Այսքան բան

Այսքան բան

ԱԺ երեկվա նիստին հետեւելիս, չգիտեմ ինչպես ասեմ, մեջս մի տեսակ կասկած ընկավ՝ ճի՞շտ մարդու հրաժարական է, արդյոք, պահանջում հանրությունը: Մի պահ նույնիսկ Նիկոլին խղճացի՝ էս ո՞ւր է ընկել էդ մարդը, էս ի՞նչ այլանդակ շրջապատ է ընկել… Բայց իսկույն հավաքեցի ինձ, Անդրանիկ Քոչարյանի պես ինքս ինձ ասացի՝ Էդի՛կ, հանգիստ, եւ շարունակեցի հետեւել նիստին, որպեսզի վերջնարդյունքն իմանամ: Սակայն այս հարցում էլ ինձ հիասթափեցրին իմքայլականները, որովհետեւ այդպես էլ չպատասխանեցին Էդմոն Մարուքյանի հարցին՝ ԱԺ խորհուրդը հավաքվելո՞ւ է, արտահերթ նիստ հրավիրվելո՞ւ է, արդյոք, թե՞ ոչ: Նազարյան Լենան ասաց՝ ես կգամ, իսկ մյուսների փոխարեն երաշխավորել չեմ կարող… Մյուսներն էլ, որ, հավանաբար, դահլիճում էին, ձկան նման լռեցին, որովհետեւ իրենք չէին որոշողը՝ գալո՞ւ են խորհրդի նիստին, թե՞ ոչ: Այս ամենի արդյունքում տուժեցինք ես եւ ֆինանսների նախարար Ջանջուղազյանը, որ խորհրդարան էր եկել բյուջեն բրթելու: Հենց նա սկսեց մարդու անատոմիայից խոսել եւ բացատրել արյունատար համակարգի կենսական նշանակությունը, ես ուղիղ հեռարձակումն անջատեցի եւ այնքան զայրացած, որ համակարգչիս մկնիկը փչացավ:

Ժողովուրդ ջան, ես երբ որ ասում եմ՝ այս խորհրդարանի հետ հույսեր կապել պետք չէ, ուրեմն պետք չէ: Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ Արմեն Սարգսյան, հարգարժան Էդմոն Մարուքյան, 17 քաղաքական կուսակցություններ ջան, դուք Փաշինյանի հրաժարականն եք պահանջում, բայց չգիտեք,, որ Փաշինյանից «վերանը» կա՝ «Իմ քայլը», լափամանի հիմնական շահառուն, որ Ազգային ժողով էր եկել ոչ թե օրվա հրատապ հարցերը քննարկելու, այլ Ջանջուղազյանից իմանալու, թե 2021 թվականի բյուջեի նախագծով ինչ է նետվելու լափամանի մեջ: Եվ այդ քայլող բիոզանգվածը Ջանջուղազյանի թեթեւ ձեռքով հասավ իր նպատակին: Եթե Ջանջուղազյանը հենց տեղում հրաժարական տար, ինչը, ի դեպ, իրեն առաջարկվեց, ամեն ինչ գուցե այլ ընթացք ստանար, բայց, ինչպես ասում են, լափամանը Աֆրիկայում էլ լափաման է: Եվ, ուրեմն, իշխանությունից Փաշինյանի հեռացման վերջին քաղաքակիրթ հնարավորությունն էլ կարող ենք համարել սպառված: Վերջ, վերջացավ կանաչ խիյարի պատմությունը: «Իմ քայլը» հանուն իր լափամանի նախընտրեց քաղաքացիական պատերազմի ճանապարհը, եւ նա կստանա այդ պատերազմը:

Հանկարծ սխալ չհասկանաք ինձ: Այդ պատերազմն արտախորհրդարանական ուժերը չեն սկսելու: Դա նրանց պատերազմը չէ: «Իմ քայլը» լավ է հասկանում դա, քանզի հստակ գիտակցում է, որ ինքն այլեւս ավելին է, քան քաղաքական մեծամասնությունը:« Իմ քայլն» այլեւս խունտա է՝ փոքրամասնություն, որ տակավին ունի իշխանություն եւ չի ցանկանում հրաժարվել այդ իշխանությունից: Դե, իսկ խունտայի գլավարն էլ՝ գիտեք ով է: Ուզում եմ հիմա հիասթափեցնել խունտային՝ ձեզ սպասվում է ռազմական հեղաշրջում, որը շատ կարճ է տեւելու, գուցե 1-2 ժամ:

Այս մասին կարող եք զեկուցել նաեւ ձեր արտաքին տերերին՝ խնայելով նրանց միջոցները, որոնք հետագայում «պերեդաչիների» տեսքով ուղարկվելու են ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան հիմնարկներ: Իսկ եթե այդ հեղաշրջումից հետո հարց առաջանա, թե ով կազմակերպեց եւ հրահրեց այդ հեղաշրջումը, հիշեք ԱԺ նոյեմբերի 17-ի նիստը եւ այդ նիստում Անդրանիկ Քոչարյանի ելույթը… Անդրանի՛կ, հանգիստ… Անդո, դու, հենց դու քո ելույթով պաշտպանության նախարարին կոխեցիր ցեխը, որ ջրից չոր դուրս բերես վարչապետին: Ի՞նչ է նշանակում՝ Պնախարարը պետք է իր սխալների համար հրաժարական տա, իսկ «գերագույն գլխավոր հրամանատարը», հասկանում ես, մնա, որ այդ սխալների մասին լոլոներ կարդա ազգի գլխին: Եվ սա այն դեպքում, երբ կար թե՛ մեկից եւ թե՛ մյուսից անցնցում ազատվելու հնարավորությունը: Անդոն ասում է՝ հրաշալի զեկույց ունեմ, որ պետք է ներկայացնեմ: Տո այլանդակ… Անդրանի՛կ, հանգիստ… գոնե գիտե՞ս, որ դու եւ քո ղեկավարած հանձնաժողովն է ընկած Հայոց բանակի բարոյալքման եւ այս խայտառակ կապիտուլյացիայի հիմքում: Եթե ուզում ես իմանալ, ապա դու պետք է ռադ լինես Նիկոլից մի ոտ շուտ, որովհետեւ Նիկոլը նաեւ քեզ է վառել՝ Մարտի 1-ի գործում ունեցած խայտառակ դերակատարության մեջ: Լավ կարդա վարչապետիդ գրառումը՝ առաջնագծից վերադարձող զինված խմբերի մասին, ու կհասկանաս, թե ով է Մարտի 1-ի իսկական կազմակերպիչը, ու դու ժամանակին ինչեր ես արել դա պարտակելու համար: Պատահականությո՞ւն է, որ հենց քեզ հանձնարարվեց ապրիլյան քառօրյայի հանգամանքների ուսումնասիրության ու դրա անվան տակ մեր գեներալների ու բարձրաստիճան սպայակազմի հալածանքների «սուրբ» գործը:

Էդմոն Մարուքյան, դու քո ճանապարհային քարտեզով ճակատագրական սխալ թույլ տվեցիր: Եթե դա Փաշինյանին անցնցում (ԱԺ միջոցով) հեռացնելու քո գաղափարն էր, ապա պետք է ասեմ, որ քեզ հաջողվեց համոզել նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին եւ արտախորհրդարանական ընդդիմությանը: Պարոն Մարուքյան, Դուք հաստատ ինձնից ավելի լավ էիք ճանաչում «Իմ քայլի» ձեր գործընկերներին եւ հաստատ գիտեիք, որ նրանք իրենց լափամանից հրաժարվողը չեն: Շատ եմ ուզում անհրաժեշտ հետեւություններ անել ու գնահատական տալ Ձեր քարտեզին, բայց որքան շատ եմ հետեւություններ անում, այնքան համոզվում եմ, որ դա ապուշություն է: Հասկացեք վերջապես՝ բիոզանգվածին քաղաքական ճանապարհ ցույց տալն անմտություն է: Լափամանը պահանջես՝ քեզ էլ հետը կուտեն: Եթե հանկարծ իր հրաժարականի մասին Նիկոլն էլ հայտարարություն անի, բիոզանգվածը, մեկ է, հայտարարելու է՝ կա՛մ նոր վարչապետը կլինի մեզնից, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա: Հասկանալի է, չէ՞, ինչ եմ ասում: «Իմ քայլում» այս պատերազմի քաղաքական հետեւանքների ընկալումը բա-ցա-կա-յում է…

Հայաստանի հպարտ քաղաքացիներ, ձեր ընտրած «Իմ քայլը» ընտրեց Փաշինյանին հեռացնելու ռազմական հեղաշրջման տարբերակը, որ անխուսափելիորեն ուղեկցվելու է նաեւ քաղաքացիական բախումներով: Թուրքիայի օրինակը աչքներիս առաջ է: Պատրա՞ստ եք դրան… Դե չէ, հայը հային ո՞նց կարա, մենք միասնական պտի լինենք, պատերազմը նոր է ավարտվել, վերքերը պտի բուժենք՝ այսօր այս փափուկ բարձերը կդնեն ձեր գլխի տակ մեկ նպատակով՝ որ լափամանը չկորցնեն: Ու դուք, բանից անտեղյակ, կշարունակեք երեկոները որոճալ ձեր հացն ու սոխը, մինչեւ լուսամուտի շուշեն, շըրըըըխկ, ջարդվի: Աշխատեք այդ պահին չկորցնել ձեր ոգու հպարտությունը: Արագ միացրեք հեռուստացույցը, որտեղից ձեզ կասեն, որ Փաշինյանին ձեռնաշղթաներ հագցրած բերում են հրապարակ, իսկ «Իմ քայլի» զինված ջոկատներն անկարգություններ են կազմակերպել ձեր փողոցում: Ով է մեղավո՞ր… Իհարկե՝ Անդրանիկ Քոչարյանը… Անդրանի՛կ, հանգիստ… Նառա, դու՝ սուս, այս հարցի լուծման քաղաքական ճանապարհն այլեւս փակ է, Հայաստանում տեղի է ունեցել զինված հեղաշրջում, ստեղծվել է մի ուժային մարմին, որ Փաշինյանին իր աթոռից պոկելուց հետո ստանձնել է նաեւ «Իմ քայլին» լափամանից պոկելու հայրենանվեր գործը…

Հետո՞… Էլ ի՞նչ հետո: Պետք է սպասենք, որ այդ ուժային մարմնի զայրույթը մի փոքր անցնի, կազմավորվի ժամանակավոր կառավարություն, եւ նշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիական բախումներին, ապա կհաջողվի դրանցից խուսափել միայն մեկ դեպքում: ՀՀ քաղաքացիները՝ հպարտ, թե արժանապատիվ, պետք է հասկանան, որ երկիր են կորցրել ինչ-որ մարդկանց ապաշնորհության ու ստամոքսահյութի առատության պատճառով: Այսքան բան: