Առանց թույլտվության հանքը շահագործվում է

Առանց թույլտվության հանքը շահագործվում է

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն ոսկու մշակման համար ֆաբրիկա է կառուցել հանքի տարածքում, որտեղ մշակվում է հումքը, սակայն որի համար ընկերությունը չունի շինթույլտվություն: Իսկ ոսկու վերամշակման ֆաբրիկայի եւ հանքից արտահոսող ջրերը լցվում են Մարմարիկ գետը: Մեր զրուցակիցն ասաց, որ ոսկու մշակման ֆաբրիկան ոչ միայն անօրինական է կառուցված, այլեւ վտանգավոր է: «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն մտադիր էր 17 տարով երկարաձգել ընդերքօգտագործման թույլտվության ժամկետը, որը լրանում է 2023թ. սեպտեմբերին: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը 2022թ. հուլիսի 27-ին բացասական եզրակացություն է տվել Մեղրաձորի ոսկու հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը: Անտառային կոմիտեն եւս իր ներկայացրած հաշվետվությունում նշել էր, որ ընկերության կողմից հանքավայրի շահագործումն անտառային հողերում նպատակահարմար չէ: 

Դատալեքսից տեղեկացանք, որ «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն դատական կարգով վիճարկում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի 2022թ. հունիսի 21-ի թիվ 2018-Ա հրամանը, որով մերժվել է Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրի օգտակար հանածոյի ընդերքօգտագործման թույլտվության ժամկետի երկարաձգման վերաբերյալ ընկերության դիմումը: Բացասական եզրակացությունից հետո արդյո՞ք շահագործվում է հանքը, եւ ոսկու մշակման համար կառուցված ֆաբրիկան ունի՞ համապատասխան թույլտվություն։ Փորձեցինք այս հարցերի պատասխանը ստանալ ընկերության տնօրեն Վարդան Մարգարյանից, սակայն չհաջողվեց կապ հաստատել նրա հետ:

«Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ ներկայացուցիչ Արսեն Թավադյանը հրաժարվեց մեր հարցերին պատասխանելուց. «Այդ ընկերության հետ կապված ոչ մի հարցի ես չեմ պատասխանի, մի շարունակեք»: Մեղրաձոր համայնքի վարչական ղեկավար Վոլոդյա Հովհաննիսյանին հարցրինք՝ այս պահին Մեղրաձորի ոսկու հանքը շահագործվո՞ւմ է։ «Հա, աշխատում է»: Նախարարության կողմից տրված բացասական եզրակացությունից հետո աշխատո՞ւմ է։ «Մասնակի կարող է աշխատեն, կարող ա հանքերը չեն աշխատում, ես չեմ տիրապետում ինֆորմացիայի: Պահակները գնում-գալիս են»: Հետաքրքրվեցինք՝ հանքի աշխատողները գյուղացինե՞րն են։ «Հիմա գյուղից շատ քիչ մարդ է աշխատում, նորից պետք է հանրային լսումներ լինեն, որ հասկանանք՝ ինչ կլինի։ Ավելի լավ է՝ Դուք տնօրենի հետ խոսեք, ամեն բան կասի»: 

«Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն գրանցվել է 2010 թ․ սեպտեմբերի 8-ին, սակայն ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը ստացել է ընկերության գրանցումից երկու տարի անց՝ 2012թ․ օգոստոսին։ Հանքի միանձնյա սեփականատերը Վարդան Մարգարյանն է: