Մարդկանց այցերից մինչև բեռնափոխադրում՝ Լուսնի վրա․ ՌԴ-ն և ՉԺՀ-ն կայան կստեղծեն

Մարդկանց այցերից մինչև բեռնափոխադրում՝ Լուսնի վրա․ ՌԴ-ն և ՉԺՀ-ն կայան կստեղծեն

Կառավարական հանձնաժողովը հավանություն է տվել Միջազգային գիտական ​​լուսնային կայանի ստեղծման գործում համագործակցության մասին ռուս-չինական համաձայնագրի վավերացմանը։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, գրում է РБК-ն։

«Հաստատվել է անցյալ տարվա նոյեմբերին Միջազգային գիտական ​​լուսնային կայանի ստեղծման ոլորտում կնքված ռուս-չինական համագործակցության համաձայնագրի վավերացումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը կդառնան նախագծի հիմնական մասնակիցները, որոնք ապագայում կարող են ներգրավել այլ միջազգային գործընկերների։ Ծրագիրը կիրականացվի երեք փուլով։

Առաջին փուլում նախատեսվում է իրականացնել Ռուսաստանի և Չինաստանի լուսնային առաքելություններ, ուսումնասիրել Լուսինը, որոշել լուսնային կայանի գտնվելու վայրը և այլն։

Երկրորդ փուլը ներառում է լուսնային կայանի կառավարման կենտրոնի ստեղծումը, մեծաքանակ բեռների առաքումը Լուսին և էլեկտրամատակարարման, կապի և տրանսպորտային ծառայությունների ուղեծրային մոդուլների ստեղծումը։ 
Երրորդ փուլը ենթադրում է Լուսնի հետախուզում, լուսնային կայանի մոդուլների ֆունկցիոնալության ընդլայնում և միջազգային գործընկերներին աջակցություն Լուսնի վրա մարդկանց վայրէջքի հարցում։