«Ոսկե ծիրանում» էստաֆետը հանձնեցին երիտասարդներին, փառատոնն ունի նոր ղեկավար կազմ

«Ոսկե ծիրանում» էստաֆետը հանձնեցին երիտասարդներին, փառատոնն ունի նոր ղեկավար կազմ

Այսօր Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի մամուլի ասուլիսը, որի շրջանակում փառատոնի երեք համահիմնադիրները` Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը եւ Սուսաննա Հարությունյանը ներկայացրեցին ղեկավար կազմում տեղի ունեցած փոփոխությունները։ Մասնավորապես փառատոնի գլխավոր տնօրենն է լինելու պրոդյուսեր Հասմիկ Հովհաննիսյանը, ծրագրերի ղեկավարը՝ կինոգետ Կարեն Ավետիսյանը, ով նույնպես աշխատել է կինոփառատոնում։ Կինոգետ Արթուր Վարդիկյանը ստանձնելու է փառատոնի մի շարք ծրագրերի, ինչպես նաեւ «Ոսկե Ծիրան» թերթի խմբագրման աշխատանքները։ Կինոգետ Դիանա Մարտիրոսյանը զբաղվելու է փառատոնի ֆիլմերի ընտրությամբ։ Սոնա Կարապողոսյանը շարունակելու է համակարգել «GAIFF Pro-ի» աշխատանքները, իսկ Վառվառա Հովհաննիսյանը՝ միջազգային հյուրերի բաժինը։  

«Մենք շատ գեղեցիկ աշխատեցինք 15 տարի, հաջորդ 15 տարին ձերն է,-իր խոսքում ասաց Հարություն Խաչատրյանն ու նկատեց, որ նոր երիտասարդ կազմին վստահում է 100 տոկոսով,- եթե նույնիսկ 90 տոկոսով վստահ չլինեի՝ չէինք վստահի ոչ մեկին, քանի որ «Ոսկե ծիրանը» մեր զավակն է։ Ասեմ նաեւ, որ մենք էլ ամբողջովին չենք գնում տուն, Միքայել Ստամբոլցյանը կլինի փառատոնի գլխավոր խորհրդատուն եւ շատ բաներ ունի փոխանցելու երիտասարդներին։ Սուսաննա Հարությունյանը, որը շատ է աշխատել միջազգային փառատոնների, ծրագրերի հետ հիմա կղեկավարի հատուկ միջազգային ծրագրերը։ Կինոյի զարգացման ֆոնդը, որը էլի հիմնել ենք մենք երեքով, պիտի զբաղվի նաեւ կինոյի մասին օրենքով, որպեսզի ունենանք լուրջ օրենք։ Կարծում եմ մենք կկարողանանք միջազգային լուրջ մասնագետների հետ միասին մինչեւ մեկ տարվա ընթացքում նախարարոությանն ու կառավարությանը ներկայացնել կինոյի օրենքը։ Մենք զբաղվում ենք նաեւ այլ ծրագրերով, այնպես որ շատ աշխատանք ունենք եւ չենք խանգարի մեր ընկերներին, որպեսզի ինքնուրույն լինեն»։

Միքայել Ստամբոլցյանն էլ իր խոսքում նկատեց, որ աշխատանքն այնքան շատ է, որ միայն խորհուրդներով չէ, որ պետք է երիտասարդներին օգնեն․ «Պետք է նաեւ կողք կողքի աշխատենք, քանի որ գործը ինչքան անում ես, այնքան մնում է»։ 

Փառատոնի նորանշանակ տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը նշեց, որ շատ ծայրահեղ եւ կտրուկ չեն լինելու փոփոխությունների հարցում, բայց նորություններ անպայման կլինեն։ Ուսումնասիրությունների արդյունքում դուրս են բերել մի քանի խնդիրներ, որոնց վրա փորձելու են աշխատել եւ այս տարի եւ առաջիկայում․ «Շատ կտրուկ փոփոխություններ չենք ուզում անել, բայց նաեւ մտածում ենք փառատոնի ռեբրենդինգի մասին՝ թարմացնելու փառատոնի բրենդը, ինչը երկարաժամկետ ծրագիր է լինելու»,-նշեց նա ու հավելեց, որ փորձելու են մեծացնել փառատոնի ներկայությունը նաեւ քաղաքում։

Կարեն Ավետիսյանի խոսքով՝ իրենց խնդիրն է լինելու առնվազն այդ բարձր նշաձողը պահելը, իսկ համընդհանուր քննարկման արդյունքում որոշում են ընդունել, որ 16-րդ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնում մեծ մրցութային ծրագիրը չունենա որեւէ ժանրային սահմանափակում, դա նշանակում է, որ լիամետրաժ ֆիլմերի միջազգային ծրագիրը իր մեջ ներառելու է թե խաղարկային, թե վավերագրական, թե բոլոր ժանրերը եւ ներկայացնելու է ֆիլմերի լավագույն ընտրանին։ 2-րդ փոփոխությունը վերաբերում է կարճամետրաժ ֆիլմերին, որոնք ներկայացված են լինելու ռեգիոնալ ձեւաչափով։ Եթե լիամետրաժ ֆիլմերի անվանակարգը սահմանափակում չի ունենալու, ապա կարճամետրաժ ֆիլմերի դեպքում որոշել են, որ այն վերաբերի տարածաշրջանին․ «Այդպիսով հայ կինոն կդիտարկվի նաեւ տարածաշրջանային համատեքստում եւ առիթ կլինի հասկանալ, թե ինչ է կատարվում մեր եւ մեր հարեւան երկրների կինոինդուստրիայում, որտեղ է մեր տեղը, դերն ու նշանակությունը»։ 

Ինչ վերաբերում է «Հայկական համայնապատկերին», ապա եթե առաջ հայկական ֆիլմերը դիտարկվում էին միայն հայկական ֆիլմերի հետ, ապա հիմա հնարավորություն կլինի հայկական կինոն դիտարկել տարածաշրջանային կոնտեքստում, որը կարեւոր է ու հեռանկարային։