Իմքայլականներին կարող է սպառնալ 10-15 տարի ազատազրկում

Իմքայլականներին կարող է սպառնալ 10-15 տարի ազատազրկում

Խորհրդարանական մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունը երեկ սահմանադրական կարգի տապալման ակտ իրականացրեց՝ երկու գործողությամբ։ Առաջին գործողությամբ նրանք քվեարկեցին եւ ընդունեցին ՍԴ դատավորներից երեքից օրենքի խախտմամբ ազատվելուն միտված սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ առաջին ընթերցմամբ, հետո՝ երեք ժամ անց, նույնը կրկնեցին արդեն երկրորդ ընթերցմամբ։ Կողմ քվեարկեց 89 պատգամավոր՝ 88 իմքայլական եւ Բաբաջանյան Արման կոչված «անկախ» պատգամավորը։ Իշխանությունների այս քայլը ընդդիմությունը՝ խորհրդարանական, թե արտախորհրդարանական, համարում է քրեական հանցագործություն ՀՀ քրեական օրենսգրքի 300 կամ 300.1՝ սահմանադրական կարգի տապալում հոդվածով։

Հիշեցնենք․ սա այն հոդվածն է, որով դատվում է Ռոբերտ Քոչարյանը։ Դրա համար էլ ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» երեկ չմասնակցեցին արտահերթ նիստին, որպեսզի վաղը քաղաքական եւ իրավական պատասխանատվություն չստանձնեն սրա համար։ Իշխանությունները, թքած ունենալով ոչ միայն ՀՀ ներպետական օրենսդրության եւ Սահմանադրության վրա, այլեւ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի, երեկ որոշեցին գնալ այս ապօրինի ճանապարհով եւ ազատվել ՍԴ այն դատավորներից, որոնք պաշտոնավարել են 12 տարի։ Նախագիծը զեկուցում էր Սահմանադրության եւ իրավաբանության հետ որեւէ կապ չունեցող պատգամավոր, նախկին լրագրող Վահագն Հովակիմյանը։

Նա սկզբում հայտարարեց․ «Այս նախաձեռնությունը հանուն Հայաստանի Հանրապետության է, այսօր մենք՝ պատգամավորներս, այս նախաձեռնության օգտին քվեարկելով, քվեարկում ենք, որ մեր երկրում անհատը լինի երջանիկ, հանրությունը՝ հոգատար, Հայաստանը՝ հզոր պետություն»։ Փաստորեն, ըստ Հովակիմյանի տրամաբանության, ՍԴ այս 3 դատավորի հեռացմամբ միայն ՀՀ հպարտ քաղաքացին կարող է իրեն երջանիկ զգալ։ Խոսքն այն քաղաքացու մասին է, որի կարծիքը իշխանությունները որոշել են այլեւս չհարցնել, մինչդեռ ընդամենը 3 ամիս առաջ հայտարարում էին, որ պետք է անպայման հարցնել քաղաքացու կարծիքը՝ նա ուզո՞ւմ է, որ ՍԴ գործող կազմից ազատվի, թե՞ ոչ։ Կորոնավիրուսը մի կողմից փչացրեց նրանց պլանները, մյուս կողմից՝ փրկեց, քանզի հանրաքվեի ելքը կարող էր վճռորոշ լինել նրանց համար։ Հիմա իշխանությունները որոշել են, որ այս հարցն առանց քաղաքացու էլ կլուծեն։ Եվ երեկ միանձնյա՝ միայն իմքայլականներով, իրենք իրենց զեկուցեցին, իրենք իրենց հարցեր տվեցին եւ ընդունեցին չարաբաստիկ նախագիծը։ Այս իրավիճակի մասին հուշող մի հարց հնչեց՝ Թագուհի Թովմասյանը Հովակիմյանին հարցրեց՝ եթե Վենետիկի հանձնաժողովի կարծիքը չէինք լսելու, ինչո՞ւ էինք հարցնում։ Նա, բնականաբար, չկարողացավ որեւէ հոդաբաշխ բացատրություն տալ, նույնկերպ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չկարողացավ հստակ բացատրել, թե ինչու այլեւս չեն հարցնում քաղաքացու կարծիքը։

Իսկ Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացության 53-րդ կետում հստակ նշում է, որ պետք է լինի անցումային շրջան, եւ դատավորների փոփոխելիությունը պետք է աստիճանաբար իրականացվի, իսկ 82-րդ կետով էլ ամրագրում է․ «Նախագիծը, որը դրել եք շրջանառության մեջ, չի համապատասխանում այս կարծիքում նշված դիրքորոշմանը»: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի երեկվա տարածած հայտարարության մեջ եւս այս մասին է խոսվում:
Բայց իմքայլականները երեկ փորձում էին ներկայացնել, որ Վենետիկն իրենց միանշանակ աջակցում է։ Նշենք, որ սահմանադրական կարգի տապալման համար Քրօր․-ը նախատեսում է 10-15 տարի ազատազրկում։