Դեկտեմբերի 5-ին նորանշանակ մարզպետն առաջին փորձությունը կանցնի

Դեկտեմբերի 5-ին նորանշանակ մարզպետն առաջին փորձությունը կանցնի

Նիկոլ Փաշինյանի իշխանավարման ոչ երկար ժամանակահատվածում Շիրակի մարզում արդեն 4-րդ մարզպետն է փոխվում: Մարզպետի պաշտոնն այս անգամ ստանձնել է Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Նրա՝ պատգամավորական մանդատը վայր դնելու և մայրաքաղաքից կրկին հարազատ քաղաք վերադառնալու փաստը տարաբնույթ քննարկումների առիթ է տվել: Խոսակցություններ են պտտվում, թե մարզպետ նշանակվելն այնքան էլ Բաղդասարյանի սրտով չէ: Այս դժվարին ժամանակահատվածում ստանձնել Հայաստանի ամենաաղքատ, բազմաթիվ չլուծված խնդիրներ ունեցող մարզի ղեկավարումը, հասկացողի համար իսկական պատիժ է։ Գյումրիում ձախողված ընտրությունների համար իշխանությունը, ավելի կոնկրետ` հարազատ թիմը, պատժելու է նրան։ 

Նշենք, սակայն, որ այս իշխանության ներկայացուցիչները նման պրոբլեմներ չունեն, որ գիտակցեն պաշտոնի պատասխանատվության աստիճանը կամ իրենց հնարավորությունների սահմանները եւ ըստ այդմ չպատճառաբանված հավակնություններ չդրսեւորեն: Մինչ ընտրություններն էլ Գյումրիում լուրեր էին շրջանառվում, թե ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հավակնում է մարզպետի պաշտոնին եւ շանսը բաց չի թողնի: Ինչևէ, Նազելի Բաղդասարյանն այսօր հարազատ մարզում է` ոչ թե որպես հեռուստալրագրող եւ հաղորդավար, ինչպես հին ու բարի ժամանակներում էր, այլ՝ պաշտոնյա, որին այլևս միանշանակ չեն ընդունում: Մարդիկ թերահավատ են․ ինչպես է այս անփորձ կինը կառավարելու մարզը:

Շիրակում նա երկրորդ կին մարզպետն է, բայց Լիդա Նանյանին շիրակցիներն այլ կերպ են հիշում՝ տարիքով էր, սկզբունքային, եւ նրա կառավարման տարիներն էին այլ (2007-2010թ):  Մինչդեռ այսօր բազմաթիվ մարտահրավերներ կան, այս պահին մարզի համար առաջնային հարցն Արցախում պատերազմից հետո գերեվարված շիրակցիների վերադարձն է: 62 գերեվարված շիրակցիներից 45-ը շարունակում է գտնվել ադրբեջանական բանտերում, գերիների հարազատներն իրենց որդիների վերադարձի պահանջով Բաղդասարյանին բազմիցս դիմել են` պատգամավոր եղած շրջանում, հիմա կարգավիճակն այլ է, նա է մարզի ղեկավարը, եւ նրան ավելի մեծ պահանջներ են ներկայացվելու: 

Առաջիկայում մարզի խոշորացված մի շարք համայնքներում կրկին ՏԻՄ ընտրություններ են, եւ դրանք մարզկենտրոն Գյումրիից պակաս կարևոր չեն։ Արթիկը ներառում է 23 գյուղական եւ 1 քաղաքային համայնք, Ախուրյանը՝ 10 գյուղական համայնք եւ արդեն իսկ խոշորացված Ախուրյան ու Մարմաշեն համայնքները: Ընտրություններ են նաև խոշորացված Ամասիայում, Աշոցքում: Նորընտիր մարզպետի համար լրջագույն փորձություն են խոշորացված համայնքներում դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրությունները: Գաղտնիք չէ, որ Գյումրիում նախընտրական ցուցակի առաջին համարներում նորանշանակ մարզպետի հարազատներն ու մտերիմներն էին, որը թերևս ընտրությունների ձախողման պատճառներից էր: Նազելի Բաղդասարյանի` մարզպետ նշանակվելուց հետո սպասվում է, որ մոտ օրերս կհաստատվի նրա եղբորը՝ Արման Բաղդասարյանին Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում նշանակելու մասին տեղեկությունը: 

Կադրային մի շարք փոփոխություններ սպասվում են նաև մարզպետարանում: Ներսում շշուկներ կան, թե աշխատակիցներից ոմանք ինքնակամ ազատման դիմումներ են պատրաստել: Կանխատեսելի է նախկին մարզպետի օգնականների, խորհրդականների` աշխատանքից ազատումը: Չնայած ոմանք էլ վստահեցնում են, թե նորընտիր մարզպետը կարող է այլ մարտավարություն որդեգրել: Որևէ մեկին առաջին օրերին աշխատանքից ազատելու ակնարկ դեռևս չի արել, ավելին՝ փորձում է սիրաշահել բոլորին: Նկատենք նաև, որ ընդամենը երկու օր է, ինչ նա ստանձնել է պաշտոնը: 

Ի դեպ, նորանշանակ մարզպետի աշխատանքային առաջին օրը նշանավորվել է նրանով, որ նոյեմբերի 9-ի տարելիցի կապակցությամբ այցելել է «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոն՝ ընդգծելով, թե եռակողմ համաձայնագրի ստորագրումից մեկ տարի անց իր պարտքը համարեց աշխատանքային գործընթացի մեկնարկը տալ՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին։