Հանքարդյունահանողների հետ պայմանագրեր չեն կնքվել

Հանքարդյունահանողների հետ պայմանագրեր չեն կնքվել

Մենք տեղեկություններ էինք ստացել, որ արդեն իսկ Արցախի եւ Հայաստանի որոշ հանքավայրերից հանքանյութի արդյունահանումը կրճատելու կամ դադարեցնելու մտադրություններ կան, եւ առաջիկայում հանքերը դադարեցնելու են կամ խիստ կրճատելու են աշխատանքը, եւ միայն Արցախում մոտ 2 հազարի չափ աշխատող գործազուրկ է դառնալու: Սակայն քանի որ հանքավայրերը շահագործող ընկերությունների հետ կապ հաստատել չի հաջողվում, փորձեցինք այդ տեղեկությունը ճշտել բեռնափոխադրողներից: Մասնավորապես, Արցախից հանքանյութը մշտապես տեղափոխվել է մինչեւ ՀՀ սահման, այնտեղից երկաթուղով՝ նշանակության վայրեր:

Մենք դիմել էինք «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին` խնդրելով մեզ տրամադրել տեղեկատվություններ այն մասին, թե արդյոք մինչեւ տարեվերջ ընկերության բեռնափոխադրումները` Դրմբոնի եւ Զոդի հանքավայրերից, կրճատվելո՞ւ են՝ կապված որոշակի խնդիրների հետ: Եվ արդյոք դա նշանակո՞ւմ է, որ որպես բեռնափոխադրումների կրճատման հետեւանք, ՀԿԵ-ում նույնպես կրճատումներ են սպասվում: 

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ երկաթուղուց հայտնել են. «Ձեր հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը սպասվելիք բեռնափոխադրումների ծավալները պլանավորում է ըստ տնտեսվարող սուբյեկտների կողմից ընկերությանը ներկայացված հայտերի եւ դրանց հիման վրա կնքված պայմանագրերի: Այս պահի դրությամբ 2023 թվականի համար նման հայտեր կամ պայմանագրեր դեռ չեն ստացվել/ կնքվել»: 

Այս պատասխանից կարելի է ենթադրել, որ պայմանագրերի ու հայտերի բացակայությունը վկայում է այն մասին, որ նշված հանքերից հանքարդյունահանում չի կատարվելու: