Անահիտ Բախշյանը հանդիպել է Հոկտեմբերի 27-ի գործով նախկին մեղադրողի հետ

Անահիտ Բախշյանը հանդիպել է Հոկտեմբերի 27-ի գործով նախկին մեղադրողի հետ

Նախորդ տարեվերջին հայտնի դարձավ, որ Հոկտեմբերի 27-ի գործից անջատված եւ կարճված մասի քննությունն իրականացնելու համար Ազգային անվտանգության ծառայությունում նոր վարույթ է սկսվել՝ Հոկտեմբերի 27-ի գործով տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանի դիմումով։ Գործը, փաստորեն, «27»-ի  կազմակերպիչների մասով է, որը, որպես առանձին վարույթ, բացվել էր 2000 թվականին՝ անջատվելով  մայր գործից, սակայն 2 տարի 9 ամիս տեւած անարդյունք նախաքննությունից հետո կարճվել էր։

2019-ի վերջին նախ Արման Բաբաջանյանն այցելեց Նաիրի Հունանյանին եւ հայտարարեց, որ նա շատ սթափ վիճակում է։ Հետո Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը հայտարարեց, որ 20 տարի առաջ գործը կարճելիս կարճման որոշումն իրեն չեն տվել, ինչը պրոցեսուալ խախտում է, ուստի պետք է գործը վերաբացվի, եւ գործի քննությունը վերսկսվեց։ Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների ու օժանդակողների մասով գործի վերաբացումից անցել է մի քանի ամիս, սակայն լռություն է։ Մեզ հայտնի դարձավ, որ Հոկտեմբերի 27-ի գործի կողմ հանդիսացող, տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանն ու իր փաստաբան Զարուհի Մեջլումյանն ակտիվ հանդիպումներ են ունենում տարբեր մարդկանց հետ, այդ թվում Հոկտեմբերի 27-ի գործով նախկին մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի հետ են հանդիպել՝ առաջարկելով աջակցել իրենց։ Զարուհի Մեջլումյանը թեեւ հերքեց, թե նման հանդիպում չի եղել, սակայն նրա վստահորդ Անահիտ Բախշյանը լուրը հաստատեց։

«Ինքն (Հակոբ Մարտիրոսյանը) ասում էր այն, ինչ դատարանում հարցաքննության ժամանակ, թե ինչպես է եկել այն եզրակացության, որը բերեց դատարանում ներկայացրեց, վայրկյան-վայրկյան ցույց տվեց, որ դահլիճում գտնվողները չեն, որ սպանել են  Արմենակյանին»,- ասաց տիկին Բախշյանը։ Նրա խոսքով՝ գործում, առհասարակ, ամենակարեւոր դրվագն Արմենակ Արմենակյանի սպանության բացահայտումն է։ Բախշյանն ասում է՝ դա ուղիղ ապացույց է, որ դրսում եղել են հանցակիցներ։ Հիշեցնենք, որ կրակոցների պահին Արմենակ Արմենակյանն ԱԺ բուֆետում սուրճ խմելիս է եղել Մանվել Բադեյանի եւ մի քանի այլ անձանց հետ, որոնք հետագայում իրենց այդ ցուցմունքներից հրաժարվել էին, քանի որ դրանցով ապացուցվում էր, որ Արմենակյանին խորհրդարանի բուֆետից դեպի դահլիճ բարձրանալու ճանապարհին է ինչ-որ մեկը սպանել, որը դահլիճում չի եղել։ Անահիտ Բախշյանը փոխանցեց նաեւ քննչականի ղեկավարի այն մեկնաբանությունը, որ վերաբացել՝ նշանակում է զրոյից սկսել նախաքննությունը։

Հարցին, թե ինչ է արվել այս ընթացքում, Անահիտ Բախշյանն ասաց, որ մոտ մեկ ամիս առաջ ծանոթացել է քննչական խմբի ու ղեկավարի հետ ու դրանից հետո չգիտի։ «Մի անգամ խոսել եմ քննչական խմբի ղեկավարի հետ, ասում էր՝ գործերն ընթանում են։ Եվ ավել բան չեմ կարող պահանջել իրենցից՝ նախաքննության գաղտնիության առումով։ Այսինքն՝ ինչ իրենք հարմար կգտնեն, դրա մասին կասեն։ Էսքան բան»,- փոխանցեց Բախշյանը։ Անձամբ նա այն կարծիքին է, որ թե՛ գործով անցնող վկաները, որոնք դեռ ողջ են, թե՛ նախկինում օժանդակելու մեջ մեղադրվածները՝ ԱՄՆ-ում գտնվող Նաիրի Բադալյան, «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյան, Հ1-ի նախկին տնօրեն Ալեքսան Հարությունյան եւ շատ այլ մարդիկ, ներառյալ Նաիրի Հունանյանը, նորից պետք է հարցաքննվեն։ Պետք է գնան նաեւ Նաիրի Հունանյանի կողմից մոտ մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանին ուղարկած նամակի հետքերով։
 «Հաստատ՝ կազմակերպիչներ կան․ դրանում ես կասկած չունեմ, եւ նրանց բացահայտելու համար նորից պետք է քննություն տարվի։ Իսկ կազմակերպիչ կա, համոզված եմ ասում, որովհետեւ միայն այն, որ Արմենակյանի սպանությունն էդպես էլ չբացահայտվեց, չնայած դատախազ Հակոբ Մարտիրոսյանը շատ մանրակրկիտ ուսումնասիրել էր եւ դատարանում ապացուցեց, որ ներսի ահաբեկիչներից ոչ մեկը չէր կարող սպանել Արմենակյանին, քանի որ էդ պահին դրսում չեն եղել»։ Իհարկե, ԱԱԾ-ին տրամադրվել են գործի բոլոր 57 հատորները, այդ թվում՝ կարճված մասի 17 հատորը, որի բովանդակությանը տուժող կողմը նախկինում ծանոթ չի եղել: Սա լավ է, բայց վատ է այն, որ այս ընթացքում փաստացի ապացույցները՝ արյունոտված բաճկոններ, պարկուճներ եւ այլն, ոչնչացվել են։ Նույն՝ Արմենակյանի մասով։
Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 27-ի գործով տուժողների մյուս ներկայացուցիչները վերապահումներ ունեին գործի վերաբացման հետ կապված, այն առումով, որ նոր քրեական գործն ու դատավարությունը չքաղաքականացվեն ու չշահարկվեն։ Տիկին Բախշյանին հարցրինք՝ հանդիպե՞լ է մյուսների հետ, այդպես էլ չհասկացանք՝ մյուսներն ուզո՞ւմ են, թե՞ չեն ուզում գործի վերաբացում։ Նա ասաց․ «Բոլորն էլ ուզում են, ուղղակի ստորագրեցի միայն ես։ Արամը բարձրաձայն ասել է, որ էնքան էլ համամիտ չէ, որ հիմա վերաբացվի, մնացածներին էլ դուք հարցրեք»։

Այդպես էլ արեցինք՝ Դեմիրճյանների փաստաբան Աշոտ Սարգսյանին հարցրինք, թե ինչու չեն ստորագրել։ Նա ասաց․ «Քանի որ մենք այդ որոշումը չենք ստացել, իսկ տիկին Անահիտ Բախշյանը ստացել է, նա էլ ներկայացրել է»։ Ինչ վերաբերում է նախաքննությունը զրոյից սկսելուն, ապա Սարգսյանն ասում է՝ պետք չէ զրոյից սկսել, պետք է սկսել այն միջնորդություններից, որ ինքն արել է։ Մեկն էլ Արամ Սարգսյանի ներկայացուցիչ Յունոշեւն էր։ Աշոտ Սարգսյանը նշեց․ «Մեջը մանրամասն սաղ ներկայացված է, էդ միջնորդությունները, որոնք 14 տարի առաջ բավարարվել են քննչական խմբի կողմից, եթե ուզում են դրանցում նշված գործողություններն անեն, թող անեն, հետո անցնեն առաջ։ Դուք հասկանո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում։ Այսինքն՝ քննչական խումբը համաձայնել է, որ այդ գործողություններն անհրաժեշտ են քրեական գործի համար։ Էն ժամանակ չեն արել, հիմա թող անեն։ Մանավանդ, որ էդ մարդիկ սաղ էլ կան»։

Իսկ Աշոտ Սարգսյանի միջնորդությունները վերաբերում էին դահլիճում զենքերի գտնվելուն, կարմիր թղթապանակին, որը Նաիրի Հունանյանինն էր, եւ «27»-ի այլ անհայտներին, որոնցով առաջարկում էին փորձաքննություններ կատարել։