Հայաստանը կարող է ունենալ նոր կորուստներ, իսկ Արեւմուտքը կրկին կշնորհավորի Ալիեւին

Հայաստանը կարող է ունենալ նոր կորուստներ, իսկ Արեւմուտքը կրկին կշնորհավորի Ալիեւին

Հարցազրույց «Հայկական նախագծի» համահիմնադիր, կովկասագետ Կարեն Իգիթյանի հետ 

- Հայաստանում զգալիորեն աճել են հակառուսական տրամադրությունները՝ մարդիկ մեղադրում են ռուսական կողմին, որ չկանգնեցրեց Արցախի հայաթափումը։ Արդյո՞ք այսկերպ մտածող մարդիկ իրավացի չեն։

- Հակառուսական տրամադրությունները Հայաստանում կան եւ ավելանում են, բայց պետք է հիշեցնել՝ դրանք եղել են նաեւ նախկինում։ Հակառուսական քարոզ արել են պրոարեւմտյան փորձագետները, լրատվականները, մի շարք հասարակական կազմակերպություններ։ Այն ժամանակ էլ, երբ Արցախի ռազմական գործողությունները սառեցված էին, եւ բանակցությունները գնում էին մեր օգտին, այդ մարդիկ, լրատվականները, մի շարք ՀԿ-ներ ասում էին՝ Հայաստանում կոռուպցիա է, քանի որ Ռուսաստանում էլ կա կոռուպցիա, եւ մենք կապված ենք իրենց հետ: Ասում էին, որ Հայաստանը չի զարգանում, քանի որ Ռուսաստանը չի ցանկանում, որ Հայաստանը զարգանա, եւ այսպես տարբեր բաներ։ Այսինքն՝ օգտագործում էին տարբեր առիթներ, գտնում էին տարբեր թեմաներ, որ ասեին` Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը մեզ համար խնդիրներ է ստեղծում, որ մենք զարգանանք։ Հետո, երբ 18-ին իշխանության եկան այսօրվա իշխանությունները, ավելացավ հակառուսական քարոզը, որի արդյունքում Հայաստանն աստիճանաբար զրկվում էր Ռուսաստանի հնարավորություններից, որից ավելանում էին Հայաստանի խնդիրները, եւ ամեն անգամ այդ խնդիրների պատճառով արեւմտյան քարոզիչներն ավելի շատ էին մեղադրում Ռուսաստանին։ Հակառուսական տրամադրությունները չեն սկսել տարածվել 20-ից հետո՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմի համար։ Ինչ վերաբերում է 2023-ին, ապա պետք է շեշտել՝ Ռուսաստանը չի կատարել իր պարտականություններն Արցախի հարցում։ Ավելին, այդ օրերին սպանվեցին ռուս զինվորականներ Արցախում՝ ադրբեջանցիների կողմից, բայց Ռուսաստանը ոչինչ չարեց: Իսկ երբ Հարավային Օսիայում վրացիների առաջին հարվածից զոհվեցին 15 ռուս զինվորականներ, իրենք արձագանքեցին։ Ռուսաստանում եղել է քաղաքական որոշում՝ չխառնվել, գուցե չունենալո՞վ այդ պահին բավարար հնարավորություն։ Բայց մի բան ակնհայտ է․ եթե Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները լինեին լավ, Ռուսաստանը կկարողանար եւ կունենար լծակներ՝ ազդելու Ադրբեջանի վրա։ 

- Ինչո՞ւ Ռուսաստանը չկանգնեցրեց Ադրբեջանին, որ Արցախը չհայաթափվեր։

- Կարծում եմ՝ Ռուսաստանում համարեցին, որ հեշտը հարցն այդ պահին այդկերպ լուծելն էր, քան ունենային նոր մեծ ճակատ Ադրբեջանի հետ։ Այդ պահին Արցախն ուներ 5 հազար զորք, Հայաստանը` 40, Ադրբեջանը՝ 100 հազար, եւ երբ սկսվում են բուն ռազմական գործողությունները, Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ իրենք չեն խառնվելու։ Այլ բան, եթե Հայաստանից չլիներ նման հայտարարություն, Ռուսաստանը կխառնվեր, բայց Հայաստանը հայտարարեց, հետեւաբար, Ռուսաստանը եթե խառնվեր, մենակ էր լինելու, եւ իրենք կատարեցին հաշվարկ․ թող հայերը դուրս գան... իրենք բանակցել էին Ադրբեջանի հետ, որ մենք չենք միջամտի, այն պայմանով, որ պետք է թույլ տաք հայերը դուրս գան՝ չցեղասպանվեն, եւ մենք էլ մնում ենք մինչեւ 25 թվականը։ Իրավիճակից ելնելով՝ նման որոշում են ընդունել, որը կիսատ, սխալ է հաշվարկված ռուսների կողմից՝ Հարավային Կովկասում իրենց ներկայությունն այդ ձեւով ապահովելու համար։ 

 - Կառավարության ղեկավարը պե՞տք է հասարակության կարծիքի վրա հենվի, եւ այդ հայտարարություններն ավելի չե՞ն վատացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները։

- Ժողովրդի կարծիքի վրա պետք է հենվել, որովհետեւ պարտավոր են։ Բայց մեր ժողովուրդը պահանջում է, որ Շուշին, Հադրութը պետք է դեօկուպացվեն, ժողովուրդը նաեւ պահանջում է չհրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից՝ Թուրքիայի հետ սահմանը բացելու նախապայմանի դիմաց: Բայց ի՞նչ են անում իշխանությունները․ իրենց քարոզիչների հետ անում են այն, ինչ իրենք են ցանկանում, քարոզչական հսկա ռեսուրսներով այլ քաղաքականություն են վարում` ասելով, որ ժողովուրդը մեզնից սա է պահանջում։ Ռուսաստանի պարագայում վարվել են նույնկերպ` սկզբից իրականացրել են հակաքարոզ, հիմա էլ կարող են հայտարարել, թե ժողովուրդը պահանջում է դադարեցնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։ Պետք է հասկանալ, որ այդ քարոզչամեքենան կեղծիք է տարածում։

- Ռուսաստանը կձեռնարկի՞ քայլեր, որ վերականգնի Հայաստանի հետ երբեմնի բարեկամական հարաբերությունները, եւ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի դրա համար։

- Եթե Հայաստանում իշխանության լինեն ազգային ուժեր, իհարկե, մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ կվերականգնվեն։ Գուցե չվերականգնվեն այն մակարդակով, ոնց 2018-ին էր, քանի որ մենք դարձել ենք պարտվող կողմ՝ չունենք Արցախ, որն ապահովում էր Հայաստանի անվտանգությունը, եւ այսօրվա մեր վիճակով դարձել ենք բեռ մեր դաշնակցի համար, եւ եթե 18-ից առաջ մեզ ցուցաբերվում էր որոշակի աջակցություն, այսօր այդ աջակցության կարիքը մի քանի անգամ կրկնապատկվել է, եւ դա ենթադրում է ավելի շատ ռեսուրսներ։ Իհարկե, եթե ունենանք նոր իշխանություն, որը բարելավի Ռուսաստանի հետ հարաբերությունները, չհայտարարի, որ ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, մեր հարաբերությունները կկարգավորվեն, եւ կկարողանանք վերականգնել տարածաշրջանում մեր դերը, որն այսօր սուբյեկտից դարձել է օբյեկտ։

- Ռուսաստանը, իր շահերից ելնելով, կարո՞ղ է դիմել կոշտ քայլերի:

- Ռուսաստանը կարող է գնալ կոշտ քայլերի եւ, ինչպես տեսնում ենք, կոշտ քայլերի գնաց նաեւ Ուկրաինայում՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ իրենք նույն եղբայրական ժողովուրդն են։ Նրա արձագանքը նաեւ կոշտ է եղել Վրաստանի նկատմամբ, երբ Վրաստանը հարձակվեց Հարավային Օդեսայի վրա։ Սա է Ռուսաստանի քաղաքականությունը, իրենց ի՞նչն է խանգարում, որ նույն ձեւով չվարվեն մեր նկատմամբ, ինչպես վարվեցին Ուկրաինայում, Վրաստանում` եթե Հայաստանը դառնում է հակառուսական օջախ։ Այլ հարց է, որ այդ հակառուսականությունը չի բխում Հայաստանի շահերից, քանի որ Ադրբեջանն օգտվելու է այդ իրավիճակից եւ գուցե նոր ռազմական հարձակում իրականացնի Հայաստանի վրա, որի ժամանակ Ռուսաստանը կարող է չօգնել Հայաստանին։ Երբ օրվա իշխանությունները կատարում են Արեւմուտքի բոլոր պահանջները, մենք տեսնում ենք, որ Հայաստանը ոչինչ չի շահում, այլ ավելանում են Հայաստանի խնդիրները, սպառնալիքները, եւ չկան երաշխիքներ, որ Արեւմուտքը կարող է կասեցնել, բացառել այդ նոր սպառնալիքները։ Երբ Արեւմուտքը հայտարարում էր, որ էթնիկ զտումն Արցախում անընդունելի է, եւ այն ստանալու է կոշտ արձագանք իրենց կողմից, մենք տեսանք, որ դա նրանց համար ընդունելի է, եւ ոչ մի կոշտ արձագանքի էլ չարժանացրին Ադրբեջանին: Ավելին, Ալիեւը նախագահական ընտրություններում քվեարկեց Ստեփանակերտում, եւ Արեւմուտքը միանգամից շնորհավորեց։ Այս ամենով հանդերձ, մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները հաշվի չեն առնում Արեւմուտքի պահվածքն Ալիեւի նկատմամբ եւ շարունակում են հակառուսական տրամադրություններն էլ ավելի թեժացնել Հայաստանում, որը հղի է մեծ վտանգներով, անգամ Հայաստանի նկատմամբ նոր հարձակմամբ, որի ժամանակ Հայաստանը կարող է ունենալ նոր կորուստներ, եւ Արեւմուտքը կրկին շնորհավորելու է Ալիեւին։