Վանեցյանի քաղաքական հայտը խիստ օգտակար կլինի ներքաղաքական կյանքում

Վանեցյանի քաղաքական հայտը խիստ օգտակար կլինի ներքաղաքական կյանքում

Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը նախօրեին փակեց նաեւ իր կենսագրության ֆուտբոլային էջը՝ հրաժարվելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։ Իսկ դա նշանակում է, որ նրան այլեւս ոչինչ հետ չի պահում քաղաքականություն մտնելուց։ Դեռեւս ԱԱԾ տնօրենի պաշտոնը թողնելուց հետո Վանեցյանը չէր բացառել քաղաքականությամբ զբաղվելու հավանականությունը։ Այնպես որ՝ հիմա բոլոր նախադրյալները ստեղծված են Վանեցյանի քաղաքական հայտ ներկայացնելու՝ իշխանության այլընտրանքը դառնալու համար։ Ընդ որում, դա արեց ինքը՝ իշխանությունը, նրան հարկադրաբար դուրս մղելով նաեւ ՀՖՖ նախագահի պաշտոնից։

Մեր տեղեկություններով, բազում քաղաքական շրջանակներ շատ ուրախ են այս փաստից, քանզի կարծում են, որ Վանեցյանը կարող է կոնսոլիդացնել ընդդիմությանը եւ ուժեղ ընդդիմադիր բեւեռ ձեւավորել երկրում եւ ինքն էլ առաջնորդել այն։ Մենք զրուցեցինք արտախորհրդարանական ուժերից մի քանիսի ներկայացուցիչների հետ։ Հայաստանի քաղաքական երկնակամարում հեղափոխությունից հետո ստեղծված «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի կարծիքով՝ քաղաքական գործընթացներն օրգանական գործընթաց են, եւ ի սկզբանե ասել, թե ինչ-որ մեկը կարող է հաջողության հասնել կամ չի կարող, հնարավոր չէ:

«Հնարավոր չէ պնդել, որ Վանեցյանը հենց այդ մարդն է, որին սպասում էր արտախորհրդարանական ընդդիմությունը, եւ ինքը պետք է գա, որ բոլորին միավորի, բայց միեւնույն ժամանակ չեմ բացառում, որ, ունենալով խարիզմատիկ ցուցանիշներ, որոշակի հանրային ճանաչման ռեսուրս, միգուցե կարողանա իր շուրջը կոնսոլիդացնել»,- ասաց նա։ Վանեցյանը, նրա դիտարկմամբ, նախ պետք է որոշի՝ ինչ բեւեռի հետ է համագործակցելու, որից հետո քաղաքական համագործակցության ձեւաչափերն էլ հայտնի կդառնան։ «Ի վերջո, քաղաքականությամբ զբաղվելը կուսակցական գործունեությունն է։ Չես կարող քաղաքականության մեջ լինել, բայց չլինել որեւէ կուսակցության, խմբի անդամ։ Բոլոր դեպքերում, նրա ելակետային տվյալները բավական լավն են, ամուր դիրքերի վրա են, մեկեւկես տարի պատասխանատու է եղել Հայաստանի անվտանգության համար, տիրապետում է բավական լուրջ տեղեկատվության՝ ռիսկերի, խնդիրների եւ այլնի վերաբերյալ, հետեւաբար, կարող է լինել խիստ օգտակար Հայաստանի ներքաղաքական կյանքում՝ ջրերի մաքրման (իսկ ջրերն այսօր պղտոր են), նաեւ արտախորհրդարանական ընդդիմության օրակարգի հստակեցման առումով»,- եզրափակեց Ղազինյանը։

Հանրապետական Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ քանի դեռ Արթուր Վանեցյանը քաղաքականությամբ չի զբաղվել, ինքը չի կարող գնահատել նրա շանսերը: «Դեռ նախ պետք է կուսակցություն ձեւավորի, գործունեություն ծավալի,- ասում է նա՝ շարունակելով։- Չեմ ուզում իր շանսերի մասին տեսական գնահատականներ հնչեցնել, որովհետեւ բաներ կան, որ համամիտ եմ Վանեցյանի ասածների հետ, բաներ կան, որ ոչ միայն համամիտ չեմ, այլեւ քննադատել եւ քննադատելու եմ»։ Մինչեւ Վանեցյանի քաղաքականամուտը, Շարմազանովը Վանեցյանից բազում հարցերի վերաբերյալ «անկեղծ» պատասխաններ է ակնկալում․ «Բոլոր այն հարցերի վերաբերյալ, որոնք նա վերջին հաղորդման ժամանակ անպատասխան թողեց, Նիկոլ Փաշինյանից ինչ հրահանգներ է կատարել, որ Հանրապետականը չի մտել խորհրդարան, որ Դավիթ Սանասարյանը, ով Փաշինյանի թիմակիցն է ու ասում է, որ Վանեցյանի գլխավորությամբ ընտրությունները կեղծվել են, ճի՞շտ է, թե՞ ճիշտ չէ, ու այսպես մի շարք հարցեր»։ Իսկ արտախորհրդարանական նոր բեւեռ առաջնորդելու հավանականության հարցին ՀՀԿ-ականն արձագանքեց նախկին էնտուզիազմով․ «Հանրապետականն իր լիդերն ունի։ Բոլորը միանում են Հանրապետականին ու նրա լիդերին, այսուհետ էլ է այդպես լինելու»։

«Ժառանգություն» կուսակցությունից, որը վերջին շրջանում պրոիշխանական գծի մեջ է, մեզ հաջողվեց խոսել Սուսաննա Մուրադյանի հետ։ «Գիտե՞ք, Ձեր հարցին ուզում եմ մի փոքր հումորով պատասխանել՝ եթե տարվա հրաժարական տվողի տիտղոսի մրցանակաբաշխություն լիներ, ապա Վանեցյանն 1-ին պատվավոր տեղը կզբաղեցներ, մի քանի ամսվա ընթացքում երկու կարեւոր պաշտոնից հրաժարական տալը բոլորին չէ, որ հաջողվում է: Իսկ եթե լուրջ՝ քաղաքական հայտ կարող է ներկայացնել յուրաքանչյուրը, սակայն, ցավոք, հայաստանյան իրականությունում քաղաքականությամբ զբաղվելը ոմանք դարձնում են միջոց՝ հերթական անգամ ձիու վրա հայտնվելու հույսով, ինչը ո՛չ ազնիվ է, ո՛չ էլ խելամիտ: Ինձ համար իր՝ որպես մասնագետի, որպես մարդու տեսակի կերպարի ցուցիչ էր Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված, այսպես կոչված, գործում իր չափազանց ակտիվությունը, իր գործոնը, ինչն ամենեւին չնպաստեց հանրային ընկալման մեջ իրեն դրական լույսի տակ տեսնելուն, ճանաչելուն, ընկալելուն: Անձամբ ես չեմ կարծում, որ ինքը հաջողություններ կունենա քաղաքական կյանքում»,- ասաց Մուրադյանը։