Բաքվում հակաքայլի են պատրաստվում

Բաքվում հակաքայլի են պատրաստվում

Հայաստանի իշխանությունը նոր փորձության առաջ է կանգնած։  Հոկտեմբերի 25-26-ը Բաքվում կկայանա Չմիավորվածների շարժման (Non-Aligned Movement) հերթական՝ 18-րդ  գագաթնաժողովը։ Չմիավորվածների շարժմանն անդամակցում է 120 պետություն։ Դրանք այն պետություններն են, որոնք ընդգրկված չեն որեւէ ռազմավարական կամ քաղաքական դաշինքների եւ միավորների մեջ։ 17 պետություն եւ 10 միջազգային կազմակերպություն էլ այս շարժման մեջ ունի դիտորդի կարգավիճակ, Հայաստանը դրանց շարքում է։ Դեռեւս հայտնի չէ՝ Հայաստանը մասնակցելու հայտ ներկայացրե՞լ է, թե ոչ։

Երեկ ԱԳՆ-ից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, սակայն, որոշ տեղեկություններով, դիվանագիտական կորպուսում անհանգիստ են, արդեն աշխատանքներ են տանում շարժման անդամ պետությունների իրենց գործընկերների հետ՝ հնարավոր տհաճ զարգացումները կանխելու նպատակով։ Բանն այն է, որ չնայած այս շարժումը քաղաքական մեծ կշիռ չունի, բայց հաշվի առնելով ադրբեջանական դիվանագիտությունը եւ մեր հակառակորդի հերթական «բարոյական հաղթանակը» գրանցելու մոլուցքը, չի բացառվում, որ Արցախի հետ կապված անցանկալի ձեւակերպումներով հայտարարություն ընդունվի՝ ամրապնդելով տարածքային ամբողջականության պահպանման դրույթը։ Որոշ տեղեկություններով՝ Ադրբեջանը կփոխարինի Վենեսուելային Չմիավորվածների շարժման նախագահող երկրի պաշտոնում եւ կգլխավորի այդ միջազգային կազմակերպությունը 2019-2022թթ․։ Հիմա տարբեր երկրներում մեր դիվանագետները փորձում են աշխատել 120 անդամ երկրների հետ՝ համոզելով, որ հակահայկական ձեւակերպումներ չընդունվեն։ Ի դեպ, այս հավաքը Բաքվում անցկացնելու մտադրությունն Ալիեւի մոտ ծագել է այն ժամանակ, երբ Հայաստանն անցկացրեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, եւ մեծ թվով հյուրեր ժամանեցին Հայաստան, իսկ գագաթնաժողովի արդյունքում ընդունվել են բանաձեւեր, որտեղ հայամետ որոշակի ձեւակերպումներ են եղել, ինչն էլ, գուցե, հաջորդ տարի Բաքվում նման հավաք անցկացնելու մտադրությունն է ծնել։