Փոխնախարարը ո՞ր բնագավառի «առավել փորձառու» մասնագետն է, որ 2 ձայնի իրավունք ունի

Փոխնախարարը ո՞ր բնագավառի «առավել փորձառու» մասնագետն է, որ 2 ձայնի իրավունք ունի

Վերականգնող ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու (նախկինում՝ մշակույթի նախարարության պատմության եւ հուշարձանների պահպանության գործակալության պետ) Արմեն Աբրոյանն իր ֆեյսբուքյան էջում նախօրեին գրառում էր արել եւ անդրադարձել ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի գործունեությանը։ «ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհուրդն իսկապե՞ս բաղկացած է հուշարձանների հետազոտման, պահպանության, վերականգնման ու օգտագործման բնագավառների առավել փորձառու մասնագետներից։ Այդ խորհրդի 2 ձայնի իրավունք ունեցող նախագահն է՞լ է բնագավառի առավել փորձառու մասնագետ: Դուք իսկապե՞ս կարող եք կարծիք հայտնող բնագավառի որեւէ անձից, առավելապես՝ մասնագետից, ապօրինաբար արտոնագիր պահանջել։ Դրան է՞լ եք հասել»,- մասնավորապես նշել էր նա։ 

Ա․ Աբրոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պատմությունը մի քանի ամվսա վաղեմություն ունի, խոսքն այն մասին է, որ նախարարության գիտամեթոդական խորհրդի 6-րդ նիստում, ի թիվս այլ նախագծերի, քննարկվել է նաեւ Ուշի գյուղի Սբ Սարգիս վանական համալիրի Սբ Աստվածածին եկեղեցու վերականգնման էսքիզային նախագիծը եւ արժանացել հավանության, այն դեպքում, որ ինքը, որպես բնագավառի փորձագետ, մասնագետ-խորհրդատու, դրական եզրակացություն չէր տվել վերականգնման նախագծին, քանի որ «հուշարձանը պահպանված է շատ քիչ, եւ փաստական բեկորները 10-15 տոկոս էլ չեն, եթե կոպիտ ասեմ՝ պատկերացրեք, որ Զվարթնոցի տաճարի բեկորներն ունենանք եւ ուզենանք Զվարթնոցի տաճարը վերականգնել, չի ստացվի։ Մինչեւ անգամ Եվրոպայից եկած փորձագետը տեղում ուսումնասիրություններ անելով նշեց, որ չի կարելի ոչ լիարժեք տվյալներով, պահանջվող նորմերին չբավարարող նախագիծ անել՝ ցույց տալու համար, որ մենք հուշարձան-եկեղեցի ենք վերականգնում։ Քանի որ կան շատ հարցեր՝ բարձրության նիշեր, կամ թե, օրինակ, պատուհանը որ բարձրության վրա է եղել, ներսում կամարը որտեղից է սկսվել, բավական չլուծված հարցեր, որը ենթադրում է ոչ թե հուշարձանի վերականգնում, այլ, կոպիտ ասած՝ վերստեղծում կամ փոփոխում, նաեւ կոնստրուկտորները եզրակացություն չէին տվել, եւ ստացվում է, որ գոյություն ունեցող մշակութային արժեքը պետք է քանդեն, որ դրա բեկորներով ու նոր նյութով նոր եկեղեցի կառուցեն»։

Ա․ Աբրոյանն ի պաշտոնե գիտամեթոդական խորհրդին ներկայացել է որպես «Բնօրրան» ՀԿ-ի ներկայացուցիչ․ «Ընդ որում, ես 8 տարուց ավելի նախարարության այդ խորհրդում եմ եղել, նաեւ՝ մյուս խորհրդում, նախագահող եմ եղել, այսինքն՝ շատ լավ գիտեմ վարչարարությունը, օրենսդրությունը եւ այդ բնագավառը։ Իրենց առարկություններին ես փաստարկներ եմ ներկայացրել՝ ասելով, որ եթե հուշարձանը փոխում եք, ապա ազնիվ եղեք՝ դարձրեք փոփոխություն եւ կառավարության թույլտվությամբ արեք այդ ամենը, բայց հանկարծ վերջում գրում են, որ ես արտոնագիր չունեմ, մինչդեռ արտոնագիր պահանջվում է նախագծողից, իսկ ես նախագծող չեմ, եզրակացություն տվող եմ, ՀՀ վավերացրած միջազգային կոնվենցիաներով, պետությունները պարտավորվում են նախ հասարակական, մասնագիտական կազմակերպությունների կարծիքները հաշվի առնել, հետո էլ՝ հուշարձանը նման կերպ չվերականգնել, իսկ կոնկրետ այս եկեղեցու դեպքում, այն պատմագիտական, հնագիտական առումով այդ անսամբլի միջի ամենաքայքայվածներից է»։

Այլ կերպ ասած՝ գիտամեթոդական խորհուրդը փորձել է խոչընդոտել ու արժեզրկել իր տված եզրակացությունը, մինչդեռ ինքն այս բնագավառում մասնագիտական լուրջ կրթություն ունի։ «Այսինքն՝ ոչ թե ուղղակի ճարտարապետ եմ, այլ ունեմ մագիստրոսի աստիճան, տեսության եւ վերականգնման ոլորտում գիտությունների թեկնածու եմ, Իտալիայում մաստեր եմ անցել եւ, համաձայն ինձ տրված սերտիֆիկատի, անգամ Եվրոպայում նախագծելու իրավունք ունեմ, էլ չասեմ, որ դեռ 10 տարի առաջ մի տասնյակից ավելի հուշարձանների վերականգնման հեղինակ կամ համահեղինակ եմ եղել՝ չհաշված իրականացման աշխատանքների հեղինակ ու համահեղինակ եմ եղել։ Ովքե՞ր են այդտեղ նստած, որ ինձնից արտոնագիր են պահանջում»,- ասում է Աբրոյանն ու նշում, որ գիտամեթոդական խորհրդի նախագահը ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն է, ով 2 ձայնի իրավունք ունի, մինչդեռ, համաձայն կարգի, գիտամեթոդական խորհուրդը պետք է բաղկացած լինի բնագավառի ոչ թե փորձառու, այլ առավել փորձառու մասնագետներից։
«Ինձ ասեք, խնդրեմ, փոխնախարարն ի՞նչ մասնագիտություն ունի եւ ի՞նչ փորձ, չասեմ մնացած անդամների մասին, նախագահը՝ որպես լիազոր մարմին, ի՞նչ իրավունք ունի՝ վարչարարության մասին օրենքին հակառակ կամայական բան գրի, ցույց տվեք, թե որ օրենքով է հասարակական կազմակերպության կամ կարծիք տվող ֆիզիկական թե իրավաբանական անձից արտոնագիր պահանջվում։ Բավական չէ համեստաբար լռում ենք, ասում ենք՝ ոչինչ, օգնում ենք, որ ոտքի կանգնեն, մի քիչ գիտակցություն ունենան, բայց նման մարդիկ առնվազն տգետ են, էլ չասեմ, որ այնտեղ գուցե հրավիրված մարդիկ կան, որոնց ես չգիտեմ, քանի որ անընդհատ կազմ են փոխում, ով օբյեկտիվ կարծիք է հայտնում, նրան հանում են, իրենց ներկայացուցչին են բերում, որ ինչ ասեն, ասի՝ հա»։

Ա․ Աբրոյանը կրկնում է՝ փոխնախարարն իրավունք չունի գլխավորելու գիտամեթոդական խորհուրդը. «Փոխնախարարը ո՞ր բնագավառի «առավել փորձառու» մասնագետն է, սա է խնդիրը, որ չպետք է լինեն ոչ փորձառու մասնագետներ։ Ես վստահ եմ, որ թե՛ վարչության պետը, թե՛ փոխնախարարը բնագավառի առավել փորձառու մասնագետ չեն կարող համարվել։ Սա է, որ իրենք խախտել են, եւ իրենց աշխատաոճից երեւում է, որ իրենք զբաղված են վարչական ռեսուրս կիրառելով, որպեսզի այդ խորհրդի վրա ազդեն եւ այդ խորհրդով իրենք ազդեցություններ ունենան, այն էլ՝ գաղտնի։ Կառավարության 2002թ․ ապրիլի 20-ի 438 որոշման մեջ ասվում է, թե գիտամեթոդականում ովքեր պետք է լինեն, իսկ պետք է ընդգրկվեն միայն բնագավառի առավել փորձառու մասնագետները, ոչ թե վարչական ռեսուրսները։ Պետք է անկախ մասնագիտական մարմին լինի՝ հանձնաժողով կամ խորհուրդ, ով խորհուրդ տա նախարարությանը, նախարարությունն էլ ընդունի այդ խորհուրդը եւ իր վարչարարությամբ զբաղվի, ոչ թե գա ու մասնագիտական ականջ դառնա, դեռ մի բան էլ, եթե մեկը դուրը չգա, հանի, մյուսին դնի։ Դա տեսել ենք, ես առնվազն 8 տարի պայքարել եմ դրա դեմ, որ վարչական մարմինը չկարողանա մասնագիտական մարմնին ճնշել»։

Թե նախարարությունը, ի դեմս գիտամեթոդական խորհրդի, ինչ շահագրգռվածություն ունի Ուշիի եկեղեցու հարցում, Աբրոյանը նկատում է․ «Կարծում եմ՝ պայմանավորվածություն կողմերի հետ, այս դեպքում՝ գուցե պատվիրատուի, նախագծողների, որ եկեղեցին պետք է վերականգնվի։ Ի դեպ, նախագծողներից մեկն էլ հենց գիտամեթոդականի անդամ է, ինչը եւս ազդեցություն է, այստեղ արդեն պետք է օգտագործեմ «թայֆայականություն» բառը, այս դեպքում ձեռնտու է, որ վերականգնեն, քանի որ շինարարություն կլինի, փող կաշխատեն, համ էլ ցույց կտան, թե ոնց են հուշարձան պղծում, միջազգային փորձագետի եզրակացությունն անտեսում, ասելով՝ հո միջազգային փորձագետները մեզ չեն սովորացնելու»։

Գիտամեթոդական խորհուրդը ԿԳՄՍ նախարարի հրամանով է ձեւավորվում, որի լիազորությունների հետ կապված՝ Աբրոյանը եւս առարկություններ ունի․ «Երբեմն գիտամեթոդական խորհուրդը ոչ թե տալիս է հուշարձանի վերականգնման, նորոգման, ամրակայման, փոփոխման, տեղափոխման եզրակացություն, այլ արժեքի վերաբերյալ կարծիք է տալիս, որի իրավունքը չունի, այսինքն, կարող է ասել՝ այս շերտը լավը չէ, քանդեք, խորհուրդը նաեւ միջավայրում փոփոխություն անելու լիազորություն չունի։ Այդ խորհուրդը ստեղծված է միայն հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման դեպքերի համար, իսկ կոնկրետ Ուշիի եկեղեցու մասով նախարարությունը գրում է, որ վենետիկյան խարտիայով կարող են այլ շերտեր դուրս գալ՝ բացահայտելու իրական շերտը։ Բայց սա այդ դեպքը չէ, սխալ մեկնաբանություն են անում, նաեւ վենետիկյան խարտիան չեն վավերացրել, ու դրա իմաստը դա չէ, հատվածաբար են մեկնաբանել, իսկ այն խարտիաներն ու կոնվենցիաները, որոնք ուղիղ առնչվում են դրա հետ, մենք գրավոր հղումներ ենք արել նախարարությանը, բայց դա անտեսել է նախարարությունը։ Այդ խորհուրդը խիստ կասկած է հարուցում իմ մեջ՝ իր նման գործելաոճով, ոչ լիազորություն ունեցող անդամներով, նաեւ կարծիք տվողից արտոնագիր պահանջելով, որի իրավունքն ու հիմքերը չունի»։