Կարապետ Բադալյանի կողմնակալության ապացույցները բազմաթիվ են
Հակակոռուպցիոն դատարանում հունիսի 6-ին սկսվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրա դուստրերի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին գործով դատական նիստը։ Նիստի ժամանակ նրանց ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատարանին, դա հիմնավորելով, որ կան փաստեր, որոնք «ուղղակի կասկածի տակ են դնում դատավորի անաչառությունը» եւ մասնավորապես նշեց այն, որ դատավորը «Լուսինե Խառատյանի ամուսինն է, ում մայրը Հրանուշ Խառատյանն է, եղբայրը՝ Արսեն Խառատյանը։ Բաց աղբյուրներից մեզ հայտնի տեղեկությունների համաձայն՝ նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը դատավորի պաշտոնին հավակնել է 2018-ի հայտնի իրադարձություններից հետո»:
Ապա ասաց. «Արսեն Խառատյանը 2008-ին մեկնել է ՀՀ-ից՝ սկզբում բնակվել ԱՄՆ-ում, հետո՝ Վրաստանում մինչև 2018-ի մայիս՝ մինչև Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալը։ Նույն բաց աղբյուրների համաձայն՝ Արսեն Խառատյանի՝ ՀՀ-ից մեկնելը կապվում է 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների հետ՝ իշխանության դեմ ուղղված քաղաքացիական պայքարի ակտիվիստ լինելու հետ։ Որպես Արսեն Խառատյանի քրոջ ամուսին՝ դատավոր Կարապետ Բադալյանը չէր կարող չիմանալ Արսեն Խառատյանի՝ նման ընկալումների մասին և չէր կարող բացասաբար տրամադրված չլինել այդ ժամանակվա ՀՀ իշխանությունների, մասնավորապես ՀՀ նախագահ ընտրված, սույն գործով պատասխանող Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Բաց աղբյուրներից հասանելի տեղեկությունների համաձայն՝ Արսեն Խառատյանն ակտիվ մասնակցել է Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հրաժարական պարտադրելուն ուղղված գործողությունների համակարգմանը։ Հիշյալ իրադարձություններից հետո Վրաստանից եկել է ՀՀ, որից հետո նշանակվել է Նիկոլ Փաշինյանի՝ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական։ Այսինքն՝ հիշյալն ապացուցում է, որ դատավոր Կարապետ Բադալյանի կնոջ եղբայր Արսեն Խառատյանը շատ մտերիմ հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ, որը ընդգծված բացասական վերաբերմունք ունի Սերժ Սարգսյանի նկատմամբ»,- ասել է Մակինյանը։
Բայց բոլորովին կարիք չկար ազգակցական կապերը բացահայտելու եւ Կարապետ Բադալյանի աչառու լինելու փաստը Խառատյանների հետ կապով բացատրելու, քանզի հենց ինքը` Կարապետ Բադալյանը ժամանակին եւ տեսակետներ է հայտնել, եւ մասնակցել որոշ պրոցեսների, որոնք վկայում են նախկինների նկատմամբ նրա սուբյեկտիվ վերաբերմունքի մասին: Մասնավորապես` փաստաբան Կարապետ Բադալյանը Սահմանադրական դատարանի նախկին կազմի դեմ ամենաեռանդուն պայքարողներից էր եւ սահմանադրական հանրաքվեի ջատագովներից: Դա, թերեւս, նաեւ նրա ընկերական հարաբերություններով էր բացատրվում` առ Վահե Գրիգորյան, որին ՍԴ անդամ նշանակելու համար էին նաեւ անօրինական հալածանքների ենթարկվում ՍԴ նախկին անդամները, բայց ամեն դեպքում դա խոսում է նրա դիրքորոշումների մասին:
Նա նաեւ կարծիք է հայտնել գործող Սահմանադրության մասին, որն ընդունվել է Սերժ Սարգսյանի ժամանակ. «Մեր Սահմանադրությունը լավագույններից չէ այն առումով, որ բազմաթիվ խնդիրներ, որոնք ծագում են, որևէ լուծում չի առաջարկում, ավելին՝ բոլոր լուծումները դեպի փակուղի է տանում», ասել է նա 2019 թ. օգոստոսի 17-ին gala.am-ին եւ հավելել` «չեմ կարծում, որ այսօր մեր երկրում գործող կառավարման համակարգը սուպերվարչապետական է»:
2019-ի հունիսի 6-ին factor.am-ին ասել է. «Քաղաքական մեծամասնությունը որոշեց, որ 2018 թվականին՝ ժողովրդի կամքի արտահայտությունից երեք տարի հետո Սահմանադրության այն հոդվածները, որոնք վերաբերում են ՍԴ-ի կառուցվածքին, դատավորների պաշտոնավարման ժամկետին, նշանակմանը, դա պետք է արհամարհի մոտակա 25 տարվա համար: Դրա համար ՍԴ նախագահ ընտրեցին մեկին, որին փորձեցին վերագրել նախկին Սահմանադրությամբ պաշտոնավարման տևողությունը: Եթե ՍԴ նախագահը պաշտոնավարելու է մոտակա 25 տարին, Սահմանադրության այս հոդվածները չեն կիրառվում: Սա կամայականություն է, գործողություն է ժողովրդի կամքի դեմ»:
«Եթե կառավարությունը ուզենար, որ իր տոտալ իշխանությունը լիներ ՍԴ-ում, ապա այնպիսի օրենք չէին ընդունի, որպեսզի ընդամենը ՍԴ երեք դատավորի լիազորություններ դադարեցվեր, այլ հենց նախկին յոթին էլ կդադարեցվեին», 2020-ի հուլիսին ասել է նա newArmenia.am կայքին։
Իսկ 2020-ի հունիսի 23-ին նույն կայքին ասել է. «Նախկինում իշխող կուսակցությունն ընտրված չէր ժողովրդի կողմից լեգիտիմ ընտրությունների միջոցով, հիմա մենք ունենք բացարձակ լեգիտիմություն ունեցող ժողովրդի կողմից ընտրված իշխանություն։ Ազատ ընտրություններ տեղի է ունեցել 2018թ․ և դրա արդյունքում ձևավորվել է այն պառլամենտը, որը մենք ունենք՝ համապատասխան իշխանության և ընդդիմության բաժիններով։ 2020-ի փետրվարի 25-ին էլ ասել է. որ բոլորս տեսել ենք, թե ինչպես է վարչապետը ներկայանում քննչական մարմին և ցուցմունք տալիս․ «Փաշինյանը օրինակելի քաղաքացու վարքագիծ է դրսևորում»։
Եւ փաստաբան Կարապետ Բադալյանի նախորդ կյանքի շեդեւրը` նա իր ֆեյսբուքյան էջում 2019-ի սեպտեմբերի 3-ին գրել է. «Սահմանադրական դատարանի անդամները, խաղաղությամբ տուն գնալու փոխարեն, պատերազմ են հայտարարում Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին՝ շարունակելով իրենց ապօրինի գործունեությունը: Միով բանիվ լծվել են բացառապես գլխավոր մեղադրյալի (խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է` խմբ.) դիմումների հաջողմանը (ապօրինաբար վարույթ են ընդունել, մարդկանց ուշադրությունը շեղելու համար եվրոպաներ են ուղարկել՝ կարծիքներ ստանալու համար, իսկ ամենակարևոր հարցը «գաղտագողի» փորձում են տեղում լուծել), դրանով իսկ բացահայտելով իրենց միավորող ընդհանուր ընթացքն ու նպատակը: Մարտի 1-ի գործով կանխակալ վերաբերմունք ունեցող և որոշ իմաստներով ու դեպքերում նաև ոճրագործությանը մասնակցություն բերած ՍԴ անդամներն այսօր՝ 2019-ի սեպտեմբերի 2-ին, և վաղը փորձելու են, «անձեռնմխելիության» ներքո, ազատել քրեական հետապնդումից ու պատասխանատվությունից ինչպես գլխավոր մեղադրյալին, այնպես էլ իրենք իրենց: Հույս չունենաք: ՍԴ անդամների տվյալ կազմով ձեր որևէ ու ցանկացած որոշում ապօրինի է:
Հ.Գ. ՍԴ անդամների՝ դատավոր և, ընդհանրապես, լեգիտիմ չլինելու վերաբերյալ բոլոր նախկին փաստարկներս արդիական են և ուժի մեջ»:
Գրառումը նրա էջից հեռացված է, բայց ապացույցները մնացել են բազմաթիվ կայքերում: Այնպես որ բոլորովին կարիք չկար Խառատյանների հետ կապերի վրա կառուցել բացարկի միջնորդությունը, ինքը` դատավորը բազում անգամներ ապացուցել է, որ նախկին իշխանությունների հանդեպ ունի բացասական վերաբերմունք եւ այդ վերաբերմունքը, հասկանալիորեն, չէր կարող փոխված լինել նրա դատավոր դառնալուց հետո:
Կարծիքներ