Ճշմարտության «կեսը»

Ճշմարտության «կեսը»

Օրեր առաջ՝ օգոստոսի 9-ին, Ռուսաստանի Դաշնության Պրիմորիեի երկրամասի կենտրոն Վլադիվոստոկ քաղաքում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որի շրջանակներում ռուսական Brams Oil ընկերության նավերից մեկն անվանակոչվեց հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի անունով: Ըստ Ա. Բաբաջանյանի անվան միջազգային հիմնադրամի պրոդյուսեր Արմեն Սարգսյանցի՝ նախաձեռնությունն իրականացվել է մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 100-ամյակին ընդառաջ, որը լրանալու է 2021 թվականի հունվարին:

Հայաստանում, որտեղ մշակութային հոբելյաններ նշելու ավանդույթն արդեն ոչնչացման եզրին է (հատկապես եթե դրսի աչքի համար նկատելի է դրանց ազգապահպան բովանդակությունը), որտեղ մշակույթի մեծերի համար ոչ թե հոբելյանական միջոցառումներ են կազմակերպվում, այլ կրթական այնպիսի «միջոցառումներ», որոնցով հայ գրականության եւ արվեստի գործիչները դուրս են թողնվում հանրակրթության ծրագրերից, դասագրքերից՝ մատնվելով մոռացության, բնականաբար, Ա. Բաբաջանյանի հոբելյանական 100-ամյակը եւս պետականորեն նշելու մասին խոսք չկա: 
Բայց իշխանական քարոզչամեքենան չի վարանում այն, ինչ արվում է դրսում մեր հայրենակիցների նվիրումի ու միջոցների հաշվին, ներկայացնել նաեւ որպես սեփական «արած» գործ, իբրեւ ձեռքբերում: Եվ այս իմաստով Ա. Բաբաջանյանի անունով նավն անվանակոչելու պատմությունը  հատկանշական է: Ավելի ճիշտ՝ հատկանշական է այդ պատմությունը հայ լսարանին մատուցելու իշխանական քարոզչամեթոդիկան:

«Հայկական ժամանակ» իշխանական օրգանը վերոգրյալ պատմությունը ներկայացնում է՝ տեղեկատվական տեքստի գլխավոր «գործող անձ» ներկայացնելով ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին, այդկերպ՝ ՀՀ իշխանություններին: Այնուհետեւ տեքստում «հրապարակ» է բերվում Ա. Բաբաջանյանի անվան միջազգային հիմնադրամի պրոդյուսեր Արմեն Սարգսյանցը: Եվ՝ վերջ:
Ու զարմանալիորեն ոչ մի խոսք այն մարդու մասին, ում մտահղացմամբ եւ միջոցներով է հնարավոր դարձել այս կարեւոր միջոցառումը կամ բուն անվանակոչությունը: Ճշմարտությունն այն է, որ հայ կոմպոզիտորի հիշատակն այդկերպ հավերժացնելու գաղափարն ու նախաձեռնությունը ոչ միայն ՌԴ-ում ՀՀ դեսպանատանն է, այլ նաեւ նավի սեփականատեր, գործարար Կարեն Առուշանյանինը, որին էլ, ի դեպ, պատկանում է Brams Oil ընկերությունը: