Արմեն Ավետիսյա՞նը չի ցանկացել, որ «Գոլդեն փելեսն» աշխատի

Արմեն Ավետիսյա՞նը չի ցանկացել, որ «Գոլդեն փելեսն» աշխատի

Կառավարությունը երեկ վերջապես որոշում կայացրեց մաքսայինի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանին պատկանող «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրը փոխանցել պետգույքի կառավարման կոմիտեին։ Հյուրանոցը պետությանը նվիրաբերելու վերաբերյալ նախագիծը կառավարության նիստում զեկուցեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ գույքի արժեքը 7 մլրդ 535 մլն 889 հազար դրամ է։

«Նախագծով սահմանվում է նաեւ, որ գույքը պետք է ամրացվի պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում այն պետության կարիքների համար շահագործելու նպատակով։ Հաշվի առնելով, որ հյուրանոցային համալիրում առկա է 3 հազար 257 միավոր շարժական գույք, որի շուկայական արժեքը կազմում է 312 մլն 889 հազար դրամ, իսկ դրա պահպանության համար ՀՀ բյուջեով գումար հատկացված չէ, նախագծով առաջարկվում է գույքի պահպանության աշխատանքների կազմակերպումը վերապահել ՀՀ ոստիկանությանը, մինչեւ ՀՀ կառավարության կողմից գույքի հետագա տնօրինման վերաբերյալ համապատասխան որոշում կընդունվի»,- ասաց Պապիկյանը։

Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարցրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, թե այստեղ ֆինանսական միջոցներ նախատեսվո՞ւմ են ոստիկանության համար, ինչին ի պատասխան՝ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ նախագծով դա չէր կարող նախատեսված լինել, բայց ենթադրում է, որ ոստիկանության համար լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն կառաջանա, եւ պետք է գնահատական տրվի, թե ինչ միջոցներ են անհրաժեշտ։

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն էլ ավելացրեց, որ ոստիկանությունն արդեն հաշվարկել-ներկայացրել է, թե գույքի պահպանության համար որքան գումար է անհրաժեշտ, որը կազմում է ամսական շուրջ 6.5 մլն դրամ։
«Պարոն Սարգսյան, տանկերո՞վ ենք այս գույքը պահելու, թե՞ իրապես էդքան գումար անհրաժեշտ է»,- դիմելով

ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանին՝ հարցրեց Տիգրան Ավինյանը։ Սարգսյանն էլ նշեց, որ իրենք իրենց ներկայացրած գումարի բացակայության պայմաններում չեն կարող տարածքային մարմինների ուժերն օգտագործել գույքի պահպանություն իրականացնելու համար։

Նշենք, որ հյուրանոցն ապրիլ ամսից չի շահագործվում եւ այս ամիսներին կամաց-կամաց ավերակի էր վերածվել։ Այնտեղ նաեւ «Սենատոր» խաղատունն է տեղակայված, որը եւս փակվել է։ Արմեն Ավետիսյանի դեմ քրեական հետապնդում իրականացնելուց հետո Ավետիսյանը որոշեց այս հյուրանոցը նվիրաբերել պետությանը՝ այդպիսով թերեւս ազատվելով քրեական պատասխանատվությունից։ Եվ երբ այդ գործընթացը սկսվեց, հյուրանոցը կանգնեց ու մինչ օրս չի աշխատում։ Հիմա կառավարությունը պետք է սկսի մասնավորեցման գործընթաց, քանզի, ըստ փոխվարչապետ Ավինյանի, պետությունը հյուրանոցային բիզնեսով զբաղվող մարմին չէ։

Ըստ Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի՝ հյուրանոցով արդեն հետաքրքրվողներ կան։

Երեկ նիստից հետո Բաբայանին հարցրինք՝ հաշվե՞լ են, թե որքան օգուտ կստանար պետությունը, եթե հյուրանոցն այս ամիսներին շարունակեր գործել։ Ի վերջո, եկամուտ կստանար, հարկ կմուծեր, ենթակառուցվածքները կաշխատեին, մարդիկ կաշխատեին, աշխատավարձ կստանային, դա կծախսեին, ու այդ գումարը դարձյալ կմտներ բյուջե։ Էլ չենք ասում, որ միայն այդ հյուրանոցում տեղակայված խաղատունն արդեն իսկ տասնյակ միլիոնների շրջանառություն էր ապահովում՝ իր մուլտիպլիկատիվ էֆեկտով։

«Ոչ, իհարկե, չենք հաշվարկել։ Դուք կարող եք էդ հարցումն արդեն անել սեփականատիրոջից եւ իմանալ, թե ինքն ինչ եկամուտ է ստացել, ինչքանով է շահույթով աշխատել եւ քանի աշխատող է ունեցել»,- ասաց Բաբայանը։

- Հաշվի առնելով այն, որ պետությունը կշահեր, եթե այս ամիսներին հյուրանոցն աշխատեր, ինչո՞ւ կանգնեց հյուրանոցը։

- Դա նույնպես սեփականատիրոջ որոշումն է եղել, եւ էդ հարցը նույնպես պետք է ուղղել իրեն։ Ինձ համար, օրինակ, նույնպես խիստ ցանկալի կլիներ, որ աշխատեր առայսօր։ Բայց դա եղել է սեփականատիրոջ որոշումը։

- Իսկ գուցե այնպիսի պայման եք ստեղծել, որ չաշխատի՞ հյուրանոցը։

- Ոչ մի պայման չենք ստեղծել, որը որեւէ ձեւով կխանգարեր․․․ հակառակը՝ փորձել ենք այնպես անել, որ աշխատի, բայց դա եղել է սեփականատիրոջ որոշումը։

- Իսկ ո՞րն է սեփականատիրոջ պատճառաբանությունը, որ չի ցանկացել, որ աշխատի հյուրանոցը։

- Դա չեմ կարող ասել, ճիշտ կլինի իրեն հարցնել։