Փակ շուկայի գետնանցումը՝ առեղծված․ ո՞վ է խաբել է երեւանցիներին (լուսանկարներ)

Փակ շուկայի գետնանցումը՝ առեղծված․ ո՞վ է խաբել է երեւանցիներին (լուսանկարներ)

Մաշտոցի պողոտայի փակ շուկայի վերջերս վերանորոգված գետնանցումը կրկին վերածվել է շինհրապարակի։ Երեւանցիները չհասցրեցին վայելել իրենց փողերով սարքած գետնանցումը, որի հիմնանորոգման աշխատանքների համար համայնքային բյուջեից շուրջ 50 մլն դրամ էր հատկացվել։ Գետնանցումը շահագործման հանձնվեց Երեւանի ընտրություններից առաջ` փետրվարի 16-ին: Տիգրան Ավինյանի ձեռքով կարմիր ժապավենը կտրելուց շուրջ 1 տարի անց պարզվեց՝ քաղաքապետարանը խաբել է, թե ջրահեռացման համակարգ է տեղադրվել։ Առաջին իսկ հորդառատ անձրեւից հետո գետնանցման տակ լիճ էր կապել, այսինքն, աշխատանքներն իրականացվել էին` առանց ջրահեռացման համակարգ կառուցելու։ Սա դեռ քիչ է, վերանորոգված անցման առաստաղը պլոկվել է, պատերին խոնավության հետքեր են: Լուսանկարներում երեւում է, թե ինչքան խնդիրներ կան հիմա այդ անցումում՝ պատերին աղի հետքեր, գետնին ջրի գոլեր, քանդվող առաստաղ։ 

Անցումի հիմնանորոգումը համատեղ իրականացրել են «Բիլդր Քնսթրաքշն» ՍՊԸ-ն եւ «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ն, իսկ աշխատանքների նկատմամբ հեղինակային հսկողություն իրականացրել է «Հազարաշեն» ՍՊԸ-ն։

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ  նախագծում ի սկզբանե ջրահեռացման համակարգ եւ հեղեղատարի կառուցում նախատեսված չի եղել։ «Քանի որ դա ԽՍՀՄ տարիներին կառուցված գետնանցում է եղել, արխիվային փաստաթուղթ չկա, թե այդտեղի հեղեղատարերը որ ուղղությամբ է գնում, չգիտեինք` ջուրը որտեղից պետք է հեռացվեր։ 50 միլիոն դրամի շրջանակներում հնարավոր չի եղել նոր նախագիծ իրականացնել։ Փաստացի այդքան գումարով բոլոր աշխատանքներն իրականացվել են», - ասաց Կոստանյանը։

Մինչդեռ Երեւանի քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության այդ ժամանակվա պետ Խորեն Գրիգորյանը շինհրապարակում` մատնացույց անելով անցման նախկին ջրահեռացման համակարգը, փաստում էր, որ 90-ականներին կառուցված անցումն ունեցել է ջրահեռացման համակարգ, ապա գլուխ էր գովում, թե տարիների աղբը հեռացրել են, ամեն մի ջրային անցումից 2-3 մեքենա աղբ են հանել եւ համակարգը նորմալ աշխատում է։ Գրիգորյանը նաեւ ընդգծում է նոր ծածկահովանների կարեւորությունը, թե դրանք խոնավությունից ու ջրից պաշտպանող միջոց են։ «Հովաններ ենք սարքում բոլոր չորս մուտքերի մոտ, որ անձրեւատարերի խնդիր չլինի»,-ասում է նա` տեսանյութում։ 

Անցման տակ առեւտրային տաղավարներ են լինելու, ինչը ենթադրում է, որ զուգարան եւ լվացարան էլ կլինի։ Իսկ որտե՞ղ են կարիքները հոգալու խանութի աշխատողները, Կոստանյանը դժվարանում է պատասխանել։ Փաստացի քաղաքպետարանը մի անցում վերանորոգելու վրա ծախսել է 50 միլիոն դրամ, դեռ լիարժեք շահագործման չհանձնած այն կրկին քարուքանդ է եղել։ Քաղաքապետարանը կրկին գումար է ծախսում նույն գետնանցումը սարքելու համար, արդյո՞ք այստեղ կոռուպցիա չկա, իսկ ո՞վ է այն անձը, կամ անձինք, որ պիտի պատասխանատվություն կրեն, արդյո՞ք քրեական վարույթ նախաձեռնվել է՝ համայնքին նյութական վնաս հասցնելու համար եւ կիսատ-պռատ շինարարության համար ո՞վ է պատասխան տալու։ Կոստանյանն այս հարցերին դժվարացավ պատասպանել, ասաց․ «Այս պահին այս մասով որեւէ վարույթ չկա նախաձեռնված»։

Նշենք, որ համատեղ գործունեությամբ հանդես եկող «Բիլդր Քնսթրաքշն» ու «ԲԻԴԵՔ» ընկերությունների եւ քաղաքապետարանի միջև պայմանագիրը կնքվել է հրատապ բաց մրցույթ ընթացակարգով։ Պայմանագրի արժեքը կազմել է 48,5 մլն դրամ։ «Բիլդր Քնսթրաքշն» ու «ԲԻԴԵՔ» ընկերությունները կապված են Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ, «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ի բաժնեմասերի 75 տոկոսը պատկանում է Սեդրակյանի որդուն՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանին։ 

Փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ Մհեր Սեդրակյանից, նա չպատասխանեց զանգերին։