Մոսկվայում նոր-նոր «քնից արթնանում» են ․․․ 

Մոսկվայում նոր-նոր «քնից արթնանում» են ․․․ 

ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է արդեն ավելի քան երեք օր ադրբեջանցի, այսպես կոչված, «էկոակտիվիստական-հանքամոնիթորինգային» ագրեսիայի արդյունքում Ղարաբաղի շրջափակմանը։ Սա այն դեպքում, երբ Չինաստանը, Կանադան, Ֆրանսիան, Կիպրոսը, նույնիսկ՝ Մեծ Բրիտանիան այս կամ այն կերպ անդրադարձել էին խնդրին, հանդես եկել հայտարարություններով, «մտահոգություններ հայտնել» ու «հորդորել»։ Իսկ Ռուսաստանը խնդրի թիվ մեկ պատասխանատուն է, որովհետեւ Լաչինի միջանցքի անխափան գործունեության ապահովումը ՌԴ անմիջական պարտականությունն է՝ ըստ Մոսկվայի կողմից այնքան սիրված եռակողմ հայտարարությունների։ 

Եւ ահա, Զախարովան ասել է․ «Մեզ անհանգստացնում է Լաչինի միջանցքի արգելափակումը, դա պայմանավորված է հանքավայրերի շահագործման վերաբերյալ կողմերի տարաձայնություններով։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորախումբն այս օրերին ակտիվորեն աշխատում են իրավիճակը ապաէսկալացնելու ուղղությամբ։ Մենք անհամբեր սպասում ենք առաջիկայում տրանսպորտային կապերի լիարժեք վերականգնմանը»։

Ապա նշել է, որ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքն ապահովում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապը և եռակողմ պայմանավորվածությունները՝ ստորագրելիս կողմերը ստանձնել են համապատասխան պարտավորություններ, որոնք պետք է անշեղորեն պահպանվեն, ու շեշտել է, որ «Քաղաքացիական բնակչության կենսագործունեության համար խոչընդոտների ստեղծումն անընդունելի է»։ 

Ինչպես ասում է հայտնի խոսքը՝ «ավելի լավ է ուշ, քան երբեք», սակայն վերապահումով, որ տա Աստված այդ «ուշը» «ուշացած» չլինի։ Իրականում, այն ինչ կատարվում է, ոչ միայն անընդունելի է, այլ առաջին հերթին հարված է հենց Ռուսաստանին։ Թե ինչպես են մտածում Մոսկվայում «որոշում կայացնողներն» ու նրանց «ուղեղային կենտրոնները» դեռ կերեւա առաջիկայում ինչ-ինչ գործողություններին հետեւելիս, սակայն անտեղի չէ նշել, որ Մոսկվայի «դանդաղկոտությունը» հենց վերջինիս դեմ է աշխատում, այն իմաստով, որ Հայաստանում կրկին հակառուսական տրամադրություններ են գլուխ բարձրացնում ու գեներացվում։

Ռուսաստանին ոչ թե պետք է անհանգստացներ Լաչինի միջանցքը, այլ պետք է առնվազն «քուն ու դադար չտար», որովհետեւ խոսքը Մոզամբիկում կամ Բուրկինա-Ֆասոյում կատարվածի մասին չէ, որտեղ ինքը պարզապես դիտորդ է եւ ոչ ավելին, այլ մի այնպիսի ռեգիոնում է, որն ինքն համարում է իր պատմական ազդեցության գոտին, եւ խոսքը մի այնպիսի խնդրի հետ է կապված, որտեղ ինքն է ամեն ինչի «գարանտը» կանգնած։ Ու մինչեւ այժմ պետք է ՌԴ ՊՆ քայլերը լինեին շոշափելի կամ գոնե տեսանելի։ Այլապես ստացվում է, որ պարզապես Մոսկվան ասում է ասելու համար, կամ ինչպես ասում են՝ «Զախարովան ասում է, որ Լավրովը ընդգծի, կամ Լավրովն ընդգծում է, որ հետո Զախարովան ասի»։