Ինչ վնասակար նյութեր կարող է պարունակել սննդի փաթեթավորումը   

Ինչ վնասակար նյութեր կարող է պարունակել սննդի փաթեթավորումը   

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մարդկանց սննդակարգի եւ այսպես կոչված «հավերժական քիմիկատների» կամ պոլիֆտորալկիլային միացությունների միջեւ կա որոշակի կապ։ Ըստ Euronews-ի այդ միացությունները կարող են նույնիսկ առկա լինել փաթեթավորված թեյի տոպրակներում։ Այն, ինչ մենք ուտում ենք, եւ այն, թե որտեղ ենք մենք ուտում, կարող են ազդել «հավերժական քիմիկատների»՝ մեր արյան մեջ եղած պարունակության խտության վրա։ Հետազոտությունները պարզել են, որ ինչքան մարդը հաճախ է շփում ունենում սննդի փաթեթավորման հետ, այդքան ավելի մեծ է նրա օրգանիզմում պոլիֆտորալկիլային միացությունների քանակը։ Բացի այդ, վերոնշյալ միացությունների քանակն ավելանում է նաեւ փաթեթավորված թեյի օգտագործման, վերամշակված մսի եւ տնային պայմաններում չպատրաստված սննդի օգտագործման հետեւանքով։

Ընդ որում «հավերժական քիմիկատների» ավելացումը մարդու օրգանիզմում տեղի է ունենում ոչ թե միանգամից, այլ ժամանակի ընթացքում։ Այս ամենը, ըստ ամերիկացի գիտնականների, ստիպում է, որպեսզի մարդիկ այլ կերպ իրենց համար ձեւակերպեն, թե ինչ բան է «առողջ սնունդ» հասկացությունը։ Նշենք, որ «հավերժական քիմիկատները» վտանգավոր են մարդու համար; Դրանք կարող են խաթարել հորմոնների աշխատանքը, թուլացնել ոսկորները, որոշ հիվանդություններով հիվանդանալու ռիսկը բարձրացնել։ Դրանք կապված են նաեւ քաղցկեղի, ի ծնե փոխանցվող որոշ արատների, երիկամային հիվանդությունների եւ այլ խնդիրների հետ։