Կարծում եմ, որ ես կվերադառնամ առողջապահության համակարգ.  Լարիսա Մադոյան

Կարծում եմ, որ ես կվերադառնամ առողջապահության համակարգ.  Լարիսա Մադոյան
Լարիսա Մադոյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լարիսա Մադոյանն ազատվել է Կոտայքի փոխմարզպետի պաշտոնից:  Նա պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի հուլիսից:
 Մադոյանը  ԲՀԿ անդամ է,  նախքան փոխմարզպետի պաշտոնին նշանակվելը,  եղել է  «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ տնօրենը։  ԱԺ-ի նախորդ ընտրություններում  ԲՀԿ-ի կողմից  առաջադրվել էր ռեյտինգային ցուցակով։

Փոխմարզպետի պաշտոնը  քաղաքական-հայեցողական պաշտոն է։ Թավշյա հեղափոխությունից հետո ԲՀԿ-ի և ՔՊ-ի միջև համաձայնության կառավարություն ձևավորվեց, այդ ժամանակ պայմանավորվածություն եղավ, որ որոշակի տեղերում պետք է ԲՀԿ ներկայացուցիչ լինի, այդ թվում՝  Կոտայքի մարզպետարանում  փոխմարզպետներից մեկը պետք է ԲՀԿ-ից լիներ։
Մեր տեղեկությաններով՝   Մադոյանը աշխատանքից ազատվել է քաղաքական որոշման  արդյունքում,  նա իշխող կուսակցության թիմից չէ, եւ ԲՀԿ քվոտայով պաշտոնյայի առկայությունը Կոտայքի մարզպետարանում  այդքան էլ նպատակահարմար չի եղել:    

Լարիսա Մադոյանին հարցրինք՝  աշխատանքից ազատվել է քաղաքական որոշման արդյո՞ւնքում. «Վարչապետի որոշման մեջ գրված է,  թե օրենքի ո՞ր հոդվածով եմ ազատվել աշխատանքից: Այդ  որոշման մեջ չկա, որ քաղաքական որոշում է դա»,-ասաց Մադոյանը:  Թե հետագայում ի՞նչ գործունեություն կծավալի, Մադոյանն ասաց.  «Դեռ չեմ որոշել, կարծում եմ, որ ես կվերադառնամ առողջապահության համակարգ»: