Հայրենասիրությունը որպես հանցագործությո՞ւն

Հայրենասիրությունը որպես հանցագործությո՞ւն

16-17-րդ դարերի արանքում (1598-1613 թթ.) Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունները ռուսական պատմագրության մեջ անվանում են խառնակչություն (смута), իսկ ժամանակաշրջանը` խառնակ: Լեհական օժանդակությամբ ռուսական գահին հայտնվեցին Դմիտրի անվանված երեք կեղծ գահաժառանգներ: Այն ավարտվեց ժողովրդական ըմբոստությամբ ու Ռոմանովների արքայական տան հաստատմամբ: Իսկ ժողովրդական ըմբոստությունը կազմակերպել և ղեկավարում էին առևտրական Մինինն ու իշխան Պոժարսկին, որոնց հուշարձանն ավելի քան երկու դար զարդարում է Մոսկվայի կենտրոնը:

Գանք 21-րդ դարասկզբի Հայաստան: 2018 թվականի, այսպես կոչված, «ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության» արդյունքում իշխանությունը գրավեց Տեր-Պետրոսյանի հոգեզավակ և նրա կողմից էլ «ազգակործան պատուհաս» անվանված Փաշինյան Նիկոլը: Իշխանության գալով «արցախյան բեռից» ազատվելու գաղափարով՝ հանուն «սերգոջաների» լավ ապրելու, վերջինս 2020 թվականին կյանքի կոչեց այն մի քանի հազար երիտասարդների կյանքի ու շատ ավելի մեծ քանակով հաշմվածների առողջության հաշվին: Սակայն քանի որ ռուսական միջամտության պատճառով չկարողացավ ավարտին հասցնել իր սատանայական ծրագիրը՝ վարչապետի աթոռից մնաց կառչած: Կես տարի անց էլ հրաժարական ներկայացնելով ու մնալով պաշտոնին՝ վերընտրվեց այդ վարչապետի պաշտոնին:

2020 թ.-ի 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունն արձանագրելու կապակցությամբ դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանում ծագեց անհանգիստ ու հայրենասիրությամբ օժտված անձանց ըմբոստությունը: Ճիշտ այնպիսին, ինչպիսին 1611 թվականի աշնանը Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում առաջացածն էր: Բայց ի տարբերություն ռուսական աշխարհազորային շարժման՝ երևանյանը չուներ առաջնորդներ. այն ինքնաբուխ էր: Ու այդ պատճառով էլ այն անհաջողության մատնվեց: Ժողովրդավարության անվան ներքո Փաշինյան Նիկոլը պահպանեց իր իշխանությունը, որպեսզի շուրջ երեք տարի անց վերջնականապես ավարտին հասցներ սատանայական իր ծրագրի առաջին արարը՝ «արցախյան բեռից» ազատվելը: Ինքնաբուխ ըմբոստության մասնակիցներն էլ փակվեցին բանտերում: 

Իսկ ինչ եք կարծում՝ ո՞ր դեպքում Մինինի ու Պոժարսկու աշխարհազորայիններն էլ կլցվեին բանտերը: Չնայած հարց տվողը ես եմ՝ ես էլ պատասխանեմ. այն դեպքում, եթե նրանք պարտություն կրեին Ռուսաստանի մայրաքաղաքը գրաված լեհերի կողմից: Դա՝ մեկ, և երկրորդ՝ եթե այդ պարտությունը լիներ ճակատագրական՝ ժողովրդական ըմբոստությունից երկու դար անց Մոսկվայում չէր կանգնեցվի հայրենասեր հերոսների հուշարձանը: Իսկ մեզանում, ինչպես գիտենք, նման հուշարձան գոյություն չունի: Ընդհակառակը, դրանք անվանվեցին ծայրահեղականներ, ահաբեկիչներ և որպես այդպիսին դրանցից ոմանք համապատասխան վայրերում կրում են իրենց պատիժը: Արդյունքում Հայաստանում պահպանվեց կեղծ ժողովրդավարությունը, իսկ հայրենիքի մի մասը՝ Արցախը, հանձնվեց թշնամուն: Հայաստանի Հանրապետությունն էլ «ձեռք բերեց» անվտանգության ծանրագույն սպառնալիքներ:

Վերջաբանի փոխարեն. հիմա հարցը՝ որն էր մեր երկրի համար ավելի կարևոր՝ Եվրոպական խորհրդարանում ծափահարության արժանացող նիկոլական կեղծ ժողովրդավարությո՞ւնը, թե՞ Արցախի պահպանումն ու ընդհանրապես մեր հայրենիքի իրական անվտանգությունը: