Հեղինակները փող են ստացել, ընտրվել գերագույն «ռաջայի» կողմից, որ դասագրքերը փչացնեն

Հեղինակները փող են ստացել, ընտրվել գերագույն «ռաջայի» կողմից, որ դասագրքերը փչացնեն

Հայ գրականության մի շարք առաջատար մասնագետներ, պրոֆեսորներ հանդես են եկել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին ուղղված բաց նամակով՝ խնդրելով շտապողականություն չդրսեւորել առարկայական չափորոշիչների հետ կապված: Նամակում մասնավորապես ասված է. «Բոլորիս հիշողության մեջ է այն աղմուկը, որ ոչ վաղ անցյալում՝ 2019-2020 թթ., նոր չափորոշիչների առաջադրմամբ տարածվեց հատկապես «Գրականություն» (7-9-րդ  դասարաններ), «Հայ գրականություն» (10-12-րդ դասարաններ), «Հայոց պատմություն», «Հայ եկեղեցու պատմություն»,  «Հասարակագիտություն» եւ այլ առարկաների շուրջ: Անտեսված էր գրապատմական մոտեցումը, խախտված էր գեղարվեստի արժեքային համակարգը, շրջանցված էր ազգային նշանակությունը... 10-12-րդ դասարանների «Հայ գրականություն» դասագրքից հանվել էր «Հայ» բառը: Առաջարկվում էր դասագրքային դարձնել ժամանակակից գրականության մեջ իրենց պատշաճորեն չդրսեւորած անհայտ հեղինակների: Հիմա «Հայ» բառը վերականգնվել է, բայց Հայ գրականության բովանդակային ընդգրկման վերաբերյալ լուրջ մտահոգություններ կան: Նշված առարկաների, ինչպես նաեւ որոշ բնագիտական առարկաների (օրինակ՝ քիմիայի) չափորոշիչները ենթարկվել են սոսկ թեթեւակի խմբագրման (վերջինները՝ նաեւ բարդացման): Այն, ինչ առաջարկվում է, լիարժեք ու անթերի չէ: Կարծես ամեն ինչ արվում է՝ կյանք մտնող երիտասարդությանը զրկելու ազգային ոգուց, դիմագծից, հիշողությունից ու լիարժեք գիտելիքներից: Առարկայական իմացությունների փոխարեն գերիշխում է մեթոդական կողմը:

Վերջերս հրապարակված առարկայական չափորոշիչները թերի են, քանի որ հիմնական եւ ավագ դպրոցում միայն 7-րդ եւ 10-րդ դասարաններն են: Մինչդեռ պետք էր հրապարակել նաեւ 8-9-րդ եւ 11-12-րդ դասարանների առարկայական չափորոշիչները՝ դասավանդվող նյութերի ամբողջական ընդգրկման մասին պատկերացում կազմելու համար:

Հրապարակված առարկայական չափորոշիչների վերաբերյալ արդեն իսկ կան խնդիրներ (դրանց վերլուծությամբ առիթ կունենանք հանդես գալու), ուստի՝ դրանց հիման վրա, առանց հաջորդ դասարանների առարկայական չափորոշիչների առկայության, դասագրքերի մրցույթ հայտարարելը մեծ հարված կլինի հանրակրթական դպրոցին, ազգային վտանգված վիճակին, հայ ժողովրդի գալիք օրվան:

Շտապողականությունն այս հարցում գործի օգտին չէ:
Առաջարկում ենք հարցի պարզ լուծում՝
ա) հրապարակել հանրակրթական դպրոցի առարկայական չափորոշիչներն ամբողջությամբ՝ I- XII դասարաններ
բ) առայժմ դասագրքերի մրցույթ չհայտարարել
գ) առարկայական չափորոշիչները դնել հանրային շահագրգիռ քննարկման
դ) քննարկումն ամփոփել մասնագետների ու արհեստավարժ մանկավարժների մասնակցությամբ եւ նոր միայն գործադրել»:

Նամակը ստորագրած` բանասիրական գիտությունների դոկտոր, ԵՊՀ հայ նորագույն գրականության եւ գրաքննադատության ամբիոնի պրոֆեսոր Ժենյա Քալանթարյանի համար պարզ չէ, թե որ դասարանում ինչ են անցնելու եւ ինչի հիման վրա։ «Այս խնդիրը դեռ պարզաբանված չէ, օրինակ, ինչո՞ւ ժամանակագրական սկզբունքը չի պահպանվում: Գրականությունն այն առարկան է, որ ամենից շատ է կապված պատմության հետ, ի վերջո՝ պատմությունն է արտացոլվում այդ գրականության մեջ, իսկ դուք ժամանակից կտրում եք: Այսպես չի լինի, ում մտքով ինչ անցնում է, առանց մասնագիտական հանրության հետ որեւէ զրույց, քննարկում անցկացնելու, կազմում է: Մի անգամ քննադատեցինք, թվում էր, թե ինչ-որ բան պետք է ուղղվի, բայց` ոչ: Ի վերջո, մենք չգիտենք՝ մասնագիտական հանրությունն ինչպես է ընդունել եւ արձագանքել դրան, որտեղ են կազմակերպել քննարկումներ»,-ասում է Ժ. Քալանթարյանն ու ընդգծում, որ իրեն նախարարության կողմից կազմակերպված որեւէ քննարկման չեն հրավիրել, մինչդեռ ինքն ու իր պես շատերը 30 տարի շարունակ հանդիսացել են տարբեր դասագրքերի հեղինակ. «Գուցե բարեհաճեին հարցնել կամ ասեին` այսինչ տեղը սխալ է արվել, մենք մեր անձնական շահի համար չենք խոսում, դա չէ խնդիրը, բայց գոնե կասենք, որ այդ գրքերում այս-այս բաները վատ են, պետք է փոխվեն: Սրանք նաեւ գլոբալիզացված աշխարհի մարտահրավերներ են, իսկ այդ գլոբալացմանն ուղիղ հակառակ ընթանում է նաեւ ազգային ինքնությունների սրման խնդիրը»: 

Շատ լավ է համաշխարհային գրականության իմացությունը, բայց, ըստ մասնագետի, դրա ճանապարհն ազգայինի միջով է գնում. «Ես, օրինակ, չգիտեմ, թե ինչու հայկական էպոսը չկա 10-րդ դասարանի ծրագրում, որովհետեւ ավագ դպրոցի գրականության պատմությունը սկսվում է 10, 11, 12-րդ դասարաններում: Տրամաբանությունը ո՞րն է: Շատ փոփոխություններին տեղյակ չենք, Նարեկացուն տանում են 12-րդ դասարան, ինչ է՝ կապ չունի՞, թե երբ է տվյալ հեղինակը ծնվել: 12-րդ դասարանում, երբ Պարույր Սեւակ կամ Հրանտ Մաթեւոսյան են անցնում, Նարեկացին նրանց զուգադրությամբ անցնելու հեղինա՞կ է, ինչպե՞ս կարելի է նրան 20-21-րդ դարի հեղինակների շարքում ուսուցանել: Ժամանակագրությունը կարեւոր բան է»: 

Քալանթարյանը չգիտի, թե ովքեր են այդ չափորոշիչների հեղինակները, բայց ենթադրում է. «Հավանաբար, նախարարության աշխատակիցներ են, բայց թե նրանք ինչ վաստակ ունեն, նրանց աշխատանքները որտեղ են երեւացել, որեւէ մանկավարժական հիմնարկի կարծիք ունե՞ն այդ չափորոշիչները գրելիս: Մենք փոքր ազգ ենք եւ չենք կարող գրկաբաց հրաժարվել մեր ինքնությունից, առանց այն էլ այդ հրաժարումները տանում են ողբերգական հետեւանքների, այս համաշխարհայնացման պրոցեսում մենք մեր ինքնությունն ավելի պետք է շեշտենք, իսկ եթե պետք չէ այդ ինքնությունը, ուրեմն դասագրքերն էլ են ավելորդ»:           

ԳԱԱ ՊԻ առաջատար գիտաշխատող, բ. գ. դ., պրոֆ. Դավիթ Գասպարյանն ասում է՝ խնդիրն այն է, որ թերի է ներկայացված դասարանների հաջորդական ծրագրային նյութը. «Չգիտես, թե հաջորդ դասարանում ինչ կլինի, կամ հանկարծ պարզում ես, որ Րաֆֆին լրացուցիչ ընթերցանության համար է, 10-րդ դասարանը սկսվում է Աբովյանով, հետո միջնադարյան մի քանի անուն է, ու «Սասունցի Դավիթը» չկա... թերություններ շատ կան, ոչ միայն ժամանակագրական սկզբունքն է խախտված, այլ նաեւ բովանդակային նյութը: Գրել են «Հայ գրականություն» ու դրա տակ ինչ ասես լցրել են, բացի Հայ գրականությունից: Կան նաեւ պակաս հեղինակներ, օրինակ՝ 7-րդ դասարանում այլեւայլ նյութերի հետ մեկտեղ կային նաեւ Հրանտ Մաթեւոսյան, Մուշեղ Գալշոյան, բայց հիմա այդ 2 հեղինակների անունները չկան: Թերությունները սոսկալի են»: 

Ըստ նրա՝ անթույլատրելի է առանց 1-12-րդ դասարանների ծրագրերը հրապարակելու դասագրքերի մրցույթ հայտարարել. «Նախ՝ մասնագետը պետք է իմանա, թե այս դասարանում ինչ կա, մյուս դասարանում` ինչ, 7-ինը տեսանք, բա 8-ում, 9-ում ի՞նչ կա․ պետք է այդ ամբողջական պատկերը դրվի հանրության առջեւ, եւ մարդը տեսնի, թե ինչ են անում: Ընդ որում, սա արվում է 10 տարվա կտրվածքով, եւ դասագիրքն էլ 10 տարվա կյանք պետք է ունենա»:

Դ. Գասպարյանն ասում է` նախարարության կազմակերպած քննարկումները Ծաղկաձորում կամ որեւէ այլ տեղում դեռ հանրային քննարկում չեն։ «Դա ընդամենը համակիր խմբերի խմբային քննարկում է, որ գնում-հավաքվում են Ծաղկաձորում, ուտում-խմում են, ասում են` լավ է, ու գալիս են: Հանրային քննարկումն այն է, որ ամբողջ ազգը թե՛ ներսում, թե՛ դրսում մասնակից լինի, ընդ որում՝ այդ դասագրքերն ուղարկվում են նաեւ Վրաստան եւ Իրան: Իսկ մեր ուզածը շատ պարզ բան է` հրապարակայնություն տալ հարցին, չշտապել դասագրքերի մրցույթ հայտարարելու հարցում,- ասում է նա ու նկատում, որ հեղինակները թեպետ հայտնի չեն, բայց ակնհայտ է, որ պատահական մարդիկ էլ չեն։- Նրանց 3 տարի շարունակ փողը տվել են, լավ վարձատրել են, իբր թե իրենք ընտրվել են այդ գերագույն «ռաջայի» կողմից, որ դասագրքեր փչացնեն, եւ հիմա դրա արդյունքը սա է: Մենք գնում ենք դեպի անգիտելիք ուսուցում, թեթեւացում, անլրջացում: Մեր բաց նամակը նպատակ ունի կասեցնել դասագրքերի համար հայտարարվող մրցույթը, նախ` բովանդակային հարցերը ճշտենք, կարգավորենք, նոր` մրցույթ հայտարարենք»։ Գասպարյանն ընդգծում է, որ նամակը ստորագրել ցանկացողները շատ էին, բայց ընտրել են նեղ մասնագիտական մի շրջանակ, որի անունից էլ խնդիրները հասցեագրել են ոլորտի պատասխանատուին: