Լրագրողներին փնովելը մոդայիկ է դարձել

Լրագրողներին փնովելը մոդայիկ է դարձել

Միանգամայն համաձայն եմ մեղադրանքների հետ՝ ուղղված լրագրողներին, որ պարզունակ ենք, որ չենք խորանում նյութի մեջ, որ մակերեսային հարցեր ենք տալիս, սեւեռվում ենք անկարեւոր մանրուքների վրա՝ աչքաթող անելով ամենակարեւորը։ Բայց նաեւ դեմ եմ, երբ լրագրողներին թիրախավորում են եւ մեր երկրի ու հասարակության բոլոր մեղքերը բարդում նրանց ուսերին։ Ի վերջո, լրատվամիջոցները հասարակության հայելին են, լրագրողներն էլ՝ այդ հասարակության մի մասնիկը։ Եթե երկիրը խառնաշփոթի մեջ է, որտեղ թացը չորի հետ վառվում է։ Եթե հասարակությունը շփոթահար է եւ չի տարբերում լավը վատից, կարեւորը՝ անկարեւորից։ Եթե հասարակական մի հսկա շերտ անկիրթ է ու կարդալ չի սիրում։ Եթե մարդիկ մանրախնդիր են ու պրիմիտիվ․․․լրատվամիջոցները չեն կարող քաղաքագիտական բարձունքներ նվաճել, բարձր ու վսեմ թեմաներից խոսել, մասնագիտական խոր հարցեր քննարկել կամ պոզներական հարցազրույցներ անել։

Նախ, դրա համար համապատասխան լսարան եւ հանրային պահանջ է հարկավոր։ Մեզանում կարդում են-լսում են հիմնականում պարզունակ տեքստեր եւ սկանդալային նյութեր։ Քիչ թե շատ աշխատած հոդվածն ու հետաքննությունը շատ փոքր լսարան ունի։ Եվ լրագրողներն էլ՝ որպես հասարակության ծոցից ելած անհատներ, շատ խորանալու, հետեւողական ու հետաքրքիր լինելու անհրաժեշտությունը չեն տեսնում, երեւի՝ նաեւ անկարող են։ Արդյունքում ստացվում է՝ «он тебя назвал земляным червячком» տիպի հարցադրումներ, որոնք ավելի շատ սադրելու նպատակով են տրվում, մեկին մյուսի դեմ հանելու, քան որեւէ լուրջ պատասխան ստանալու։ Գուցե երբեմն արդյունքում նաեւ հաջողվում է կռիվ «հրահրել» տարբեր գործիչների միջեւ եւ բացահայտել, ասենք, ներիշխանական ինտրիգները կամ ներանձնային պրոբլեմները։ Բայց դա չէ իրական լրագրությունը, եւ հենց իրենք՝ լուրջ լրագրողներն էլ դիսկոմֆորտի զգացում ունեն, որ լուրջ հրապարակումներով հանդես չեն գալիս, այլ մակերեսային ու պարզունակ գործ են անում՝ բավարարելով ընթերցողի եւ դիտողի պահանջները։

Սակայն եթե լրատվադաշտում կան մի տասնյակի չափ լուրջ, իրենց գործն իմացող, հետաքրքիր հրապարակումներ անող լրագրողներ, ապա կարելի է հանգիստ խղճով ասել, որ լրատվադաշտն իր դերը կատարում է։ Որովհետեւ եթե երկրին հարկավոր են տեսաբան-ֆիզիկոսներ եւ պատմաբան-գիտնականներ, ապա չի նշանակում, թե պետք չեն հմուտ խառատներ, կահույքագործներ, հացթուխներ, որոնք, առաջին հայացքից, ֆիզիկական ու սեւ գործ են անում, բայց հանրային կյանքում կարեւոր դերակատարում ունեն։ Եվ պրոֆեսիոնալ լրագրողն ու դիկտոֆոնով սկանդալային հարցեր տվող լրագրողներն իրար լրացնում են՝ բավարարելով հանրային բոլոր շերտերի հետաքրքրությունը եւ ապահովելով բավարար տեղեկացվածություն։

Ընդհանրապես, եթե հասարակությունը լիներ ազնիվ ու գնահատող, ապա պետք է փնովելու արանքում մեկ-մեկ էլ լրագրողներին գովաբաներ։ Գնահատեր նրանց ակտիվ ու պրպտուն աշխատանքը, նկատեր, որ այս դաշտն իրականում բավականին կայացած է, բազմազան, բոլոր շերտերի համար կա ընտրության հնարավորություն․ չես ուզում «Հրապարակ» կարդալ, խնդրեմ՝ կարդա «ՀԺ», «Առավոտ», «Սիվիլնեթ» կամ «Ֆակտոր», չես դիտում Հ1, կարող ես հետեւել «Արմնյուզի», «Երկիր մեդիայի» կամ Հ2-ի աշխատանքին։ Չես սիրում Վահե Մակարյանին, կարող ես Լուսինե Շահվերդյան կարդալ կամ՝ Նելլի Գրիգորյան ու Հռիփսիմե Ջեբեջյան, Թաթուլ Հակոբյան ու Վարդան Հարությունյան։

Բայց ինչ-որ պահից, իշխանությունների թեթեւ ձեռքով կամ լրատվամիջոցների թիրախում հայտնվող մարդկանց ջանքերով լրագրողներին սկսեցին պիտակավորել ու մեղադրել ամեն ինչում՝ կարծես երկիրն այս վիճակի հասցնողները մենք ենք, եւ պետական ապաշնորհ կառավարումն ու բյուջեից սնվող պետական տգետ պաշտոնյա լինելն ավելի փոքր մեղք է, քան թերուս ու մակերեսային լրագրող լինելը։ Եվ այդ մարմաջը վերածվեց սովորույթի՝ փնովել լրագրողներին, ամեն ինչում մեղադրել նրանց։ Անգամ գերիների հարազատները սկսեցին մեզ մեղադրել, որ գերիներին չեն բերում։ Երկրում ներդրումներ չեն արվում՝ լրագրողներն են մեղավոր՝ ամեն ինչ սեւացնում են։ Անկումային տրամադրություններ են տիրում երկրում՝ նորից լրագրողների մեղքն է։ Ցանկացած պաշտոնյայի, գործչի մասին գրված հրապարակումը, եթե նրա սրտով չէ, կարող է դառնալ պատճառ, որ նա, նրա հարազատները, շրջապատը սպառնալիքներ տեղան, հերքում պահանջեն, դիմեն դատարան, եթե անգամ հրապարակումը ճշմարիտ է ու արդարացի։

Եվ եկավ մի պահ, որ հասարակությունն ուղղակի լրագրողներին զրկեց սխալվելու շանսից։ Ամեն չնչին վրիպակ կարող է մի այնպիսի վայնասուն բարձրացնել, որ կթվա՝ բոլոր մյուս համակարգերը մեզանում անթերի են աշխատում, միայն լրագրողներն են այսչափ տգետ ու վնասակար։ Իհարկե, տասնամյակներով լրագրողներին վարկաբեկելու քաղաքականություն է տարվել, եւ ամեն ինչ արել են, որ սեւացնեն մեր դաշտը։ Դրան հասել են նաեւ ճ կլասի լրատվամիջոցներ եւ «պերֆեկթիվիներ» ստեղծելով, որոնք դաշտը մխտռել են այնպես, որ մարդիկ չկարողանան տարբերակել՝ որն է իրական լրատվամիջոցը, որը՝ լրատվական աղբը։ Որտեղ է լրագրողական ռիսկի ու սխալի թույլատրելի չափը եւ որտեղ՝ միտումնավոր մանիպուլյացիաներն ու խարդավանքները։
Եվ այնպես է ստացվել, որ իրական լրագրողներն արդեն սկսել են վախենալ՝ համարձակ արտահայտվել եւ սուր հոդվածներ գրել։ Երբ բոլորը լրագրող են, եւ սուտն ու ճիշտն իրար են խառնվել, երբ բոլորը քննադատում են եւ լրագրողի փեշակն իր ձեռքից խլում, լրագրողներին ոչինչ չի մնում, քան քաշվել մի կողմ եւ լռել։

Սվետա Մարտիրոսյան