«Իմ քայլի» պատգամավորը չի՞ հիշում՝ ինչ ներդրումներ են արվել Հայաստանում

«Իմ քայլի» պատգամավորը չի՞ հիշում՝ ինչ ներդրումներ են արվել Հայաստանում

Մեկ շաբաթ է՝ կառավարության դիմաց ակցիաներ են իրականացվում, որով տարբեր ոլորտի գործարարներ իրենց բողոքի ձայնն են արտահայտում Հարկային օրենսգրքի փոփոխությունների դեմ։ Այս փոփոխություններով մի շարք ոլորտներում հարկային բեռի կտրուկ ավելացում է կանխատեսվում։ Փաստաթուղթն արդեն ուղարկվել է խորհրդարան եւ հերթական քառօրյայում կքննարկվի։ ԱԺ-ում ոչ բոլոր պատգամավորներն են ոգեւորված ՀՕ փոփոխություններից, այդ թվում՝ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից։ Օրինակ՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը երեկ բացահայտ հասկացրեց․ եթե նույն թիմի մաս են, դա չի նշանակում, որ կառավարությունն ինչ ուղարկի, պիտի ընդունեն՝ համաձայնելով, որ այս փոփոխություններով հարկային բեռի ավելացում է լինելու մի շարք ոլորտներում։ Բայց նաեւ կան պատգամավորներ նույն՝ «Իմ քայլից», որոնք եթե չասեմ՝ տեղյակ չեն, ապա գոնե մատների արանքով են նայում, չեն խորացել կամ առանձնապես չեն ըմբռնում, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ այս նախագիծը բիզնեսի ու սպառողի համար։

Օրինակ՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով հանրությանն առավել հայտնի է որպես Նիկոլ Փաշինյանի «ախրաննիկ», երեկ այս թեմայով մեզ հետ զրույցում անընդհատ փորձում էր հղում անել հանձնաժողովում քննարկված ու ստորագրված ինչ-որ հուշագրի, որով, իբրեւ թե, պիտի տրվեն բոլոր խնդիրների պատասխանները։ 

«Մենք բոլորի կարծիքը լսում ենք, քննարկումներ են տեղի ունենում, բաց ֆորմատով ա դա լինելու, նաեւ՝ հանձնաժողովում, նաեւ էս նոր հուշագիրը, որի մասին որ հանձնաժողովը որոշում կայացրեց, նաեւ ուղղված է դրան, որպեսզի փոքր եւ միջին բիզնեսի ձայնը լսենք, այսինքն՝ նաեւ Հարկային օրենսգիրքը քննարկելուց իրենց կարծիքը հաշվի առնենք»,- ասաց նա։

- Այս փոփոխությունների փաթեթը, որ առաջարկում է կառավարությունը, փոքր ու միջին բիզնեսին էապես վնասում է, նրանք ասում են, որ մենք փակման եզրին ենք կանգնելու։

- Ո՞վ ա ասում։

- Օրինակ՝ գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվողները, գրավատների, փոխանակման կետերի տերերը․․․

- Ցանկացած փոփոխություն ինչ-որ հատվածի մոտ կարող է դժգոհություն հարուցել, ինչ-որ հատվածի մոտ գոհունակություն առաջացնել։

- Գրավատների պետական տուրքը 100 հազար դրամից 6 մլն դրամ դարձնելը խելամի՞տ որոշում է։ 

- Դա ուրիշ նպատակ ունի, դրա մասին բազմիցս նաեւ վարչապետն է խոսել։

- Տպավորություն է, որ ամեն գնով փորձում են անգամ քարից հարկ քամել, որովհետեւ բյուջեն լցնելու խնդիր կա։

- Բյուջեն լցնելու խնդիր, իհարկե, միշտ կա, գիտեք, բազմաթիվ խնդիրներ կան ծանրացած, բայց քննարկումները տեղի են ունենալու նաեւ ՓՄՁ-ի հետ միասին։ Այդ նոր, որ ստեղծվել է, այդ աշխատանքային խումբը, որի մեջ ներգրավված են լինելու նաեւ ՓՄՁ ներկայացնող անձինք, նաեւ իրենք իրենց դժգոհություններն ու առաջարկություններն են ներկայացնելու։

- Բայց մինչ այդ ոչ ոք հաշվի չի նստել նրանց կարծիքի հետ, ու առանց նրանց հարցնելու նախագիծ են կազմել՝ կանգնեցնելով նրանց փաստի առաջ։

- Որովհետեւ մինչեւ հիմա նախորդ խորհրդարանի տնտեսական հանձնաժողովը նման որոշում չի կայացրել։ Մեր խորհրդարանի, մեր խմբակցության ցանկությամբ նաեւ մեր հանձնաժողովն այսօր այդ որոշումը կայացրեց, եւ այդ քննարկումները տեղի կունենան։

- Դա հասկանալի է, բայց կառավարությունն այս նախագիծը կազմելիս չի լսել ՓՄՁ ներկայացուցիչների կարծիքը։

- Ես Ազգային ժողովի պատգամավոր եմ եւ Ազգային ժողովի անունից, իմ խմբակցության եւ իմ հանձնաժողովի անունից կարող եմ միայն խոսել։

- Տեսակետ կա, որ տնտեսությունը չի զարգանում, ներդրումներ չեն լինում, եւ կառավարությունը կանգնել է հարկերի բարձրացման միջոցով բյուջեն լցնելու խնդրի առաջ։

- Ո՞վ է ասում, ե՛ւ ներդրումներ կան, ե՛ւ տնտեսությունն է զարգանում։

- Կարո՞ղ եք մեկ-երկու ցուցանիշ թվարկել թե՛ ներդրումների, թե՛ տնտեսության զարգացման։

- Ցուցանիշներ շատ հաճախ մենք հրապարակում ենք մեր ֆեյսբուքյան էջերով, առաջիկայում էլ կհրապարակենք։

- Վերջին ամիսներին ի՞նչ խոշոր ներդրում է եղել Հայաստանում։

- Կասեմ դրա մասին Ձեզ մանրամասն։

- Չե՞ք հիշում, թե՞․․․

- Չէ, մանրամասն կտրամադրեմ, շնորհակալություն։