Փաշինյանը Արցախի կարգավիճակի նշաձողը կրկին իջեցրեց

Փաշինյանը Արցախի կարգավիճակի նշաձողը կրկին իջեցրեց

Ապրիլի 22-ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի ուշագրավ հայտարարություններ արեց, որոնք դուրս մնացին և ընդդիմադիր շրջանակների, և վերլուծաբանների, և լրատվական դաշտի ուշադրությունից: Ամբողջ օրը հետևում էի լրատվությանը, բայց ոչ ոք այդպես էլ չբարձրաձայնեց այդ մասին, իսկ լրատվականներում պտտվում էր «Արցախը իր չէ, որ հանձնենք…» վերտառությունը:

Վերջին ձևակերպումը Նիկոլ Փաշինյանը հատուկ հնչեցրեց, որպեսզի իրեն հատուկ գործելաոճով ուշադրությունը շեղի կարևորից: Սա նպատակային հոգեբանական ազդեցության միջոց է, երբ խոսում է մի բանից, բայց իրականում չի լսվում ու հետագայում էլ, երբ հարց առաջանա դրա վերաբերյալ, կասի՝ տեսեք, ես ասել էի այդ մասին: Սա Փաշինյանի գործելաոճն է, որին կարծես թե, պետք է արդեն դիմակայելու միջոցներ ունենայինք, բայց արի ու տես՝ դեռևս չունենք: 

Փաշինյանի վերոնշված ամբողջ ելույթի մեջ, թերևս, ամենակարևոր հայտարարությունը Արցախի կարգավիճակի նշաձողի ևս մեկ աստիճան՝ ավելի ճիշտ մի քանի աստիճան, իջեցնելու մասին էր, բայց այս անգամ ուղիղ տեքստով չասվեց, այլև՝ քողարկված: Եթե ուշադիր լսեք վերոնշված ելույթը, ապա դուք այնտեղ կլսեք հետևյալ ձևակերպումը. «Մեր մարտավարությունը հետևյալն է՝ ապահովել այնպիսի իրավիճակ կամ այնպիսի լուծում, որ արցախցին ապրի Արցախում, ապրի այնպես, որ իրեն զգա ղարաբաղցի, արցախցի և հայ» ու ավելացրեց.  «Լեռնային Ղարաբաղի խնդրի որևէ հանգուցալուծում կամ Լեռնային Ղարաբաղում հաստատված որևէ իրադրություն, որ այս պայմանները ոչ միայն չի ապահովվելու, այլև՝ չի երաշխավորելու, ընդունելի չէ մեզ համար և ընդունելի չի լինելու երբեք: Սա է հարցի առանցքը, մնացածը՝ կներեք, բաժակաճառ է»: Ու Փաշինյանի՝ արցախահայերիս տրված վերոնշված այսպես կոչված երաշխիքների մեջ ոչ մի խոսք չկա քաղաքական, տնտեսական ու այլ իրավունքների մասին, էլ չեմ խոսում՝ անվտանգության երաշխիքների մասին: Սա ոչ այլ ինչ է, քան խոստովանություն, որ ինքը համաձայնվել է Արցախի կարգավիճակի նշաձողը հասցնել ամենացածր մակարդակի, այսինքն՝ մշակութային ինքնավարության մակարդակի: 

Մշակութային ինքնավարություն նշանակում է՝ մայրենի լեզվով սովորելը, մայրենի լեզվով խոսելը, մայրենի լեզվով հեռուստատեսություն ու ռադիո, մամուլ ունենալը, իր ինքնուրույն եկեղեցին ու հավատքն ունենալը: Ու միմիայն սա: 

Այսինքն, ինչպես նշեց Փաշինյանը, ՀՀ իշխանության համար Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման առանցքը դիտարկվում է միմիայն արցախցին Արցախում ղարաբաղցի, արցախցի կամ հայ զգալու համատեքստում՝ սա հենց նույն մշակութային ինքնավարության ձևակերպումն է՝ քողարկված բառերով: Փաստորեն, Փաշինյանի համար ընդունելի է նման մոտեցումն ու առաջարկում է Արցախի հարցը լուծել մշակութային ինքնավարության շրջանակներում՝ իր ձևակերպմամբ համարելով հենց սա հարցի լուծման առանցք ու ինչպես ինքը նշեց՝ դրանից վեր ամեն ինչ համարելով բաժակաճառ: 

Ի դեպ, վերջերս ադրբեջանական վերլուծաբաններն ու լրատվականները՝ այդ թվում նաև իշխանական, հաճախակի են խոսում Արցախի հայերին մշակութային ինքնավարություն տալու, այսպես ասած, պատրաստակամության մասին՝ նշելով, որ դա կարող է լինել առավելագույնը, որին Բաքուն կհամաձայնվի Լեռնային Ղարաբաղի հարցում: Ու փաստացի վերոնշված ելույթով Նիկոլ Փաշինյանն իր համաձայնությունն է տալիս Բաքվին՝ համաձայնելով Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնել ամենացածր մակարդակի:

Ուշադրություն դարձրեք նաև վերոնշվածի մասին Փաշինյանի խոսքի ձևակերպմանը ու հատուկ «ղարաբաղցի» տերմինաբանության օգտագործումը: Այսինքն՝ պետք է եզրակացնենք, որ վերոնշվածի համատեքստում պարտադիր չի նույնիսկ «հայ զգալը», «ղարաբաղցի զգալը» նույնպես բավարար է:

Բայց այս ամենով Փաշինյանը չբավարարվեց ու ավելացրեց. «Այն ուժերը, որոնք ուզում են, որ Հայաստանի կառավարությունը որդեգրի բաժակաճառեր, որոնց արդյունքում նոր պատերազմ է սանձազերծվելու և Արցախը հայաթափվելու է, նրանք հանձնել, հանձնում են Արցախը և Հայաստանի Հանրապետությունը»:

Սիրելի հայրենակից, նկատեք, որ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի ու Արցախի հարցի վերաբերյալ այս ձևակերպումները համարյա նույնական են և իր բնույթով ոչնչով չեն տարբերվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախի հարցի վերաբերյալ հնչեցրած ձևակերպումներից: Պարզապես փնտրեք համացանցում ու նայեք, և դուք կտեսնեք հայերիս ուղղված նույնական ու որոշ դեպքերում միևնույն սպառնալիքները, և Նիկոլ Փաշինյանը, և Իլհամ Ալիևը, հայերիս վախեցնելու համար, օգտագործում են նույն բառամթերքը՝ պատերազմ, Արցախի հայաթափում, Արցախի, Հայաստանի գրավում (հանձնում) և այլն:

Ու այս համատեքստում ուշագրավ է նաև Նիկոլ Փաշինյանի հետևյալ ձևակերպումը․ «Թույլ չենք տալու զանազան սադրիչ հայտարարություններ, որոնք մեզ խաղաղության օրակարգից շեղելու նպատակ ունեն»։ Իսկ ահա Իլհամ Ալիևը նույն օրը Արցախի օկուպացված Շուշի քաղաքից կրկին սպառնալիքներ էր հնչեցնում հայերիս հասցեին՝ նշելով, որ. «Եթե Հայաստանում կան որոշ ուժեր, որոնք դեռևս մտածում են ռեւանշիզմի մասին և, դրանից ելնելով, կանգնեցնում են խաղաղության պայմանագրի կնքումն ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ապա մենք նույնպես կգնանք հավասարազոր քայլերի՝ չճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»: 

Հարգելի ընթերցող, դուք ինչ-որ տարօրինակ բան չտեսա՞ք այս երկու հայտարարությունների միջև, դուք նկատեցի՞ք, որ Փաշինյանն ուղղակիորեն հավատարմության երդում է տալիս Ալիևին, դուք տեսա՞ք, որ Փաշինյանն ու Ալիևը միևնույն սպառնալիքներն ու մեղադրանքներն են ուղղում Հայաստանն ու Արցախը կործանման եզրից ետ քաշելու փորձ անող ուժերին: Սա ձեզ համար ընդունելի՞ է:
 
Ու վերջում պետք է ասեմ՝ այո, Փաշինյանը ճիշտ է, նա չի թաքցնում, նա չի էլ փորձում թաքցնել, որ իր նպատակն է Արցախից մի կերպ ազատվելը՝ Արցախը Ադրբեջանին բռնակցելու միջոցով ու իր համար ամենևին էլ կարևոր չէ Արցախը իր է, թե՝ հայրենիք: Նիկոլ Փաշինյանը պարզապես ծաղրում է մեզ բոլորիս՝ ասելով՝ այո, ես հանձնում եմ ու հանձնելու եմ Արցախը, անելու եմ դա ու լավ եմ անելու, որովհետև դուք չեք կարողանում կանգնեցնել ինձ: