«Ազատ, հզոր, երջանիկ Հայաստա՞ն»

«Ազատ, հզոր, երջանիկ Հայաստա՞ն»

Մեջբերում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահի ուղերձից. «Ցավոք, ցեղասպանության ճանաչումն ու սեփական պատմության ամոթալի էջերի տարատեսակ խմբագրումները շարունակում են մնալ ժամանակակից Թուրքիայի ժխտողական քաղաքականության հիմքում: Մեկ անգամ չէ, որ համոզվել ենք՝ հանցագործության ժխտումը նոր հանցագործության երաշխիքն է»: Ինչպես տեսնում ենք, ուղերձից ներկայացված հատվածը (ի դեպ, մնացած հատվածները ևս) համապատասխանում է օրվա խորհրդին: Եվ ողջ ուղերձն ադեկվատ է ինքնին՝ զուրկ տրամաբանական ներքին հակասություններից: Միաժամանա կարճ է՝ ընդամենը 16 տող, և հստակ՝ առանց ավելորդաբանությունների:

Ցավոք, նույնը չեմ կարող ասել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլի ուղերձի մասին: Այն ավելի քան երեք անգամ գերազանցում է ԱԺ նախագահի ուղերձի ծավալը: Ինչն առաջին անհամապատասխանությունն է օրվա խորհրդին: Դրա դրսևորումն է եռակի կրկնվող՝ «սիրելի- հարգելի- սիրելի (հայրենակիցներ)» դիմելաձևը, ինչը թողնում է երեքմասանի բաժակաճառի տպավորություն: Եվ որքան առաջ ենք գնում, այնքան «կենացներն» ավելի խաղցրանում: «Բաժակաճառի» երկրորդ մասի ավարտին մեզ սպասում է տրամաբանական ներքին հակասություն: Մեջբերեմ ամբողջական պարբերությունը. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը: Այս օրակարգը կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին»: 

Որպեսզի ասվածը հասկանալի լինի նաև «պողոսների» համար՝ բացատրեմ: Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը ենթադրում է ճնշում Թուրքիայի վրա: Այն ճնշում չէր նշանակի, եթե այդ պետությունն ինքնակամ ճանաչեր ցեղասպանության փաստը: Բայց քանի որ դա առկա չէ և չեմ կարծում, թե երբևէ կյանքի կկոչվի, ապա Թուրքիան շարունակելու է ագրեսիվ վերաբերմունք դրսևորել այդ օրակարգի նկատմամբ: Ինչը, բնականաբար, նույնիսկ տեսականորեն չի կարող ծառայել տարածաշրջանի լիցքաթափման նպատակին: Չի կարող և վերջ՝ ՀՀ վարչապետի պաշտոնին բազմած լինի Փաշինյան Նիկոլը, թե որևէ այլմոլորակային: Եվ եթե ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգիը խնդիրը համադրենք մեր իրականության հետ, ապա տարածաշրջանի լիցքաթափման կարելի հասնել միայն Հայաստան պետության վերացումով: Էլ չեմ խոսում Արցախի մասին:

Անցենք «բաժակաճառի» երրորդ մասին: Դրա սկզբում հանդիպում ենք մեկ այլ անհեթեթության: Ահա այն. «Նման իրավիճակի ամենագործուն արտահայտումը անկախ պետականությունն է, իր բոլոր ինստիտուտների առավելագույն կայացվածությամբ, որոշումների կայացման ընդունակություններով ու մեխանիզմներով: Այս գիտակցումն է մեզ հանգեցրել մեր ժողովրդի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգին, որովհետև սեփական անվտանգության ապահովման ամենաարդյունավետ գործիքը կայացած պետականությունն է և խաղաղությունը: Ու մենք պիտի գնանք այս ճանապարհով»: 

Եթե մեր երկիրը կառավարեր ոչ թե թերուս մեկը, այլ զարգացած ու գիտակից որևէ անձնավորություն, ապա կիմանար, որ «բոլոր ինստիտուտների առավելագույն կայացվածությամբ» անկախ պետականություն ունենալու համար ագրեսիվ մեր տարածաշրջանում անհրաժեշտ է ունենալ արժանապատիվ իշխանություն՝ դրա շուրջ համախմբված հասարակությամբ, հզոր տնտեսությամբ և հզոր բանակով: Ասվել է բազմիցս, սակայն այստեղ չեմ կարող չկրկնել՝ խաղաղ դարաշրջան, այն էլ մեր տարածաշրջանում, հնարավոր է միայն ուժի պարտադրանքով և ոչ թե մուրալով: Այն, ինչ անում է այսօր Նիկոլի կառավարությունը: 

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբողեցնող անձի ապրիլյքսանչորսյան ուղերձը տիպիկ նիկոլական մանիպուլյացիայի օրինակ է: Ինչը կրկին անգամ մեզ համոզում է, որ այդ անձը երբեք չի գիտակցելու իր բռնած ուղու կործանարար բնույթը հայոց պետականության ապագայի առումով: Ինչն էլ, իր հերթին, նշանակում է, որ նրա շուրջը համախմբվելու կոչերը նպատակամղված են ոչ թե «Ազատ, Հզոր, Երջանիկ Հայաստանի» կայացմանը, այլ մարդկանց մանիպուլյացման շնորհիվ սեփական իշխանության հավերժ պահպանմանը: Նման մեղք գործել ես չեմ ցանկանում: Եվ չէի ցանկանա նաև, որ նման մեղք գործեին մնացած հայաստանցիները՝ ինչ քաղաքական հայացքներ և ինչ նախասիրություններ էլ նրանք ունենան: