166 էջ պարզաբանում՝ 176 էջանոց դասագրքին

166 էջ պարզաբանում՝ 176 էջանոց դասագրքին

«Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ-ն օրեր առաջ հրապարակեց 100-ից ավելի գիտնականների եւ մասնագետների պահանջ-հայտարարությունը՝ ուղղված ամիսներ շարունակ մեծ աղմուկ հանած «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքը խոտանելուն։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է․  «Մասնակի շտկումներից հետո դասագիրքը շրջանառության մեջ թողնելու ՀՀ ԿԳՄՍ նախարարության որոշումը, ինչպես նաեւ հեղինակի եւ այլ անձանց կողմից արված ոչ մասնագիտական, հիմնազուրկ եւ սուբյեկտիվ մոտեցումներն ու մեկնաբանությունները կանխակալ են, մակերեսային եւ անհեռատես: Ուստի, այլեւս հարկ չենք համարում կրկին պատասխանել դրանց եւ/կամ ներքաշվել անպտուղ քննարկումների ու բանավեճերի մեջ: Շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը միտված է Հայոց ինքնության մի շարք կարեւոր հիմնասյուների խաթարմանը, չի կարող նպաստել պետականակենտրոն մտածելակերպով քաղաքացու ձեւավորմանը, ակնհայտորեն զուրկ է գիտական, շաղկապված, հաջորդական շարադրանքից եւ մեթոդաբանական պատշաճ հենքից, հակասում է սովորողների՝ հիմնավոր, հավաստի եւ որակյալ կրթություն ստանալու սկզբունքին եւ, ըստ այդմ, չի կարող որպես դասագիրք կիրառվել հանրակրթական դպրոցներում եւ րոպե առաջ պետք է խոտանվի»:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ԿԳՄՍ նախարարությունը 3-րդ կողմի՝ անկախ փորձագետների դիտարկումներն ուղարկել էր դասագրքի հեղինակին, ով պետք է ծանոթանար դրանց եւ դասագիրքը համապատասխանեցներ բոլոր կողմերի դիտարկումներին։ 

Պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանը ծանոթացել է հեղինակի վերջին դիտարկումներին, որոնք այս անգամ եւս ներկայացված են մեծածավալ ամփոփաթերթով։ Ու եթե հեղինակի՝ առաջին անգամ արված պարզաբանումները կազմում էին 133 էջ, այս անգամ նրա դիտարկումները 166 էջ են։ «Ինձ ուղարկել են, ծանոթացել եմ, բայց համացանցում տեղադրված չեմ տեսել։ Թռուցիկ հայացքով որ նայեցի, սա կարծես ավելի ընդարձակ է ստացվել՝ 166 էջ, այսինքն՝ դասագրքից 10 էջ պակաս, որովհետեւ բուն դասագիրքը 176 էջ է, իսկ 166 էջ էլ՝ վերջին դիտարկումների պատասխանները։ Այստեղ հեղինակը տեղ-տեղ փորձել է հակադարձել կամ պաշտպանվել, բայց, ամեն դեպքում, մեծ մասի դեպքում նշված էր, որ հեղինակի դիրքորոշումն ընդունելի է, հեղինակի կարծիքը հաշվի կառնենք․․․։ Այսինքն՝ նախկին դիմադրությունը, սեփականը պնդելու ցանկությունն այլեւս կարծես չկա․․, բայց էլի անհասկանալի իրավիճակ է, լավ, այսքանն էլ եղավ, հետո՞․․․ այդ 166 էջը՝ տասնյակ սխալներով ու անճշտություններով, վեր եք հանել, գրել եք՝ ընդունելի է, հետո ո՞նց է փոխվելու դասագիրքը, ուսումնական տարին արդեն վերջանում է։ Նորից եմ կրկնում՝ տպավորություն է, որ նախարարությունն ուղղակի ժամանակ է ձգում՝ ժամանակ շահելու համար։ Ի՞նչ պետք է լինի, որ նախարարությունն ի վերջո հասկանա, որ դասագիրքը շրջանառությունից պետք է դուրս բերվի»,- ասում է Ա․ Մալոյանն ու նկատում, որ ամփոփաթերթում բացակայում է, թե ովքեր են դասագիրքը փորձաքննած 3-րդ կողմի անկախ փորձագետները։