Սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր առաջ. Փաշինյանը հանդիպել է բանկիրների հետ

Սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր առաջ. Փաշինյանը հանդիպել է բանկիրների հետ

Ո՞ւմ են պետք այն հարստությունն ու փողը, զարգացումն ու բարեկեցությունը, երբ այն պաշտպանված չէ ուժով, եւ ցանկացած պահի այդ հարստությունը կարող են ուժով խլել, իսկ բարեկեցությունից անգամ հետք չի մնա: Սա որքան ճիշտ է մարդկային հարաբերությունների կոնտեքստում, առավել իրական է միջպետական հարաբերություններում: Հայաստանը կանգնած է գոյաբանական խնդրի առաջ, իսկ Փաշինյանը Կենտրոնական բանկում հաշվում է բանկերի շահույթն ու հարստությունը, եւ ոչ մեկը չկա, որ նրան ասի՝ քո խնդիրը ոչ թե մեր շահույթը հաշվելն է, այլ այդ ունեցվածքը պաշտպանելը: Մենք դրա համար ենք հարկեր տալիս, քեզ ու քո իշխանությունը պահում:

Փաշինյանը ԿԲ-ում երեկ հանդիպել էր ֆինանսաբանկային համակարգի ներկայացուցիչների հետ եւ հրճվանքով նշում էր, թե ինչ փողեր են պտտվում այդտեղ, ինչպիսի միլիարդավոր եկամուտներ են ստանում բանկերի սեփականատերերը: Փաշինյանն ասում է՝ բանկերում ավանդների աննախատեպ աճ է արձանագրվել`5 տրիլիոն դրամ, բանկերի եկամուտը 2022 թվականին կազմել է 187 միլիարդ դրամ: Եթե Փաշինյանը մի քիչ տնտեսագիտություն իմանար, ապա այնքան էլ չէր հպարտանա այդ թվերով, որովհետեւ բանկերում ավանդների աճը խոսում է միայն այն մասին, որ երկրում ներդրում կատարելու տեղ չկա, եւ մարդիկ իրենց ավելցուկ փողը տնտեսության մեջ ներդնելու փոխարեն, ստիպված՝ որպես ավանդ պահ են տալիս բանկերին: Կարող են ասել, որ մարդկանց փոխարեն բանկերն են այդ գումարը որպես վարկ ներդնում տնտեսության մեջ: Բայց բանկերն այդ փողը ներդնում են այնտեղ, որտեղ շահութաբերությունը մեծ է, որովհետեւ փողը Հայաստանում թանկ է, դրանով միայն առեւտուր, սպասարկման ոլորտ ու շինարարություն կարող ես ֆինանսավորել, որտեղ եկամտաբերությունը բարձր է, շրջանառությունը՝ արագ: Բանկերը մեծ եկամուտ են ստանում, քանի որ տոկոսադրույքները բարձրացրել են, բանկային ծառայությունները թանկ են. Փաշինյանը հպարտանալու փոխարեն այդ թվերից պետք է ամաչեր։ Բայց ամաչելու համար նախ ամոթի զգացում է պետք: Իրեն բանկերի շահույթն է հետաքրքրում, քանի որ դրանից բանկերը շահութահարկ են մուծում, ինքն էլ այդ գումարը տնօրինում է ուզածի պես, դրանից էլ լավ ի՞նչ կարող է լինել:

Բանկային համակարգի ներկայացուցիչներն էլ հաջողածի ինքնագոհ դեմքով կանգնել ու լսում են Փաշինյանի գովեստը: Ու մեկը չկա՝ սրան հարցնի. իսկ որքանո՞վ է քո ղեկավարած իշխանությունն ապահովելու մեր շահույթի շարունակականությունը: Չգիտեմ՝ այդ հանդիպմանն Արցախբանկի ներկայացուցիչը ներկա էր, թե ոչ. եթե ներկա էր, կարող էր, չէ՞, Փաշինյանին հարցնել, որ Արցախբանկի Շուշիի կամ Հադրութի մասնաճյուղերն էլ էին մինչեւ 2020 թվականն ավանդներ ներգրավում, շահույթով աշխատում, հիմա դրանք չկան: Հայկական բանկերի Ջերմուկի մասնաճյուղերն էլ էին մինչեւ 2022 թ․ սեպտեմբերի 13-ը շահույթով աշխատում, բայց այդ քաղաքը Փաշինյանի իշխանության անգործության կամ ապիկար գործունեության արդյունքում կիսամեռ է, տնտեսական կյանքն այդ քաղաքում կաթվածահար է, ինչը նշանակում է, որ բանկերն էլ այնտեղից շահութ չեն կարող ստանալ: Բանկային համակարգի ներկայացուցիչներից որեւէ մեկը Փաշինյանից այդպես էլ չհարցրեց, թե առաջիկա 2023 թվականին հայկական էլ որ քաղաքներին է սպառնում Շուշիի, Հադրութի կամ Ջերմուկի ճակատագիրը:

Փաշինյանն Ամանորին ընդառաջ չի հանդիպում զինվորականության հետ, չի հանդիպում բանվորների կամ գյուղացիների հետ, չի հարցնում, թե նրանք ինչ դժվարություն ունեն սահմանը պահելու հարցում, բանվորներն ու գյուղացիները կարողանո՞ւմ են ապրել, նրանք ընդհանրապես շահույթ ստանո՞ւմ են, թե՞ միայն ապրում են, որ բանկերի վարկերն ու տոկոսները վճարեն: Փաշինյանը հանդիպում է երկրում ոչինչ չստեղծող, ընդամենը փողն էժան առնող, թանկ վաճառող մարդկանց հետ: Չի հանդիպում ոչ միայն այն պատճառով, որ, ի տարբերություն բանկիրների ու բանկային ոլորտի աշխատողների, բանվորները, գյուղացիներն ու սահմանին կանգնող զինվորականները կարող են իրենց իրական կարծիքն ասել Փաշինյանի մասին: Չի հանդիպում, քանի որ գիտի, որ իր իշխանության գործունեությունն ուղղված է բանկային համակարգի շահերը սպասարկելուն: Ինքը միլիոնատեր ու միլիարդատեր է դարձել ու շարունակում է հարստությունը կրկնապատկել ոչ թե շարքային քաղաքացիների, այլ հենց բանկերի միջոցով: Ինչպես հայտնի է, փողը բանկերում է, ոչ թե բանվորների ու գյուղացիների մոտ, իսկ Փաշինյանը խոնարհվում է փողին:

Դրա համար է իր ելույթում ոչ թե բանկիրներին կոչ անում՝ մի քիչ խղճով վերաբերվել վարկառուներին, գոնե վերջին շապիկը թողնել նրանց հագին, մի կտոր ցամաք հացի փող թողնել, որ մարդը սովամահ չլինի, ու կարողանա շարունակել աշխատել եւ վճարել բանկերին ու իրեն, այլ վարկառուներին է կոչ անում՝ պարտաճանաչորեն կատարել բանկերի առաջ ունեցած պարտավորությունները. «Ֆինանսական գրագիտության, քաղաքական, քաղաքացիական գրագիտության ամենակարեւոր կոմպոնենտն այն է, որ յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի կրել իր գործողություններից բխող պատասխանատվություն: Սա չափազանց կարեւոր եւ քաղաքակրթական նշանակություն ունի ու սա միայն բանկային խնդիր չէ, սա ընդհանրապես հանրային շատ խորը սոցիալ-հոգեբանական նշանակություն ունեցող հարց է, եւ մենք պետք է առաջնորդվենք այս տրամաբանությամբ: Դրանից կշահեն բոլորը` քաղաքացիները, տնտեսությունը, բանկային համակարգը եւ հենց իրենք՝ շահառուները, վարկառուները»:

Եվ ո՞վ է խոսում իր գործունեությունից բխող պատասխանատվությունը կրելու մասին․ մի մարդ, ում գործունեության արդյունքում մի զարգացող եւ արժանապատիվ ապրող ազգ ու երկիր վերածվել է թուրքից, ռուսից, աշխարհից ստորաքարշորեն խաղաղություն ու անվտանգություն աղերսող ու մերժվող զանգվածի:

Ավետիս Բաբաջանյան