Ովքեր եւ ինչպես են հանձնում Արցախը

Ովքեր եւ ինչպես են հանձնում Արցախը

44-օրյա պատերազմով Ադրբեջանին չհաջողվեց ամբողջությամբ բռնագրավել Արցախը: Փայլուն ռազմական գործողության շնորհիվ (ընդամենը մեկ ուղղաթիռի եւ նրա անձնակազմի կորուստ) ռուս խաղաղապահները փակեցին Ալիեւի հրոսակների մուտքը Ստեփանակերտ եւ, կարելի է ասել, կանխեցին հերթական հայոց ցեղասպանությունը՝ հայկական հողի վրա: Կա՞ մեկը, որ կարող է հակաճառել ու հակառակն ապացուցել ինձ: Դու փորձիր, Նիկոլ, չէ՞ որ ամենահամարձակն ու ամենաճարտասանը դու ես քո ողջ սբրոդի մեջ: Փորձիր պնդել հակառակը, եւ շատ արագ կպարզվի, որ քեզ չի հաջողվել մինչեւ վերջ կատարել խոստումդ եւ փակել Արցախի հարցն առհավետ: Իսկ դա կանեն հենց ռուսները, ինչպես արեցին Շուշիի կապակցությամբ, երբ փորձում էիր արդարացնել Շուշին Ադրբեջանին նվիրելու քայլդ:

Լաչինի միջանցքը փակ է: Բաքվի իշխանությունները, շատ լավ հասկանալով, որ դա դատապարտելի քայլ է իրենց կողմից, Լաչինի միջանցք են ուղարկել ինչ-որ բնապահպանների, որպեսզի, երբ միջազգային հանրությունը դատապարտի այդ արարքը, կարողանան ողջ մեղքը բարդել կանաչների վրա ու ձեռքերը լվանալ: Այսուհանդերձ, Բաքուն այս միջադեպից շահած է դուրս գալիս: Օգտվելով այն հանգամանքից, որ ռուս-ուկրաինական դիմակայության մեջ Արեւմուտքը միանշանակ հակառուսական դիրքորոշում ունի, Բաքուն գեներացնում է ռուս խաղաղապահներին Արցախից հեռացնելու հարցը՝ նսեմացնելով խաղաղապահների եռակողմ մանդատն ու ներկայությունը:

Օրերս Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիան աջակցում է ադրբեջանցի բնապահպաններին՝ համարելով, որ նրանք ուզում են գնալ Ղարաբաղ, որն Ադրբեջանի տարածքն է, բայց դրա հնարավորությունը չունեն: Հաջորդիվ արդեն աշխուժացավ Ադրբեջանի նախագահի օգնականը՝ հայտարարելով, թե ճանապարհը փակել են ռուս խաղաղապահները: Եվ այսքանն արդեն բավական էր, որ իրենց թաքստոցներից դուրս գային հայ (թո՞ւրք) սորոսականներն ու վայրահաչեին ռուսների եւ Ռուսաստանի դեմ: Որպեսզի ավելի լավ պատկերացում կազմենք, թե ովքեր են դրանք, առաջարկում եմ թերթել Նիկոլ Փաշինյանի ընդունելությունների ու հանդիպում-քննարկումների գիրքը: Փաշինյանը դրանց հետ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում քննարկվել է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանին Հայաստանից եւ Արցախից հեռացնելու խնդիրը, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքական վեկտորը դեպի Թուրքիա եւ Արեւմուտք ուղղելու հարցը:

Այդ հանդիպումների մշտական մասնակիցների մեջ էին Լեւոն Շիրինյանը, Տիգրան Խզմալյանը, Դավիթ Սանասարյանը եւ էլի մի քանիսը, որոնք, բավականաչափ ողջախոհություն դրսեւորելով, լեզուները մտցրին համապատասխան տեղը եւ առնվազն Լաչինի միջանցքի փակման կապակցությամբ լուռ մնացին: Այնպես որ, ստորեւ կանդրադառնանք «ամենահամարձակներին»՝ Լեւոն Շիրինյանին, Տիգրան Խզմալյանին եւ Դավիթ Սանասարյանին, որոնք, կրկնելով Ադրբեջանի նախագահի օգնականի հերյուրանքները, հայտարարեցին, որ Լաչինի միջանցքը ռուսներն են փակել: Ճիշտն ասած՝ այս երեքին առանձին-առանձին անդրադառնալու կարիք էլ չկա, որովհետեւ նրանք նույն հիմարությունն են դուրս տվել: Թերեւս միայն Լեւոն Շիրինյանին առանձնացնեմ, որ, լինելով տրադիցիոն զգուշավոր էակ, խուսափել է «ռուս» եւ «Ռուսաստան» բառերից եւ «փաստել», որ ճանապարհն Ադրբեջանը չի փակել: Իսկ Տիգրան Խզմալյանն ու Դավիթ Սանասարյանը, օրինակ, բաց տեքստով են հայտարարել, որ ճանապարհը փակել են ռուս խաղաղապահները եւ կամ՝ Ռուսաստանը: Ոզնուն էլ, կարծում եմ, հասկանալի է, թե որքան վտանգավոր է այս պնդումը ստեղծված իրավիճակում: Այո, ոզնուն, բայց ոչ ՀՀ ԱԱԾ-ին կամ անվտանգության որեւէ այլ կառույցի: Սույն պարոնները, փաստորեն, հակապետական հայտարարություններ են անում՝ լինելով երկրի վարչապետի մտերիմն ու սեղանակիցը: Թե ինչ կմտածեն ՀՀ վարչապետի եւ նրա մտերմիկ շրջապատի մասին ռուսները, թողնենք ռուսներին, բայց ինձ եւ հարյուր հազարավոր արցախցիների համար այլեւս պարզ է, որ Նիկոլի Հայաստանը ոչ թե Արցախի անվտանգության հովանավորն է, այլ Արցախն Ադրբեջանին հանձնելու հարցում Թուրքիայի եւ Ադրբեջանի կարեւոր աջակիցը: Ես ընդամենը մեկ հարց ունեմ Դավիթ Սանասարյանին, Տիգրան Խզմալյանին, Լեւոն Շիրինյանին եւ մնացած գործակալներին, որոնք պնդում են, թե Ռուսաստանն է փակել Լաչինի միջանցքը: Կարո՞ղ եք, արդյոք, ասել, թե ինչու եւ ումից են ռուսները շրջափակել Արցախը: Այդ ճանապարհը, կարծեմ, բաց էր մինչեւ ադրբեջանցի «բնապահպանների»՝ այնտեղ հայտնվելը: Ինչո՞ւ հանկարծ փակվեց, ինչո՞ւ Արցախի գազն անջատվեց, եւ ինչո՞ւ ռուսների համառ բանակցություններից հետո գազամատակարարումը վերականգնվեց: Իսկ գուցե Ռուսաստանը Լաչինի միջանցքը փակել է Նիկոլի Հայաստանի դե՞մ: Գուցե վերոնշյալներն այս մասին են բարձրաձայնում, որպեսզի արդարացնե՞ն Նիկոլի կառավարության անողնաշար պահվածքն այս հարցում: Ի՞նչ իմանաս… Իսկ գուցե իսկապե՞ս թուրք են կամ թուրքի լամուկ, ինչպես կասեր Լեւոն Շիրինյանը:

Տեղի ունեցածը փաստ է, որ խոսում է Հայաստանում սորոսականության խոր արմատների մասին: Սորոսը հայտարարել է, որ փակում է իր գրասենյակները, ճիշտ է, բայց, նախ` մինչեւ 2025 թիվը ֆինանսավորելու են, հետո էլ, վստահ ենք` մետաստազները, ինչպես ասում են, դեռ մնալու են ու ամեն առիթով իրենց զգացնել են տալու: Դրանք նույնպես պետք է քոքահան արվեն եւ ինչքան շուտ, այնքան լավ: Չի կարելի թույլ տալ, որ ինչ-որ Դավիթ Սանասարյան, Տիգրան Խզմալյան կամ Լեւոն Շիրինյան հասնեն իրենց նպատակին, եւ ռուսները լքեն Արցախը: Իրատես լինենք՝ ոչ մի Արեւմուտք, ոչ մի Նիկոլ եւ ոչ մի ուրիշ բան այսօր անզեն արցախցուն չեն կարող փրկել Ադրբեջանի յաթաղանից: