Ակնկալում եմ մտավորականի դերի շուտափույթ բարձրացում
Նախօրեին ներկայացվեց կառավարության հինգ տարվա ծրագիրը, որտեղ արտացոլված են գործադիրի հիմնական նպատակները, խնդիրները, առանցքային քայլերը, արժեհամակարգը, որին ձգտելու է կառավարությունն առաջիկա տարիներին:
Օրինակ, կառավարության համար քաղաքացիների բարեկեցության եւ երջանկության կարեւորագույն գործոն է նրանց մշտական հաղորդակցությունը մշակույթի հետ: Արամի 23-ի պատմամշակութային հուշարձանի փլված պատի ֆոնին ուշագրավ է հատկապես ծրագրի այս կետը․ «Կառավարության մշակութային քաղաքականությունն ուղղված է լինելու պատմամշակութային ժառանգության պահպանմանը եւ հանրահռչակմանը, մշակութային կյանքին հանրային լայն մասնակցության ապահովմանը, մշակութային լայն քարոզչության իրականացմանը եւ մշակութային հաստատություններ քաղաքացիների հոսքի քաջալերմանը»։
Մշակութային ժառանգության ոլորտում կառավարության ծրագրային նպատակներից են՝ ներդնել կառավարման ժամանակակից համակարգեր, թանգարանների, թատրոնների, համերգասրահների եւ մշակութային այլ հիմնարկների՝ սեփական եկամուտներն ավելացնելու նպատակադրումով, կատարելագործել պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների բնագավառի իրավական դաշտը, աջակցել համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, տեղական ավանդույթների վերականգնմանը։ Ծրագրում տեղ է հատկացված նաեւ ժամանակակից արվեստին, մասնավորապես՝ «Ժամանակակից արվեստի ոլորտում կառավարության ծրագրային նպատակներն են՝ ստեղծել ժամանակակից արվեստների ոլորտներում օրենսդրական դաշտ, ապահովել մշակութային ծառայությունների համաչափությունը, մատչելիությունը եւ հասանելիությունը Հայաստանի Հանրապետության մարզերում»։
Կառավարության ծրագրի մի քանի կետեր քննարկեցինք արձակագիր Սուսաննա Հարությունյանի հետ։
- Ազատ, արժանապատիվ եւ երջանիկ քաղաքացու գաղափարն ընկած է կառավարության ծրագրի հիմքում՝ առողջապահությունից մինչեւ մշակույթ, Դուք դրա հիմքերը կամ դրան միտված ռեալ քայլեր տեսնո՞ւմ եք մեր կառավարության կողմից։
- Այդ գաղափարը կամ դրա իրականացումը սկսվեց հենց հեղափոխության օրերին, երբ մարդկանց լավատեսությունը, ինքնահարգանքը, արժանապատվության զգացումը եւ այլն, վերականգնվեցին, եւ բոլորս էլ նկատեցինք, որ մենք տեսնում ենք ոչ թե նամռած-նեխած, այլ ժպտացող մարդկանց։ Ես կարծում եմ, որ մարդկանց բոլոր դժբախտությունները գալիս են նրանց ներքին անբավարարվածությունից, իսկ այն ամենը, ինչ կատարվում է մեր երկրում, հիմնականում դուր է գալիս մարդկանց, առայժմ նրանք իրենց պայքարը չեն համարում անտեղի։ Աշխարհում, նույնիսկ զարգացած երկրներում, հազվադեպ է լինում, որ ժողովրդի եւ իշխանության շահերը համընկնեն։ Մեզ մոտ հիմա այդ պահն է։ Թե ինչ կլինի վաղը, բոլորս էլ վախեր ունենք… Համենայնդեպս, կա երջանիկ եւ արժանապատիվ լինելու կարեւոր բաղադրիչը՝ հիմա մենք մեզ ստորացված չենք զգում մեր երկրում ապրելով։
- Կառավարությունն իր ծրագրում խոսում է մշակութային քաղաքականությունից, մշակույթի հետ հաղորդակցվելու անհրաժեշտությունից, այն դեպքում, երբ մշակույթի նախարարությունը՝ որպես առանձին միավոր, չկարեւորվեց նոր կառավարության կողմից։ Սա կարեւոր հանգամանք չէ՞։
- Ինձ շատ է նյարդայնացնում այն հարայ-հրոցը, որ բարձրացավ մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների հետ կապված։ Այո, դա ճիշտ քայլ էր, որովհետեւ չարժե պահել նախարարություն օտարերկրյա քաղաքացիների կարիքները հոգալու կամ շփումներն ապահովելու համար։ Ինչքան էլ որ նրանք սիրեն հայրենիքը, լինեն հայազգի, միեւնույն է՝ նրանք օտար երկիր են ներկայացնում, առավել եւս՝ սփյուռքահայերի վերջին սերունդը, որ հիմնականում Հայաստանից գնացածներն են… նրանք արել են իրենց ընտրությունը եւ վերջ։ Հերիք չէ փախել-պախկվել են, մի հատ էլ հայաստանցին իր չնչին աշխատավարձից հա՞րկ պիտի մուծի՝ նրանց համար նախարարություն պահելու համար։ Երկու միլիոն հայ ունեցող Ռուսաստանում ոչ մի հայ չի զգում ո՛չ հայերեն, ո՛չ ռուսերեն հայ գրականություն կարդալու, էլ չեմ ասում տարածելու կամ պրոպագանդելու պահանջ, ինչի՞ մասին է խոսքը։
Փոխարենը գավառամտորեն ռուսագիր հայերի ու Ռուսաստանի դրոշի ներքո պայքարող սպորտսմենների կյանքի մանրամասներով մերոնք մեր զահլան ուղղակի տարել են… Անձամբ ես կարծում եմ, որ միայն նախարար փոխելով կամ կրճատելով՝ ոլորտը չի փոխվի, հին կադրերով նոր միջավայր չես ստեղծի։ Նախարարության աշխատակիցներն ինչ կառույցի կազմում էլ լինեն, մնալու են նույնը, ինչպես ասում են՝ կուզիկին միայն գերեզմանը կուղղի։ Ի դեպ, որ բողոքում էին, թե գործազուրկ են մնալու` իսկ ո՞վ է հավերժ իր պաշտոնում, այդ գործը նրանց ցմա՞հ էին խոստացել, իսկ ինչքա՞ն թոշակ է ստանում պետությունից աշխարհահռչակ արվեստագետը, ինչքա՞ն է տաղանդավոր գրողի, երաժիշտի վաստակը․ խոստովանենք, որ զրո։ Ի դեպ, հայտարարվեց, որ կրճատված կադրերն առանց աշխատանք չեն մնա։ Ես հարց եմ բարձրացնում՝ ինչո՞ւ ես, իմ տաղանդավոր ընկերներից շատերը պիտի գործազուրկ լինեն, եւ պետությունը ոչ մի պարտավորվածություն չունենա մեզ աշխատանքով ապահովելու հարցում, իսկ որեւէ նախարարության, ասենք, Սլավոնական համալսարան ավարտած, աշխատակցի հանդեպ դա ունենա։
Ես եւ իմ շատ ընկերներ գրականություն ստեղծում ենք, լեզուն պահում ենք, բայց փաստացի ոչ մի հիմնարկում գրանցված չենք եւ եթե հասցնենք ծերանալ, մեր ծերության թոշակը լինելու է ողորմելի մի բան։ Հարց երկրորդ՝ ո՞վ է հոգալու մեր ծերության մասին, մեր ստեղծածը ժողովրդի համար պակա՞ս կարեւոր է, քան պահակի, վարսավիրի, հավաքարարի, որ նրանց ծերության մասին պետությունը պիտի մտածի, իսկ մեր՝ ոչ… Դուք գիտեք, որ էս հարցերը ոչ միայն ես, այլեւ բոլոր գրողները տարիներ շարունակ բարձրացնում են։ Տեսնում եք՝ ինչքան խոսում ենք, էնքան կենացները քաղցրանում են։ Այնպես որ, պետք է հստակեցնել՝ արժանապատիվ եւ երջանիկ քաղաքացի ասելով ում նկատի ունենք եւ ինչպես ենք հասնելու դրան։ Հիմա տեսնում ենք, որ մտավորականներն են աշխարհը կառավարում․ նույնիսկ պատերազմում զինվորի մարմինն արդեն ավելի քիչ է պետք, քան նրա ինտելեկտը։ Կուզենայի, ասենք, ուղեղների արտահոսքը դադարեցնելու, մտավորականության հետ աշխատելու ծրագրերն ավելի հստակ տեսնել։
- «Հեռուստատեսային եթերը պետք է մաքրվի հանրային հարաբերություններին փոխադարձ արհամարհանքի եւ ագրեսիվության ենթատեքստ հաղորդող բովանդակությունից, ինչպես նաեւ լեզվական ցածրորակ արտադրանքից»,- գրված է ծրագրում․ ի՞նչ եք կարծում, կառավարությունն այդ կամքը կունենա՞ հեռուստաեթերը մաքրելու։
- Դժվարանում եմ ասել՝ կամք կունենա՞, թե՞ ոչ, որովհետեւ կիլոմետրերով հեռու եմ կանգնած իշխանությունից եւ այնտեղ եղողների թե՛ քաջությունը, թե՛ պոտենցիալը չեմ կարող գնահատել։ Բայց քանի որ իշխանությունը պահվում է հասարակության հետ կապի միջոցներով, պարտադիր պիտի արվի։ Որպես քաղաքացի, իմ կարծիքով, հեռուստաեթերը պետք է մաքրվի առհասարակ քաղաքականությունից․ բացի լրատվական եւ քաղաքական վերլուծական ծրագրերից, այլ տեղերում պիտի քաղաքական գործիչ չերեւա։ Մինչդեռ մեզ սպանում են քաղաքական գործիչների ելույթներով, նրանց մասին հաղորդումներով, կարեւոր չէ՝ հաղորդումը երգի, տոլմայի, թե դիահերձման մասին է․ հրավիրյալը պետք է լինի քաղաքական գործիչ։ Հենց լրագրողները պիտի հասկանան, որ քաղաքական գործիչը հասարակության սերուցքը չէ, եւ պետք չէ մեզ զզվեցնել նրանց հում ու խակ մտքերով…
Հեռուստաեթերը պիտի ազատվի կիսագրագետ, քթի մեջ խոսող, շեշտը սխալ դնող հաղորդավարներից, այն խմբագիրներից, ովքեր ուզում են մեզ Պուտինով վախեցնել ու օրը հիսուն անգամ հաղորդում են, թե Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի եսիմինչը։ Հեռուստաեթերը պիտի փոխի իր տերերին։ Если б я была царицей, ցանկացած եթերի կպարտադրեի օրական գոնե երեք ժամ գրական, մշակութային, երաժշտական, լեզվի, համաշխարհային մշակույթի եւ այլնի մասին հաղորդումներ, այլապես այդ կապուղին չէի տրամադրի նրանց։ Իհարկե, շատ բան կարելի է ինտերնետում էլ գտնել, բայց երկրի արժանապատվությունը որոշվում է նրա՝ մշակույթի հանդեպ ունեցած վերաբերմունքով։ Շատ-շատ անելիքներ կան մշակույթի բնագավառում, եւ եթե մյուսներն ակնկալում են թալանված գումարների շուտափույթ վերադարձ, ես ակնկալում եմ մտավորականի դերի շուտափույթ բարձրացում։ Ի դեպ, մի լավ քայլ արդեն արվել է՝ «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը նկատի ունեմ։
Կարծիքներ