու։

- Հիմա էլ ոչ մի բան չկա, հիմա ուղղակի աշխատանքային քննարկում է, ոնց որ հիմա մենք նստենք սեղանի շուրջ, բան քննարկենք, հետո դա ներկայացվի իբրեւ օրենքի նախագիծ։

- Այսինքն՝ հնարավոր է, որ նախարարությունը չներկայացնի՞ այդ օրենքի փոփոխությունը։

- Դա կրթության թեւը կասի, բայց ես վստահ եմ, որ ինչ որ այստեղ կատարվում է՝ թե՛ կրթության թեւում, թե՛ այս թեւում, կատարվում են հանրային մեծ լսումներով։ Հիմա մենք մի հարց որ ուզում ենք, ամենաանմեղ հարցը, ասենք՝ թանգարանների հետ կապված ինչ-որ խնդիր, մենք կանչում ենք, հրավիրում ենք էստեղ խումբ, որպեսզի քննարկենք միասին եւ հասկանանք՝ ինչ պիտի անենք։ Այստեղ միահեծան որեւէ որոշում չի կատարվում։