Արևմուտքի սատարումը հերթական բարոյական Ավարայրը կլինի

Արևմուտքի սատարումը հերթական բարոյական Ավարայրը կլինի

Վերջին շրջանում Հայաստանի իշխանություններն ավելի են սրում Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Մի շարք քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ նրանց հայտարարություններն ու քայլերը Հայաստանի համար համարում են չափազանց վտանգավոր, որից տուժելու է Հայաստանը, որը անվտանգային և տնտեսական հարցերում կախված է Ռուսաստանից։ Ամեն անգամ՝ նոր հակառուսական հայտարարություններին հաջորդում է ռուսաստանցի տարբեր պաշտոնյաների սուր արձագանքը, որից հետո հայկական կողմը նոր հայտարարություններով ավելի է սրում վիճակը։ Վերջերս պարզ դարձավ, որ հայկական կողմը դիմել է ռուսական կողմին, որպեսզի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հեռացվեն ռուս սահմանապահ ծառայողները։ Այս մասին հայտարարեցին և՛ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, և՛ ԱԽ քարտուղար Արմեն Գևորգյանը։ Այս ամենից հետո նաեւ հայտարարեցին, որ ժամանակն է, որ ռուսական զորքը՝ 102-րդ ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից։

Թե ինչ հետևանքներ և ինչ նպատակներ կարող են հետապնդել իշխանությունների այս քայլերը զրուցել ենք «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ի  ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ։

-Իշխանությունները սկսել են հայտարարել, որ ռուս սահմանապահները, 102-րդ ռազմաբազան պետք է դուրս բերվեն Հայաստանից։ Արդյո՞ք իշխանությունները Արևմուտքից ստացել են բավարար երաշխիքներ, որ կապահովեն Հայաստանի անվտանգությունը, որ գնում են այս քայլին։

-Ես կարծում եմ` ոչ, ոչ մի երաշխիք էլ չեն ստացել։ Այս քայլով, և օրեր առաջ «Իրազեկ քաղաքացիներ միավորման» ՀԿ-ի ղեկավարը դատի է տվել Խոսրով Հարությունյանին, որ Հարությունյանը 1992 թվականին՝ առանց Գերագույն խորհրդի որոշման թույլատրել է, որ օդանավակայանում տեղակայվեն ռուս սահմանապահներ։ Իմ համոզմամբ, այս ամենն իրականացվում է Փաշինյանի համաձայնությամբ, և այսքանից հետո ակնհայտ է, որ հաջորդ թիրախը լինելու է 102-րդ ռազմաբազան, որի մասին օրերս հայտարարեց նաև Զատուլինը։ Այս քայլին գնալով, Նիկոլը երաշխիքներ է ստացել Արևմուտքից, և այս քայլերով փորձում է տոտալ երաշխիքներ ստանալ՝ լուծելու համար ընդամենը մեկ խնդիր՝ իր և իր ընտանիքի անձնական անվտանգության խնդիրը։ Եթե մարդիկ կան, որ մտածում են, որ սա ընդամենը աշխարհաքաղաքական կողմնորոշում փոխելու խնդիր է, որ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ Հայաստանի հեռանկարն այս պահին Արևմուտքի հետ ավելի արդյունավետ կլինի, ապա ասեմ, որ այսպես մտածողները պետք է իմանան, որ սա ընդամենը քաղաքական ինքնախաբեություն է՝ երազախաբություն է, որովհետև Նիկոլը հասկանում է, որ Ռուսաստանի հետ իր կամուրջները այրել է, և այս պահին փորձում է լուծել իր և իր ընտանիքի համար անձնական անվտանգություն ստանալու երաշխիքի հարցը։ Այդ ամենը մատուցելով Արևմուտքին՝ ինքը ուզում է ասել, որ ես կարող եմ Հայաստանը դարձնել Ռուսաստանի դեմ պատերազմի դաշտ, եթե ստանամ անձնական երաշխիքներ անվտանգության համար։ Բայց ես չեմ կարծում, որ որևէ եվրոպական երկիր, այդ թվում` Ֆրանսիան, իրեն տալու է այդ երաշխիքները։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է՝ ի տարբերություն իր էլեկտորատի, թիմի, իշխանություն չունենալու դեպքում պատասխանատվության է ենթարկվելու, և այդ ժամանակը սրընթաց մոտենում է, և վախենում է հայտնվել Սաահակաշվիլի օրը, որն այս պահին Վրաստանի բանտերից մեկի հոգեբուժարանում է։ Գիտակցելով այս ամենը, Հայաստանը ցանկանում է դարձնել Ռուսաստանի հետ բախման դաշտ, և լուծել իր անվտանգության հարցը։ Շատ պարզ է, և աշխարհաքաղաքական «շպագատներ» փնտրել պետք չէ։ 

-Նիկոլ Փաշինյանը կհասնի՞ նրան, որ 102-րդ ռազմաբազան դուրս բերվի Հայաստանից։

-Կարծում եմ՝ այո։ Չնայած նրան, որ իրենք ասում են, որ իրենց օրակարգում  նման խնդիր չկա այս պահին, բայց Արևմուտքի կողմից անձնական երաշխիքներ ստանալու ճանապարհին, ինքը անելու է տոտալ, հակառուսական քայլեր։ Ինձ արդեն զանգահարում են, և հայտնում են, որ Լարսում արդեն մի քանի օր է, որ բավականաչափ լարված է՝ մեքենաների մի մասին բաց է թողնում ռուսական կողմը, մի մասի համար ստեղծում են արհեստական խոչընդոտներ, և այս մոտեցումները ռուսական կողմից դեռ ավելի է կոշտանալու, և մեր հասարակությունը պետք է հասկանա, որ այսօր, Ռուսաստանին դարձնելով թշնամի, դրանից տուժելու է Հայաստանի 2,5 միլիոն բնակչությունը, և Ռուսաստանում ապրող՝ 3 միլիոն հայերը։ Ինքս մեծ վեհապահումներ ունեմ Ռուսաստանի նկատմամբ, թե ինչպիսի բարեկամ է, բայց ես միանշանակ կարող եմ ասել, որ որևէ երկրի չեմ ցանկանա ունենա  Ռուսաստանի պես թշնամի, և հատկապես Հայաստանը, որը նշանակելու է, ինչպես օրերս Ադրբեջանի միլիմեջլիսի պատգամավորներից մեկը դիմելով Ռուսաստանին, մեջբերում եմ, ասաց․ «Հաշվի առնելով, Հայաստանի արևմտյան ռևերանսները, ես կարծում եմ, որ Ռուսաստանի համար շատ ավելի շահեկան և անվտանգային առումով ընդունելի կլինի, որ Ադրբեջանը վերցնի Արևմտյան Ադրբեջանը»։ Իրենք ասելով Արևմտյան ադրբեջան նկատի ունեն Հայաստանի ներկայիս տարածքը, և ստեղծված իրավիճակից օգտվելով՝ դիմելով ռուսներին, այս կերպ հասկացնում են, որ այդպես ավելի անվտանգ կլինի Ռուսաստանի համար, քանի որ Ադրբեջանը ավելի կանխատեսելի կլինի, քան Հայաստանը, իսկ դա նշանակում է, որ հնարավոր նոր պատերազմի դեպքում, ինչը կանխատեսում են նաև միջազգային ճգնաժամային կենտրոնները, Ռուսաստանը դիտորդի դերում նայելու է՝ թե ինչպես է Ադրբեջանը կուլ տալիս Հայաստանի Հանրապետությունը։ 

-Ձեր կարծիքով, Արևմուտքը չի՞ կասեցնի Հայաստանի դեմ  պատերազմի վտանգը։

-Իհարկե՝ ոչ։ Արևմուտքը բացի բանավոր՝ A4 ֆորմատի թղթային հայտարարություններից որևէ բան չի կարող անել, և բնականաբար զորք էլ չի ուղարկելու, որ այստեղ կռվեն՝ ադրբեջանական բանակի դեմ, ինչպես չի ուղարկել և չի ուղարկելու Ուկրաինա: Ավելին, երբ Մակրոնը անզգուշությամբ հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի զորքերը կկռվեն Ուկրաինայում, և չանցած րոպեներ եվրոպական երկրների առաջին դեմքերը հայտարարեցին՝ 1 զինվոր ռուս-ուկրաինական պատերազմում չի մասնակցելու, և Արևմուտքի սատարումը հերթական բարոյական Ավարայրը կլինի։