«Հրապարակ». Ժամանակի ընթացքում պարզ կլինի, թե ինչու հրաժարական տվեց

«Հրապարակ». Ժամանակի ընթացքում պարզ կլինի, թե ինչու հրաժարական տվեց

Փետրվարի 26-ին դադարեցվեցին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արշակ Վարդանյանի լիազորությունները։ Ըստ ԲԴԽ-ի տարածած հաղորդագրության՝ լիազորությունները դադարել են Արշակ Վարդանյանի դիմումի հիման վրա, այլ կերպ ասած՝ նա հրաժարական է տվել դատավորի պաշտոնից եւ ինքնաբերաբար՝ նաեւ ԲԴԽ անդամի պաշտոնից, քանի որ ԲԴԽ-ի դատավոր անդամներից էր։ Վարդանյանը ԲԴԽ անդամ էր ընտրվել մոտ մեկ տարի առաջ՝ 2023 թվականի ապրիլի 7-ին, եւ պետք է պաշտոնավարեր 5 տարի։ Դատավորների ընդհանուր ժողովն Արշակ Վարդանյանի թեկնածությանը 172 ձայն էր տվել, իսկ նրա մրցակից Ռուբիկ Մխիթարյանը, ով համարվում էր Կարեն Անդրեասյանի եւ ՔՊ-ի թեկնածուն, ընդամենը ստացել էր 71 ձայն, այսինքն՝ դատական իշխանությունն իր վստահությունն էր հայտնել Վարդանյանին։ Նա համարվում էր դատավորների հին կաստայի ներկայացուցիչը, որը ՔՊ-ական իշխանությունների կրնկի տակ չէ եւ որպես դատավոր անկախ է ու ԲԴԽ-ին ու Կարեն Անդրեասյանին չի ենթարկվում:

Մենք ժամանակին գրել էինք, որ Արշակ Վարդանյանը ԲԴԽ միակ անդամն էր, ով համարձակություն էր դրսեւորում դեմ քվեարկել ԲԴԽ-ի որոշումներին, օրինակ՝ դատավորներին կամայական կարգապահական տույժերի, նրանց լիազորությունները դադարեցնելու վարույթների ժամանակ։ Որպես Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր էլ՝ Արշակ Վարդանյանը մեծ հեղինակություն ուներ, եւ ոչ միայն դատավորների, այլեւ փաստաբանների շրջանում նրա վարկանիշը +61 է, որը բավականին բարձր վարկանիշ է: Համեմատության համար նշենք, որ Կարեն Անդրեասյանինը -42 է։ Եվ, ուրեմն, ի՞նչը կարող էր ստիպել, որ դատավորների ու փաստաբանների շրջանում մեծ հեղինակություն վայելող դատավորը, ով 13 տարվա փորձառություն ուներ, առաջին ատյանից առաջխաղացման կարգով հասել էր Վերաքննիչ դատարան եւ գրեթե միակն էր, ով ԲԴԽ-ում պաշտպանում էր դատավորների շահերը, հրաժարականի դիմում գրեր ու հեռանար։ Այս հարցով «Հրապարակը» դիմեց հենց իրեն՝ Արշակ Վարդանյանին։ «Չեմ կարող ասել, ո՛չ ուզում եմ մանիպուլացնել, ուրիշ բան ասել, բայց ո՛չ էլ ուզում եմ այլ բան ասել։ Եթե հնարավոր է` չասեմ, թող մնա հետո, այս պահին հարմար չէ»,- ասաց Վարդանյանը։ Իսկ հնարավո՞ր է, որ հետագայում պարզաբանի, բացատրի, թե ինչու է հրաժարական տվել։ «Կարծում եմ՝ առանց իմ պարզաբանելու էլ․․․, մարդիկ կան, որոնք կպարզաբանեն։ Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում պարզ կլինի, շնորհակալ եմ»,- պատասխանեց Վարդանյանը` այդպես էլ չբացելով փակագծերը։
Զրուցեցինք նաեւ Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի հետ․ հարցրինք` ի՞նչ կարող է ասել Արշակ Վարդանյանի հանկարծակի հրաժարականի մասին։ «Ինձ համար եւս տհաճ անակնկալ է եղել Արշակ Վարդանյանի դիմումը, բայց եթե Վարդանյանը դիմել է այդ քայլին, վստահաբար՝ ճիշտ որոշում է: Համենայնդեպս, դատական համակարգը՝ հանձին Արշակ Վարդանյանի, կորցրեց եւս մեկ ազնիվ եւ պարկեշտ դատավորի: Ժամանակը գալու է, եւ ոմանք երազելու են, որ իրենց գործերով դատավորները լինեն Արշակ Վարդանյանները, Դավիթ Հարությունյանները, Զարուհի Նախշքարյանները եւ Աննա Փիլոսյանները»,- ասաց Ազարյանը։

Նորմալ իրավական հանրույթը եւ քաղհասարակությունը մեծ ուշադրություն կդարձնեին այս հրաժարականին` հենց նման գործընթացներն են խոսում դատական համակարգի անկախության, գործադիրի հետ ունեցած հարաբերությունների, դատավորների նկատմամբ կիրառվող ճնշումների մասին: Նման միջադեպերն անտեսող հասարակությունը, ըստ էության, համաձայնում է, անմիջականորեն մասնակցում է կախյալ ու կողմնակալ դատարան ունենալու արատավոր երեւույթին: