Հերթական անցանկալի դեժավյուին սպասելիս

Հերթական անցանկալի դեժավյուին սպասելիս

Վերջին շուրջ հինգ տարվա մեր կյանքը բաղկացած է անցանկալի իրադարձությունների շարքից: Իսկ ամեն պահն էլ լցված է հերթական դեժավյուի սպասման վախով: Այնինչ, շուրջ հինգ տարի առաջ մենք երազում էինք լուսավոր կյանք եւ մեր մանուկների համար երջանիկ ապագա: Հատկապես, որ նման խոստում էր տալիս այն անձը, որը փողոցում առաջնորդում էր բազմահազար զանգվածին: Եվ որին հավատում էր համարյա ողջ ազգաբնակչությունը: Նույնիսկ նրանք, ովքեր փողոցներ դուրս չէին գալիս: Եվ, բնականաբար, հինգ տարի առաջ առկա չէր դեժավյուի վախը: Կարող է պատահել, որ շատերը նույնիսկ ծանոթ չլինեին ֆրանսերեն այդ բառով արտահայտված երեւույթին: Այսօր, դժբախտաբար, հայաստանցիների մեծամասնությունը ծանոթ է այդ երեւույթին՝ իմանա թե չիմանա, որ դա հենց դեժավյուն է:  

Եթե դեժավյու չէ, ապա ի՞նչ է խաղաղ պայմաններում հարազատներից զինվորականի համազգեստով 15 երիտասարդ կյանքեր խլած համակարգային բարդակի առկայությունը զինված ուժերում: Եթե դեժավյու չէ, ապա ի՞նչ է գլխավոր հրամանատար կոչված անձի կողմից ողբերգության մեղավոր կարգելը կրտսեր սպայական կազմի ներկայացուցչին՝ մի կողմից, եւ կորպուսի հրամանատարին ու նրա տեղակալներին՝ մյուս կողմից, երբ զինվորների զորանոցային կեցության պայմանները պետք է կազմակերպվեն պաշտպանության նախարարի վարած քաղաքականությանը համապատասխան: Եթե դեժավյու չէ, ապա ի՞նչ է «մեր թիմից դուրս մնացածը մեղավոր է» վարքագիծը, որը դրսեւորում են ՀՀ վարչապետի պաշտոնին կառչած անձն ու նրա ստորադասները: Եթե դեժավյու չէ, ապա ի՞նչ է այդ թիմի անդամի (ԱԺ ՔՊԿ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյան) կողմից մեկ այլ անդամի՝ պաշտպանության նախարարի հրաժարական պահանջելն արդարացված եւ հիմնավոր չհամարելը։

Վերադառնանք 2018 թվականի ապրիլյան իրադարձություններին, երբ մեր ժողովուրդն արդարություն ու օրինականություն էր պահանջում գործող իշխանությունից: Երբ փողոցներ ու ճանապարհներ փակող բազմահազար երիտասարդներին թվում էր, թե բանակի գլխավոր խնդիրը միայն «տռուսիկ-մայկայի» բացակայությունն է: Երբ սփյուռքահայ կամ հայրենիքը նախկինների օրոք լքած երիտասարդներ էին վերադառնում (ժամանակավորապես կամ մշտական հիմունքներով), որպեսզի իրենց ձեռքով կերտեն այն ապագան, որ խոստանում էր աջ ձեռքը թեթեւակի արնոտ վիրակապած Նիկոլը: Դժբախտաբար, այդ ամենը, ինչպես ժամանակին Չարենցն էր արձանագրել, «կորել է, դարձել է աներեւույթ, ցնդել է որպես ծուխ կամ ցնորք»:

Եվ մեր այսօրվա վիճակը կշարունակվի այնքան, որքան մենք կհամակերպվենք անցանկալի հերթական դեժավյուի գալուն: Ու չենք անի այն վճռական քայլը, որի արդյունքում կազատագրվենք վերջապես այդ երեւույթի գալու սպասման վախից: Ու մեր կյանքը ծանր ու դժվարին աշխատանքով եւ ոչ թե կախարդական փայտիկով կդարձնենք արժանավայել: Ու այդ ժամանակ այլեւս ո՛չ անցանկալի դեժավյուներ կունենանք եւ ո՛չ էլ երբեւէ կվերհիշենք դրանց գոյության մասին: