Երեք միլիոն վարչապետերը պետք է ծանոթանան խաղաղության պայմանագրի տեքստին

Երեք միլիոն վարչապետերը պետք է ծանոթանան խաղաղության պայմանագրի տեքստին

«Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի Ադրբեջանի տարբերակը», - օրերս հայտնեց հայտնեց ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։ «Այսինքն, մեր՝ հունվարի 4-ի պատասխանից հետո Ադրբեջանը ուղարկել է իր տարբերակը, և մենք շարունակում ենք աշխատել, և կարծում եմ, որ արտգործնախարարները երբ որ հանդիպեն մոտակա շրջանում, բնականաբար, քննարկելու են խաղաղության պայմանագիրը», - նշեց Գրիգորյանը: Նրա փոխանցմամբ՝ երկու երկրների արտգործնախարարների առաջիկա հանդիպման տեղի և ժամկետների վերաբերյալ հստակություն դեռ չկա, «քննարկվում են տարբերակներ»։

Թե որոնք են Հայաստանի, այնուհետեւ՝ Ադրբեջանի առաջ քաշած պահանջներն ու պայմանները, հստակ ոչինչ հայտնի չէ: Միայն կարելի է ենթադրություններ անել Ալիեւի հնչեցրած ելույթներից, որոնք ենթադրում են Հայաստանի Հանրապետության լուծարում, անկախության չեղարկում, Հայաստանի տարածքը ադրբեջանացնելու միտում:

Մինչ 2020թ-ի արցախակործան պատերազմը, երբ Փաշինյանին հարցեր էին ուղղում հայ-ադրբեջանական բանակցությունների շուրջ, վերջինս «մուննաթով» պատասխանում էր.  «Ինչ որ պետք է, այն էլ բանակցում ենք»:

Փաշինյանի ինքնագլուխ բանակցությունների արդյունքը տեսանք: Տեսանք նաեւ նոյեմբերի 9-ի հայտարարության տակ ստորագրելու արդյունքը: Այդպես էլ հայ գիտակից հասարակությունը մինչեւ վերջ չիմացավ, թե ինչի տակ էր ստորագրել ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը: Միայն պարբերաբար անականկալ պարտավորվածություններ էր, որ ջրի երես էին դուրս գալիս:

2018թ-ին իշխանության եկող Փաշինյանը Հանրապետության հրապարակի բազմահազարանոց ցույցի առաջ խոստացավ, որ ինքը Արցախի հարցում միայնակ որոշում չի կայացնելու, այլ գալու է հրապարակ եւ հարցնի իր կողմից վարաչապետի պաշտոն ստացած երեք միլիոն ՀՀ քաղաքացիներին: Ինչպես տեսանք, նա միայնակ եւ ինքնուրույն, իհարկե, իր դրսի թելադրողների պահանջով, «լուծեց» Արցախի հարցը: Ու, զարմանալիորն մարսեց… Հիմա զոհասեղանին Հայաստանի Հանրապետության հարցն է: Վտանգի տակ են ոչ միայն սահմանամերձ մարզերը՝ Տավուշը, Գեղարքունիքը, Սյունիքը եւ մյուսները, այլեւ՝ հենց մայրաքաղաք Երեւանը: Ու, ինչպես տեսնում ենք, հիմա էլ է Փաշինյանը ինքնուրույն որոշում լուծել մի ողջ երկրի, հայրենիքի ու նրա երեք միլիոն վարչապետերի ճակատագիրը։