Մաքուր սպեկուլյացիա է, երբ ասում են՝ աշխարհում չկան պետական ֆինանսավորմամբ թատրոններ

Մաքուր սպեկուլյացիա է, երբ ասում են՝ աշխարհում չկան պետական ֆինանսավորմամբ թատրոններ

Ի համերաշխություն ԿԳՄՍՆ-ի կողմից լուծարվող «Գոյ» թատրոնի, այս օրերին շատերն են իրենց ձայնը բարձրացրել, բայց շատերն էլ կողմ են ԿԳՄՍՆ որոշմանը, որը, որպես հիմնավոր փաստարկ, նշում է այն հանգամանքը, որ եթե թատրոնը ՊՈԱԿ է՝ պետական ոչ առեւտրային կազմակերպություն, ուրեմն պետությունն է իրավասու որոշել նրա ճակատագիրը, իսկ պետությունն այս դեպքում նպատակահարմար չի համարում, որ մի շենքում 2 թատերական կոլեկտիվ գործի։ Ավելին՝ շատերի կարծիքով, մեր երկրում շատ են պետության կողմից ֆինանսավորվող պետական թատրոնները, որոնք պետության համար ֆինանսական մեծ բեռ են, եւ աշխարհում էլ շատ քիչ են պետական ֆինանսավորմամբ թատրոնները։

«Ամբողջ խնդիրն այն է, որ լիքը սպեկուլյացիա կա դրա շուրջ, որովհետեւ մարդիկ կա՛մ չեն հասկանում, կա՛մ տեղյակ չեն ու դրա համար էլ կանգնում ասում են՝ դե, աշխարհում պետական թատրոններ չկան, միայն մեզ մոտ են, ինչո՞ւ պետք է լինեն պետական թատրոններ,- ասում է Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն ու շարունակում։- Դա մաքուր սպեկուլյացիա է, ես հիմա ասում եմ, որ աշխարհում չկա չֆինանսավորվող թատրոն։ Թատրոնն ինքն իրենով չի կարող ապրել աշխարհի որեւէ երկրում, օրինակ՝ Բոննի քաղաքապետարանը 38 թատրոն է ֆինանսավորում, դրանք, իհարկե, փոքր թատրոններ են՝ 30-40 տեղանոց փոքրիկ դահլիճներով, բայց եթե անգամ պետական կառույցները մի կողմ թողնենք, ապա ամենատարբեր աղբյուրներից, ֆոնդերից այդ թատրոնները ֆինանսավորվում են, իսկ դա նշանակում է, որ առանց ֆինանսի գոյություն չունի թատրոն։ Հիմա թե պետությունն ինչպես է մտածում եւ ինչ մեխանիզմով է գումարը տրամադրում, դա երկրորդ խնդիրն է։ Ինքնաֆինանսավորվող թատրոնը երկար կյանք չի կարող ունենալ, նույնիսկ եթե ինքնաֆինանսավորվող է, ապա պետք է գոնե ինչ-որ հովանավոր ունենա, ինչը շատ բարդ խնդիր է»։

Ժ․ Դադասյանի դիտարկմամբ, հարցի այլ կողմն է, թե ինչ մոդելի թատրոնի մասին է խոսքը գնում․ «Խաղացանկային մոդելի թատրոնը մեկ բան է, որով մենք առաջնորդվում ենք, որը նաեւ Խորհրդային Միությունում է եղել, Ռուսաստանում է պահպանվել, բայց Եվրոպայում համարյա չի պահպանվել, մասամբ պահպանվել է Իտալիայում, Գերմանիայում, իսկ մյուս երկրներում համարյա թե չկան, հիմնականում առանձին պրոյեկտների շուրջ են հավաքվում թատրոնները, ֆինանսավորում են ստանում ու աշխատում են մի պրոյեկտի վրա։ Ի դեպ, դրանով հանդերձ, իրենք առհասարակ տապալել են թատրոնների զարգացումն իրենց երկրներում, որովհետեւ կոնկրետ մի պրոյեկտի շուրջ հավաքվում են, խաղացին, վերջացավ-գնաց։ Հետո այդ խումբը նորից քանդվում է, մինչեւ մի նոր պատվեր ստանան, ֆինանսավորում գտնեն, նորից հավաքվում են, մի քիչ խաղում, ու վերջ։ Բայց խաղացանկային թատրոնն ունի շատ առավելություններ․ նախ մշակում է քաղաքականություն, հասարակության մեջ ձեւավորում է որոշակի ազդակներ՝ իր մտածողությունը, գեղագիտությունն ու ասելիքն առաջ տանելու համար, իսկ հանդիսատեսն էլ հնարավորություն է ունենում ընտրելու այդ թատրոնները։ Հիմա դու քո հանդիսատեսին զրկում ես այդ հնարավորությունից։ Ես կարծում եմ, որ մեզ համար մեծ առավելություն է, որ մենք պահպանել ենք խաղացանկային թատրոնը, ավելին՝ մենք պահպանել ենք թատրոնն առհասարակ, որովհետեւ կինոն չկարողացանք պահպանել, ո՞նց կարող ենք մենք ունենալ կինո, երբ մի կինոթատրոն ունենք, դրա համար էլ բազմաթիվ խնդիրներ կան՝ կինոյի հետ կապված։ Թատրոնի վիճակը շատ ավելի բարվոք է, բայց, ցավոք սրտի, այն ոգեւորությունը, որ մենք կարողացել ենք գոնե թատրոնը պահպանել եւ զարգացնել, մարում է, որովհետեւ ինչ-որ տարօրինակ բաներ են տեղի ունենում մեր շուրջ։ Անհասկանալի ձեւով, առանց համակարգային մոտեցման ինչ-որ տեղափոխություններ ու տեղաշարժեր են տեղի ունենում․ փակվեց Կամերային երաժշտական թատրոնը․․․, որը պետք է չփակվեր։ Եթե այդ թատրոնի էսթետիկան, խաղացանկը չէին բավարարում, կարելի էր այնպիսի կադրային նշանակում անել, որպեսզի բավարարեին, ինչը պետության խնդիրն է, որովհետեւ եթե գլուխդ ցավում է, գլուխ կտրելը չի օգնի, պետք է բուժել։ Ինչ վերաբերում է «Գոյին», ապա «Գոյի» դեպքը լրիվ առանձնահատուկ է, որովհետեւ «Գոյն» իր էսթետիկական գունապնակն ունի, որը տարբերվում է բոլոր մնացած թատրոններից, այսինքն՝ դա մի թատրոն է, որն իր հանդիսատեսն ունի, նա ընտրում է այդ թատրոնը, եւ անիմաստ ու անհասկանալի է, թե ինչ դրդապատճառներից ելնելով է փակվում այդ թատրոնը»։

Պետությունը, այս դեպքում՝ իշխանությունը, սրանով ի՞նչ խնդիր է լուծում, ուզում է, ինչպես իրենք են նշում, պետական միջոցներն արդյունավե՞տ կառավարել, թե՞ այս հարցի տակ ավելի շատ քաղաքական ենթատեքստ կա, եւ այսկերպ փորձում են ազատվել իրենց հակառակվող թատրոններից։ «Ինձ համար դժվար է ասել, թե մեր պետությունն այստեղ ինչ խնդիր է լուծում, որովհետեւ ես նույնկերպ չեմ կարողանում հասկանալ, թե ուրիշ տեղ ինչ խնդիր է լուծում, այսինքն՝ ես դրանց տրամաբանությունը չգիտեմ ու չեմ տեսնում։ Ես բեմադրիչ եմ, ու ինձ համար հեշտ է համակարգված մտածողության հետ գործ ունենալ, բայց երբ ես չեմ տեսնում համակարգված մտածողություն, ինձ համար մասնակի քայլերը վերլուծելը շատ բարդ է, դրա համար ես չգիտեմ նպատակները, դրանք վայրկենական որոշումնե՞ր են, թե՞ այնքան խորն է համակարգված, որ դրանց իմաստը չեմ կարողանում հասկանալ։ Նույնկերպ ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու մեր փոքրիկ թատրոնի շինարարությունը 5 տարի շարունակ ոչ մի կերպ չի ավարտվում։ Մենք արդեն տեղափոխվել ենք մեր շենքի վերանորոգված հատվածը, դա ադմինիստրատիվ մասն է, որն արդեն վերանորոգված է, բայց տեղափոխվել ենք ստիպված, որովհետեւ արդեն Պատանի հանդիսատեսի թատրոնում էլ պետք է շինարարություն սկսվի, եւ մի 3 տարի էլ կանգնելու է այդ թատրոնը։ Բայց եթե մենք տեղափոխվեցինք մեր տուն, թեկուզ՝ կիսակառույց, եւ փնտրում ենք, թե ներկայացումները որ բեմերում խաղանք, Պատանի հանդիսատեսի թատրոնն ո՞ւր է գնալու եւ ի՞նչ է անելու։ Ես արդեն 25 տարի է՝ թրծվել եմ, որովհետեւ թատրոնի 50 տարվա գոյության պատմության մեջ միայն 25-ը ես եմ ղեկավարում, կարողացել ենք օրգանիզմը պահպանել՝ այստեղ-այնտեղ խաղալով, բայց ես չգիտեմ՝ Պատանի հանդիսատեսի թատրոնը կարողանալո՞ւ է այդպես անել, թե՞ ոչ։ Կարո՞ղ է հանկարծ այնպես ստացվի, որ ամպեր կուտակվեն նաեւ այդ թատրոնի գլխին, որովհետեւ 3 տարի չգործելը լուրջ ժամկետ է»։         

Այս բոլոր գործընթացները, ըստ Ժ․ Դադասյանի, բացասական ազդեցություն են թողնում ոլորտի վրա, առնվազն հիասթափություն է առաջանում․ «Հիմա ես երիտասարդների հետ շատ եմ աշխատում,  ինստիտուտում դասավանդում եմ, ու երեխեքը տեսնոմ են, որ մե՛կ այս թատրոնը փակվեց, մե՛կ այն թատրոնը, ըստ այդմ, իրենք ի՞նչ աշխատանք պետք է ունենան վաղը-մյուս օրը, իրենք իրենց մասնագիտությամբ որտե՞ղ կարող են դրսեւորվել, ու դա շատ ցավոտ խնդիր է, ես չգիտեմ, թե դրա լուծումն ինչպես պետք է լինի»։

Թատերական ոլորտում առկա խնդիրների կողքին Ժ․ Դադասյանին այսօր ավելի շատ մտահոգում է մեր երկրի վիճակը, մասնավորապես այն, թե Արցախից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրներն ինչ հոգեվիճակում են։ «Եվ հայրենիքը կորցնելուց հետո արդյոք կա՞ հույս, որ մի օր հնարավոր կլինի վերադառնալ Արցախ»։