«Հրապարակ». Եղե՞լ է մրցույթ, ո՞ւմ հետ են քննարկել

«Հրապարակ». Եղե՞լ է մրցույթ, ո՞ւմ հետ են քննարկել

Երեւանի քաղաքապետարանը հայտարարեց Կոնդ թաղամասի կառուցապատման մասին, անգամ փոխհատուցման գումարներն են հրապարակվել: Կոնդեցիներն արդեն պատրաստվում են պայքարել:

Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն այս թեմայի առնչությամբ ասաց. «Նախ ասեմ, որ ինքնին նորմալ չէ, որ մենք ու քաղաքացիները գործակարգավարական խորհրդակցությունից ենք այդ նպատակների մասին տեղեկանում: Ծանր ու հավակնոտ ծրագրերն այս իշխանությունների ձեռագիրն է, չգիտես ինչպես են որոշում, ինչ են որոշում, բայց վերջում մարդկանց փաստի առաջ են կանգնեցնում: Կոնդը պատմական շերտ է, որը պետք է սպիտակ ձեռնոցներով պահենք: Որեւէ քաղաքապետ, որեւէ իշխանություն չի կարող միանձնյա որոշել Կոնդի ճակատագիրը: Պետք է այստեղ լավագույն մասնագետներն աշխատեն: Ամբողջ պրոցեսների ընթացքում էլ պետք է թափանցիկություն ապահովեն: Նման նախագծերը պետք է հրապարակվեն նախապես, արժանանան մասնագետների, փորձագետների լայն քննարկմանը, եւ հետո նոր միայն կարող է խոսք գնալ գումարով օտարելու մասին: Մինչ օրս ես՝ որպես ավագանու անդամ, տեղյակ չեմ, որ Կոնդի մասով մրցույթ կայացած լինի, ու չեմ զարմանա, որ ինչպես Ֆիրդուսի դեպքում, այստեղ եւս կառավարությունը որոշած լինի ու այն լոտերով բաժան-բաժան արած լինի: Մենք այդ դառը փորձն ունենք: Մարությանի ժամանակ ես հիշում եմ, որ միայն միջազգային մրցույթի մասին էր խոսք գնում: Հիմա հարց է առաջանում` եղե՞լ է մրցույթ, եթե չի եղել, ինչո՞ւ են արվում նման հայտարարություններ: Բավականին շատ հարցեր են այստեղ առաջանում»: Իսկ ինչո՞ւ են իշխանությունները կոնդեցիներին նման չնչին գումարներ առաջարկում` իրենց տների ու հողերի դիմաց։ «Առհասարակ, բուն տեղեկատվությունը բավականին կցկտուր է: Չեմ կարողանում անգամ հասկանալ՝ դա փոխհատուցմա՞ն գումարն է, թե՞ այդ գումարով մարդիկ տներ սեփականաշնորհեն` հետագայում դրանք պետությանը վաճառելու համար: Այն գումարը, որի մասին խոսվում է, չափազանց փոքր, ծիծաղելի թիվ է, չի կարող մեկ քառակուսու համար նման գումար առաջարկվել»: Կոնդեցիները նշում են, որ ակցիա են անելու, եթե իշխանությունն իր որոշումը չփոխի։ «Դե, հնարավոր է ընդվզման արդյունքում իրավիճակը փոխվի: Գլխավորը Կոնդի բնակիչներն են, որոնք պետք է լինեն հետեւողական ու վճռական: Ես տեղեկություններ ունեմ, որ ժառանգության պահպանման նախաձեռնությունները մոբիլիզացվում են նաեւ Կոնդում, ինչպես եղավ թենիսի կորտերի դեպքում»,- ասաց Աբգարյանը: