Ո՞վ էր բերել Կապառոսին

 Ո՞վ էր բերել Կապառոսին

Հերթական անհաջողություններից հետո Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան հայտնում է, որ իսպանացի հանրահայտ մասնագետ Խոակին Կապառոսը այլևս չի հանդիսանում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Ըստ ՀՖՖ-ի՝ Կապառոսն ու ֆեդերացիան երկկողմանի համաձայնությամբ դադարեցնում են համագործակցությունը։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը երեկ հանդիպել է Խոակին Կապառոսի հետ, քննարկել Հայաստանի ազգային հավաքականի այս տարվա ելույթները։ Մինչ ֆեդերացիան պնդումներ է անում, թե պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ է խզվել, նույն Կապառոսի վերջին ասուլիսներից մեկը գալիս է հակառակն ապացուցելու։ Կապառոսը օրերս լրագրողների հետ զրույցում հստակ նշել էր, որ ինքը պայմանագիր ունի մինչև նոյեմբերի 30-ը, այսինքն՝ ակնարկել էր, որ միայն դրանից հետո պարզ կլինի իր ապագան։

ՀՖՖ մեր աղբյուրները պնդում են, որ ֆեդերացիայի նախագահն ու փոխնախագահը հասկացել են, որ իրենց հեռանալու ժամանակը ևս եկել է, ուստի Կապառոսին հեռացնելով ուզում են ջրից չոր դուրս գալ, շարունակել պաշտոնավարել։ Մենք գրել էինք, որ հինգ անընդմեջ պարտություններից հետո երկրպագուների շրջանում բողոքի մեծ ալիք է հասունացել, ֆուտբոլասերները այս խայտառակությունը հավասարապես պայմանավորում են ինչպես Կապառոսի, այնպես էլ ՀՖՖ ղեկավար կազմի հետ։

«Էդ Կապառոսին ովքեր են բերել։ Նրանց ովքեր են նշանակել, չեք հիշու՞մ»,- «Հրապարակի» հետ զրույցում տնային խաղում Ուկրաինային խոշոր հաշվով զիջելուց հետո նշել էր երկրպագուներից մեկը։

Նշենք, որ Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ իր պատմության ընթացքում հաղթեց պաշտոնական մրցաշարում՝ գրավելով առաջին տեղը Ազգերի Լիգայի C դիվիզիոնի իր խմբում: Իսպանացի մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն ունեցավ իր պատմության ամենաերկար անպարտելի շարքը՝  9 խաղ: 66-ամյա մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց մի շարք տպավորիչ հանդիպումներ Աշխարհի Գավաթի որակավորման փուլում։