Այդպիսի պահանջ, որ հեռացնեն Սասուն Միքայելյանին, չի կարող լինել
Մամուլը գրում է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը հայտնվել է Նիկոլ Փաշինյանի սեւ ցուցակում։ Պատճառը Միքայելյանի օրերս արած հայտարարությունն էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին։
Լրագրողների հետ ճեպազրույցում Սասուն Միքայելյանն ասել էր, որ Վանեցյանն իր ընկերն է եւ իր ընկերն էլ կմնա, այնուհետեւ հավելել, թե «ոչ ոք չի կարող Վանեցյանի ուսադիրները գցել աղբամանը»։ Հիշեցնենք, որ ուսադիրներն աղբամանը գցելու մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ Լոս Անջելեսում խոսելով Վանեցյանի հրաժարականի հայտարարության մասին։ Ուստի Միքայելյանին որոշել են չներել Փաշինյանին դեմ գնալու համար, կան տեղեկություններ, որ նրան կզրկեն մանդատից, կհեռացնեն կուսակցությունից եւ ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնից։ Մենք զրուցեցինք ԵԿՄ փոխնախագահներից Մանվել Եղիազարյանի՝ Արաբոյի Մանվելի հետ։
Ի դեպ, փոխնախագահի խոսքով՝ ԵԿՄ նախագահությունից զրկելու օրենքով սահմանված ճանապարհը հետեւյալն է՝ վարչության կազմի կեսից ավելին պետք է կողմ քվեարկի հարցին։
- Պարոն Եղիազարյան, հնարավո՞ր է առաջիկայում Սասուն Միքայելյանին ԵԿՄ նախագահությունից հեռացնելու հարց առաջանա, եւ ի՞նչ ընթացակարգեր կան դրա համար։
- Ո՞նց կարող են Սասուն Միքայելյանին հեռացնել ԵԿՄ նախագահությունից, դա ընտրովի մարմին է, վարչությունն ընտրել է Սասուն Միքայելյանին, եւ ոչ մեկ նրան իրավունք չունի օրենքով հեռացնել։ Ուրիշ բան, որ վարչությունը հավաքվի, որոշի հեռացնել նրան, բայց չկա նման բան ու չի կարող լինել, որովհետեւ մենք շատ հիանալի թիմ ենք ձեւավորել, դրա արդյունքը 7 հազար մարդ զորակոչել ու զորահաշվառելն էր։ Դուք գիտեք ԵԿՄ-ի այսօրվա հնարավորությունները, առաջվանը չէ, իսկ այդ պատկերն այն բանի արդյունքն է, որ մարդը գեղեցիկ կազմակերպում է գործընթացը, մենք էլ լրացնում ենք թիմը՝ մեջք-մեջքի տված։ Եվ այդպիսի պահանջ, որ հեռացնեն Սասուն Միքայելյանին, չի կարող լինել։
- Այդուհանդերձ, ԵԿՄ կանոնադրությունն ի՞նչ ընթացակարգեր է սահմանում, եթե տեսականորեն նման պահանջ լինի, ինչպե՞ս է հնարավոր հասնել պաշտոնանկության։
- Վարչության անդամների կեսի մասնակցությամբ պետք է ժողով հրավիրվի, եւ մեծամասնությամբ որոշում կայացվի․ սա է օրենքը։
- Իսկ հնարավոր չէ՞, որ ԵԿՄ վարչության վրա իշխանությունները ճնշում գործադրեն՝ Միքայելյանին հեռացնելու պահանջով։
- Մեր մտքով չի անցել նման բան, որ կարող է ճնշում լինի, մենք այդպիսի բան չենք էլ նկատել, մենք մեր աշխատանքն ենք կատարում։ Գաղտնիք չէ, որ բանակն ու պաշտպանության նախարարությունը մեզ օգնում են։ Այդպիսի բան չկա ու չի կարող լինել, ես խոսում եմ այսօրվա մասին, թե վաղն ինչ կլինի, ես չգիտեմ։
- Արթուր Վանեցյանի մասին Սասուն Միքայելյանի հայտարարությունները, կարծում եք, չե՞ն հարուցել իշխանությունների զայրույթը, ու վաղը նման հարց չի՞ առաջանա։
- Սասուն Միքայելյանը նույն ձեւի ասել է, որ Դավիթ Սանասարյանն է իր ընկերը, նույն ձեւի ասել է, որ Վանեցյանն է իմ ընկերը, թեկուզ եթե վաղը պետք լինի, կասի, որ Նիկոլ Փաշինյանն է իմ ընկերը, եւ այդպես էլ կա։ Եվ գիտե՞ք ինչ կա, պետք չի, որ եթե մեկը գնում է, հարվածեն հետեւից, ասեն՝ սա լավը չի։ Այդ դեպքում էլ կասեն՝ ինչո՞ւ սենց ասացին, ինչո՞ւ չպաշտպանեցին մարդուն։ Հիմա խոստովանել է, որ իր ընկերն է, պետք չէ քաղաքական պատկեր տալ այդ ամենին, մարդն իր մտածածն է ընդամենը հայտնել, իր զգացմունքները, եթե ասեր՝ Վանեցյանն իմ թշնամին է, դուք լա՞վ կընդունեիք։ Ի վերջո, միասին աշխատել են, գուցե ընկերություն են արել, ես չգիտեմ։
- Այդ մենք չենք վատ ընդունում, այլ Նիկոլ Փաշինյանն է, ըստ տեղեկությունների, զայրացել, որ իր խոսքին հակադրվել է իր թիմակիցը։
- Դե, գիտե՞ք ինչ կա, իրենք աշխատում են մի թիմում, միգուցե մտածում են․․․ բայց ես էլի եմ ասում՝ պետք չէ քաղաքական ենթատեքստ տալ այդ ամենին։
- Այսինքն՝ մոտ ապագայում Սասուն Միքայելյանի հրաժարականի հարց չի կարող առաջանալ։
- Բացարձակապես ո՛չ։ Ես չեմ կարծում, որ մեկի մտքով այդպիսի բան կանցնի։ Մեր երկիրն այնքան զարգացած չէ՞, որ մի խոսքի համար մարդու հրաժարական պահանջեն։
- Իսկ հնարավոր չէ՞, որ Միքայելյանն ինքնակամ հեռանա։
- Մենք բացարձակապես չենք զրուցել այդ մասին։
- Իսկ ընդհանրապես, Դուք համաձա՞յն եք սպայի պատվի վերաբերյալ իշխանական գնահատականներին, որ Վանեցյանը չպետք է հրաժարականի նման տեքստ տարածեր։
- Ես կարծում եմ, որ ամեն մի սպա իրեն պետք է առաքինի պահի, բոլորիս հետ էլ դժբախտություններ եղել են, մեր ճանապարհները փակել են, մեզ հալածել են, սպան պետք է առաքինի լինի։
- Այս դեպքում ոչ առաքինի քա՞յլ եք նկատում։
- Ես ասացի՝ սպան պարտավոր է իրեն պահել առաքինի եւ համեստ, ամեն մեկին էլ կարող են աշխատանքից ազատել, բայց մարդ պետք է առաքինի պահի։
- Այսինքն՝ չպե՞տք է աներ այդ հայտարարությունը։
- Իրեն 100 տարի պետք չէր՝ ես կարծում եմ։
Կարծիքներ