Լավրովը բացատրում է՝ մտքներովդ չանցնի եռակողմ հայտարարության թեման շահարկել

Լավրովը բացատրում է՝ մտքներովդ չանցնի եռակողմ հայտարարության թեման շահարկել

Որեւէ մեկի երեւակայությունը կբավարարի՞ պատկերացնելու, թե երեկ ինչ է հայտարարել պաշտոնական Մոսկվան` Երեւանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների մասին: Ընդ որում՝ հայտարարությունն արվել է ոչ թե Կրեմլի կամ ԱԳՆ խոսնակների` Պեսկովի, Զախարովայի կողմից, այլ անձամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն է ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտարարել բառացիորեն հետեւյալը․ «Մենք հայտարարությունը (նկատի ունի նոյեմբերի 9-ի Փաշինյան-Պուտին-Ալիեւ համատեղ հայտարարությունը) վերաշարադրելու, վերանայելու որեւէ փորձեր չենք տեսնում: Եթե ես ճիշտ եմ հասկանում՝ Հայաստանում ներկա պահին ընթանում են ոչ դյուրին քննարկումներ:

17 կուսակցություններ, որոնք միավորվել են իրենց երկրի շահերի պաշտպանության համար, միանշանակորեն դեմ են արտահայտվել այդ հայտարարությունը վերանայելու ցանկացած փորձի»: ("Мы не видим каких-либо попыток переписать, подвергнуть ревизии то заявление, которое было выпущено. Если я правильно понимаю, в Армении сейчас идут непростые дискуссии. 17 партий, которые объединились для того, чтобы поддерживать интересы своей страны, однозначно высказались против каких-либо попыток это заявление ревизовать".)

Մոսկվան ինչպես Նիկոլ Փաշինյանին քաղաքականապես ոչնչացրեց ու ֆիզիկական ոչնչացման վտանգի առջեւ կանգնեցրեց՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուն հարկադրելով (ինձ անգամ հնարավոր է թվում, որ Փաշինյանը հայտարարության տեքստը տեսած լինի ստորագրելուց հետո), այնպես էլ այժմ նույն ձեռագրով ու դաժանությամբ ոչնչացնում է 17 կուսակցությունների բլոկը: 

Բոլորն էլ գիտեն, որ Լավրովը կատարելապես կեղծում եւ ստում է` այդ 17 կուսակցությունները միավորվել են եւ առավոտից երեկո հնարավոր բոլոր խոսափողերով բղավում են, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունն անընդունելի է Հայաստանի համար, եւ Փաշինյանը պետք է հեռանա, որ այն վերանայելու գոնե հնարավորություն ստեղծվի: Մեր իրականությանը կատարելապես հակասող Լավրովի հայտարարությունը նշանակում է, որ ցինիկ լինելու դեպքում Ռուսաստանը որոշել է նվաստացնել 17-ի բլոկը, կարելի է հարկադրել, որ փառաբանեն նոյեմբերի 9-ի հայտարարությունը, եթե նույնիսկ ներքուստ դեմ են: 

Սերգեյ Լավրովի հայտարարությունը նշանակում է նաեւ, որ կա՛մ 17-ի բլոկը անձնական հանդիպումներում ՌԴ պաշտոնատարներին հավատացրել է, թե իրենք լիովին կողմնակից են նոյեմբերի 9-ի հայտարարությանը, եւ Լավրովը հիմա դա բացահայտում է, կա՛մ էլ Լավրովը 17-ին մամուլով ու հրապարակավ բացատրում է, թե` իշխանության համար պայքարում եք` ձեր գործն է, բայց մտքներովդ չանցնի եռակողմ հայտարարության թեման շահարկել: 
Սա, ըստ էության, դաժան հարված է Հայաստանի քաղաքական դաշտի ռուսոֆիլ ու ռուսահպատակ ֆիգուրներին: Բայց հանուն ճշմարտության պետք է ասել, թե 17-ից շատերը նման վերաբերմունքի համար որոշակի տեղ էին բացել: Եթե մարդիկ չեն հասկանում, որ նոյեմբերի 9-ի հայտարարության վերանայման միակ ուղին Փարիզի ու Վաշինգտոնի առարկություններն են, ապա Լավրովի մանիպուլյացիային միանգամայն արժանի են:

Եվ վերջում․ Լավրովի հայտարարությունն անձամբ ինձ մոտ վաղուց ծագած մի կասկած է վերակենդանացնում: Ո՞վ կարող է բացառել, որ Փաշինյանը Մոսկվայի մարդն է, եւ Մոսկվան օգնում է նրան դժվարին պահին: Ի վերջո, փաստը մնում է փաստ, որ ողջ աշխարհի, մասնավորապես ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից անգամ հեռախոսազանգերի չարժանացած Փաշինյանն անվերջ ՌԴ նախագահի հետ էր հանդիպում ու զրուցում: Եվ Փաշինյանի պաշտոնավարությունից միակ շոշափելի օգուտը Մոսկվան է ստացել` Արցախ մուտք գործելով: Ամեն պարագայում, այն, որ ներկա պահին Լավրովի հայտարարությունը քաջալերում եւ օգնում է Փաշինյանին՝ պաշտոնում մնալու, միայն կույրը կարող է չտեսնել: 

ՀԳ. Նկատենք, որ Լավրովը եւ Մոսկվան անցել են մանիպուլյացիաների եւ փորձում են Հայաստանում ակտիվ բոլոր քաղաքական ֆիգուրներին Աթաթուրք-Լենին պայմանագրի մերօրյա տարբերակի ջատագով ներկայացնել, որովհետեւ գիտեն, որ Փարիզն ու Վաշինգտոնն այն դելեգիտիմացնելու են: 100 տարի անց աշխարհը շատ է փոխված, ի դժբախտություն Էրդողանի եւ Պուտինի: Այո, շնորհակալություն հրադադար հաստատելու եւ խաղաղապահներ տեղակայելու համար, բայց մնացյալը Մինսկի խմբի գործընթաց է, ոչ թե Աթաթուրք-Լենին տանդեմի մերօրյա արար: Երեկ ժամառժամ սպասվում էր Պետդեպի հայտարարությունը, որը ուշ երեկոյան տարածեցին, որին կանդրադառնանք վաղը: ԱՄՆ Պետդեպից հետո, ամենայն հավանականությամբ, առանձին հայտարարություն կտարածի նաեւ Փարիզը, քանի որ ուրբաթ օրվանից Մոսկվայում ընթացող Մինսկի խմբի բանակցային մարաթոնում դեռ համատեղ հայտարարության չեն հանգել: Վաշինգտոնի եւ Փարիզի հայտարարություններից հետո բազմաթիվ խաղաքարտեր կբացվեն: