Քաղաքապետն ասում է՝ աշխատանքի տեղավորեք, աշխատակիցն ասում է՝ քաղաքապետարանն աշխատանքի տեղավորման գործակալություն չէ

Քաղաքապետն ասում է՝ աշխատանքի տեղավորեք, աշխատակիցն ասում է՝ քաղաքապետարանն աշխատանքի տեղավորման գործակալություն չէ

Նախօրեին Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու հերթական նիստի ժամանակ հայտարարել է, որ պետք է փորձեն արցախցիների զբաղվածության հարցը լուծել, մասնավորապես նշելով․ «Կարծում եմ, որ արդեն ժամանակն է, որպեսզի Երեւանի քաղաքապետարանը մի փոքր ակտիվ լինի Արցախից բռնի տեղահանված անձանց ինտեգրացիայի հետ կապված, այսինքն, մենք՝ ինքներս, փորձենք որոշակի ծրագրեր ներկայացնել, որովհետեւ միայն սոցիալական օգնության ծրագրերը բավարար չեն, այսինքն՝ ինտեգրացիայի տեսանկյունից պետք է հասկանալ, թե այդ մարդկանց զբաղվածության հարցն ինչպես պետք է լուծվի»։

Արցախի Հանրապետության սպորտի վաստակավոր մարզիչ Արմեն Պետրոսյանը, ով զբաղեցրել է ԱՀ կրթության նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչի պաշտոնը, 15 տարի աշխատել է Արցախի հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցում՝ որպես կիոկուշին կարատեի մարզիչ, մարզական ձեռքբերումների համար 9 անգամ պարգեւատրվել է հանրապետության նախագահի կողմից, տեղահանությունից հետո Երեւանում մնացել է անաշխատանք։ Անդրադառնալով քաղաքապետի հայտարարությանը՝ մեզ հետ զրույցում ընդգծում է, որ քաղաքապետարանում իրարից անտեղյակ են, որովհետեւ նույն քաղաքապետարանի աշխատակիցները տարբեր պատասխաններ են տալիս։

«Ես աշխատանքի համար դիմել եմ Երեւանի քաղաքապետարանի սպորտի վարչություն, նաեւ՝ քաղաքապետին, որպեսզի հաշվի առնելով իմ համապատասխան պաշտոնը, նույնիսկ իմ նախկին պաշտոնից մեկ աստիճան ցածր պաշտոնով թաղապետարաններում, կրթության ու սպորտի բաժնում զբաղեցնեմ գլխավոր մասնագետի կամ որեւէ մարզադպրոցում ուսմասվարի, տնօրենի պաշտոն։ Բայց ինձ ասել են՝ Ձեր դիմում գրելն ավելորդ է, որովհետեւ քաղաքապետարանն աշխատանքի տեղավորման գործակալություն չէ։ Այսինքն, քաղաքապետն ասում է՝ մարդկանց պետք է աշխատանքի տեղավորենք, իսկ քաղաքապետարանի աշխատակիցն ասում է՝ քաղաքապետարանն աշխատանքի տեղավորման գործակալություն չէ։ Ինձ անգամ ասացին՝ դիմում էլ մի գրի, անիմաստ է, բայց ես ասացի՝ ոչինչ, ուրեմն թող ինձ պատասխանեն, որ իմ դիմումն անիմաստ է»,- ասում է Ա․ Պետրոսյանն ու հավելում, որ իր դիմումին կից ներկայացրել է նախկին աշխատանքային վայրերը, դիպլոմի ու մասնագիտության պատճենները, բայց իրեն պատասխանել են, որ հետեւի կայքին ու թափուր աշխատատեղեր լինելու դեպքում մասնակցի մրցույթներին։ Այսքանը։

«Բայց հենց գալիս է աշխատանքի, մրցույթի պահը, պարզվում է՝ քանի որ քո անձնագիրը 070 կոդ ունի, դու իրավունք չունես զբաղեցնել հանրային պաշտոն։ Այսինքն՝ կան արգելքներ, որոնք արհեստածին են, եւ ինձ համար նույնիսկ զարմանալի է, թե քաղաքապետը, որ այդպիսի հայտարարություններ է անում, զուտ փիառի՞ համար է հայտարարում, թե՞ տեղյակ է նման բանի մասին։ Եթե տեղյակ է, ապա ինքն ինչպե՞ս է շրջանցելու այդ արգելքները եւ մարդկանց տեղավորելու աշխատանքի։ Իսկ եթե տեղյակ չէ, ապա ինչո՞ւ է ինքն այդպես փիառ անում, իբրեւ թե արցախցիների մասին հոգ են տանում, եւ հարկավոր է, որ իրենց գործի տեղավորեն։ Ընդ որում, գործի տեղավորել՝ հաշվի չառնելով մարդկանց անցած ճանապարհը, ուղին, կոչումները, պաշտոնները, կրթությունը եւ ընդհանրապես՝ ունեցած ունակությունները, մի՞թե կարելի է բոլորին բանվորի հաստիքում տեղավորել։ Աշխատանքի մասին բոլոր հայտարարությունները կրում են ձեւական բնույթ, զուտ ցույց տալու համար, թե իրենք իբր մտածում են արցախցիների մասին։ Եթե մտածեին, այսպիսի արգելքներ չէին ստեղծի, որ մարդիկ ստիպված լինեն լքել Հայաստանը։ Օրինակ, իմ կնոջ 2 քույրերն ընտանիքներով արդեն արտագաղթել են Ռուսաստան, պատճառն աշխատանքն է, վերաբերմունքը, մարդիկ գնում են աշխատանքի համար հարցազրույցի եւ երբ նշում են իրենց նախկին աշխատանքի վայրը, օրինակ՝ որ աշխատել են կաթնամթերքի արտադրամասում, գործատուն չի հարցնում, թե դուք այնտեղ ինչ պաշտոն եք զբաղեցրել, որպեսզի իմանա մարդու ունակությունները, ու թե ինչ աշխատանք առաջարկի, այլ պատասխանը լինում է սա՝ էդ էլ ա՞ Քոչարյանինը, եւ մարդիկ ստիպված են լինում կա՛մ վրդովվել, կա՛մ վեճի բռնվել, թե դա ինչ կապ ունի իրենց մասնագիտական ունակությունների հետ»,- նշում է Ա․ Պետրոսյանը։  

Ըստ զրուցակցիս՝ արտագաղթի պատճառ են հանդիսանում նաեւ այդ ստիպողական գրանցումները, մինչդեռ մարդիկ վերջնական հասցեներ դեռ չունեն․ «Մարդիկ կան, որ ամեն ամիս հասցե են փոխում, հասկանալի պատճառով՝ ավելի էժան տուն գտնելու կամ տանտիրոջ կողմից արգելքի դեպքում, երբ չեն կարող հաշվառվել, մարդիկ սկսում են արդեն այլ հասցեներ ման գալ, իսկ հաշվառումն արդեն պարտադիր բնույթ է կրում, եթե չեն հաշվառվում, արդեն զրկվում են թոշակներից, նպաստներից եւ այլ հարցերից»։

Ըստ Պետրոսյանի, անկախ նրանից՝ քո դիմում-նամակը հասցեագրում ես Երեւանի քաղաքապետին, թե ԿԳՄՍ նախարարին, միեւնույն է՝ պատասխանում են ստորին օղակներից․ «Բոլոր տեղերում դիմումները հասցեատերերին չեն հասնում, եւ ինչ-որ բաժնի, հիմնականում՝ անձնակազմի կառավարման վարչության կողմից է տրվում պատասխանը, որը կրում է արձանագրային բնույթ, այսինքն՝ չեն էլ ընթերցում, հասկանում են այդ նամակների բնույթը եւ «քոփի-փաստ» անելով՝ նույնաբովանդակ նամակներ ուղարկում բոլորին»։ Զրուցակիցս նշում է, որ չգիտի իր շրջապատում գոնե մեկ արցախցի մարզչի, ով Հայաստանում աշխատում է իր մասնագիտությամբ։

«Կոնկրետ աշխատանքի տեղավորման հարցում քաղաքապետարանը ոչ մի իրական գործ չի իրականացնում, կա՞ քաղաքապետարանի կողմից հրապարակված ինչ-որ ցանկ՝ թափուր պաշտոններով, մասնագիտություններով, նշված տեղերով, աշխատավարձով, որպեսզի մարդիկ կարողանան տեսնել եւ որոշել՝ իրենք մասնակցե՞ն այդ աշխատանքին, թե՞ ոչ։ Ինչո՞ւ են նաեւ շատ մարդիկ հրաժարվում որոշ աշխատանքներից․ որովհետեւ աշխատանքի ծավալը մեծ է, աշխատավարձը՝ քիչ, իսկ իրենք ունեն նաեւ 2-րդ աշխատանքի կարիք, որպեսզի կարողանան իրենց կարիքները հոգալ, բայց ժամանակի մեջ չեն կարողանում տեղավորվել, որովհետեւ մարդուն առավոտից իրիկուն աշխատեցնես ու տաս ընդամենը կոպեկնե՞ր՝ 90 կամ 100 հազար, որն այն աշխատավարձը չէ, որ ինքը կարողանա 300 հազար տան վարձ վճարել։ Կոնկրետ իմ շրջապատում ես չգիտեմ մարդ, որը զբաղեցրել է հանրային նշանակության պաշտոններ, եւ եթե պատճառաբանությունը միայն անձնագրի 070 կոդն է, ապա նույն՝ 070 կոդը գործում էր նախքան սեպտեմբերյան պատերազմը, եւ այդ նույն կոդով այստեղ մարդիկ զբաղեցրել են բավականին բարձր պետական պաշտոններ, ինչո՞ւ է այդ արգելքն արհեստականորեն ստեղծված, կարելի էր Ազգային ժողովում այդ հարցը մեկ ընթերցմամբ լուծել եւ 070 կոդը հավասարեցնել մնացած գործող կոդերին եւ հաշվառման այլ կարգ մտածել, որպեսզի մարդիկ կարողանան հաշվառվել ընդամենը մեկ հասցեում, թե չէ անձնագրային բաժինն օրական միայն 25 հոգու է կարողանում հաշվառել, անհասկանալի ձգձգումներ, որի բացատրությունը ես ունեմ․ ամեն ինչ կատարվում է դիտավորյալ կերպով, որպեսզի ժամանակի ընթացքում քչացնեն արցախցիների թիվը։ Խնդիրը սա է, որը, ինչպես Արցախի հանձնումը, իրենց մոտ ստացվում է փայլուն»,- ցավով եզրակացնում է Ա․ Պետրոսյանը։