Ինչո՞ւ են Ֆրանսիայում ձերբակալվել ՀՀ քաղաքացիները, ի՞նչ է սպասվում նրանց

Ինչո՞ւ են Ֆրանսիայում ձերբակալվել ՀՀ քաղաքացիները, ի՞նչ է սպասվում նրանց

Oրերս Le Parisien թերթը, վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը, գրել էր, որ Ֆրանսիայում բողոքի ակցիայի ժամանակ ֆերմերների մի ընտանիքի են վրաերթի ենթարկել, որտեղ մահվան ելք է արձանագրվել, իսկ վրաերթի ենթարկող մեքենայում անօրինական ներգաղթյալներ են եղել՝ հայեր։ Ըստ պարբերականի՝ ավտոմեքենայում եղել են երեք հայաստանցիներ, որոնք տեղում ձերբակալվել են։ 

Ըստ Le Parisien-ի, հայաստանցիները 2022 թվականին Ֆրանսիայից փախստականի կարգավիճակ են խնդրել, սակայն 2023 թ․ աշնանը նրանց վերջնականապես մերժել են և երկրի տարածքը լքելու հրահանգ են տվել։ Քանի որ հաշվառված չեն եղել հատուկ ծառայություններում՝ նրանց անհապաղ արտաքսման անհրաժեշտություն չի եղել։ Եւ նրանք շարունակել են ապրել Ֆրանսիայում։

Այս տեղեկությունները ճշտելու համար հարցում էինք ուղարկել ՀՀ ԱԳՆ՝ խնդրելով պարզաբանել, արդյո՞ք գերատեսչությունը տեղյակ է ֆրանսիական մամուլում վկայակոչվող միջադեպի մասին, որքանո՞վ է այն համապատասխանում իրականությանը և ի՞նչ է մտադիր անել ՀՀ արտգործնախարարությունը Հայաստանի քաղաքացիների հետագա ճակատագրի և հնարավոր աջակցության հարցով։

«Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունն իր իրավասությունների շրջանակներում և հավատարմագրման պետական օրենսդրությանը համապատասխան գործադրում է բոլոր ջանքերը՝ Ֆրանսիայում գտնվող ՀՀ քաղաքացիների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը երաշխավորելու համար»,-նշված է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պատասխանի մեջ՝ առանց մանրամասնելու, թե ինչ են հասկանում «իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը երաշխավորելու» ներքո։