Ինչո՞ւ հստակ նշված չէր, թե որտեղից ֆինանս ստացողներն են գործակալ, որտեղից՝ ոչ

Ինչո՞ւ հստակ նշված չէր, թե որտեղից ֆինանս ստացողներն են գործակալ, որտեղից՝ ոչ

Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների, հնարավոր զարգացումների ու պատճառների մասին զրուցել ենք Սամցխե-Ջավախքի «Մեդիա վերլուծական կենտրոն» ՀԿ նախագահ, քաղաքագետ, Ախալցխայի բնակիչ Էդուարդ Այվազյանի հետ։

- ՀԿ-ների՝ արտերկրից ֆինանսավորման հետ կապված այդ օրինագիծն ինչո՞ւ այդքան մեծ աղմուկ բարձրացրեց։ Ի վերջո, դա չէր շոշափում հանրության լայն շրջանակների շահերը, այլ ընդամենը խոսքը մի քանի տասնյակ ՀԿ-ների մասին էր։ Թե՞ վրաց հասարակությունն այդ օրինագծի մեջ պրոռուսական դրսեւորումներ տեսավ։

- Այս օրինագիծը միայն ՀԿ-ներին չէր վերաբերում, այլ նաեւ լրատվամիջոցներին եւ ոչ միայն, այլ՝ բոլորին։ Օրենքի մեջ տարբերություն չէր դրվում։ Յուրաքանչյուր լրատվամիջոց կամ ՀԿ, որն իր եկամտի 20 տոկոսից ավելին ստանում էր արտասահմանից, պետք է իր լրատվամիջոցում, կայքում գրություն հրապարակեր, որ իրենք արտաքին ուժերի ազդեցության գործակալներ են։ Բնականաբար, ՀԿ-ների եւ լրատվամիջոցների համար անընդունելի էր, որ իրենք ընդունեին, որ իրենք այլ երկրների գործակալական ազդեցության մաս են, եւ, բնականաբար, դա չէին կարող հրապարակել ո՛չ լրատվամիջոցներում, ո՛չ էլ ՀԿ-ների մասին։ Եվ դրանով իսկ իշխանությունն ուզում էր ժողովրդին ցույց տալ, որ բոլոր այն ուժերը, որոնք դրսից են ֆինանսավորվում, տվյալ ուժերի ազդեցության ներքո են եւ գործակալներ են։ 

- Հավաքական Արեւմուտքի արձագանքն էր հետաքրքիր։ Նրանք Վրաստանի իշխանությունների կողմից այս օրինագծի առաջքաշումն անընդունելի որակեցին։ Շատերն Արեւմուտքի կողմից նման պահվածքը մեկնաբանում են վերջին շրջանում Վրաստանի հավասարակշռված քաղաքականության եւ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին չմիանալու հետ կապված։

- Արեւմուտքը շատ կոշտ արձագանքեց, քանի որ 2012 թվականին Ռուսաստանում նմանատիպ օրինագիծ էր ընդունվել, որի հետեւանքով բազմաթիվ լրատվամիջոցներ ու կազմակերպություններ ուղղակի Ռուսաստանում չեն գործում, փախել են, ովքեր էլ դեռ գործում են, լուրջ եւ անտանելի դժվարություններ են ունենում։ Համեմատությունը հենց այդ օրենքի հետ էր։ Չնայած որ «Վրացական երազանքն» ասում է, որ նման օրինագիծ կա Միացյալ Նահանգներում, սակայն դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ Միացյալ Նահանգների օրենքում հստակ ամրագրված է, որ բարեկամ երկրները եւ տվյալ երկրներից ֆինանսավորում ստացող կազմակերպությունները նման խնդիր չունեն՝ հաշվետվություն ներկայացնելու, եւ չեն համարվի օտարերկրյա գործակալներ։ Իսկ վրացական օրինագծում նման կետ գոյություն չուներ։ Այսինքն՝ եթե Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը դաշնակից պետություններ էին Վրաստանի համար, ապա ինչո՞ւ չէր նշված հստակ երկրների ցանկը, թե որտեղից ֆինանս ստացողները գործակալ են, իսկ որտեղից՝ ոչ։ Բալանսավորված քաղաքականության առումով պետք է ասեմ, որ սկզբնական փուլում, երբ սկսվեց ուկրաինական պատերազմը, ինձ էլ էր այդպես թվում, որ Վրաստանը վարում է բալանսավորված քաղաքականություն, քանի որ նախկին արտգործնախարարն էլ հայտարարեց, որ այս ամենն արվում է, որ ռուսական տանկերը չհայտնվեն Թիֆլիսում, եւ ասաց, որ անձամբ չի ուզում տեսնել ռուսական տանկերը Թիֆլիսում։ Ինձ համար դա հասկանալի եւ ընկալելի էր, սակայն կամաց-կամաց այդ չափավոր ու բալանսավորված քաղաքականությունը վերածվեց Արեւմուտքի հետ հակամարտության։ Մենք հիշում ենք, թե ինչպես էր Վրաստանը դատավորներ նշանակում, ինչն Արեւմուտքի դուրը եւս չէր գալիս, քանի որ իրենք իրենց մարդկանց էին դատավորներ նշանակում եւ այդ անկախ համակարգն ուղղակի քանդում էին։ Դրանից բացի, իրենք սկսեցին լեզվակռվի մեջ մտնել Միացյալ Նահանգների դեսպանի հետ, ինչ-որ տեղ վիրավորել, ու դա բավականին երկար էր շարունակվում, եւ նման շատ օրինագծեր էին փորձում քննարկել, ընդունել, եւ այս օրինագիծն ուղղակի վերջին կաթիլն էր։ Շատ լուրջ խնդիր առաջացրեց, քանի որ ազատ մամուլն ընդհանրապես կդադարեր Վրաստանում գոյություն ունենալ, եւ հասարակական կազմակերպությունները եւս, որոնք մեծ աշխատանք էին իրականացնում Վրաստանի համար,  փաստացի կդադարեին գոյություն ունենալ։ Այստեղ արդեն հավասարակշռված քաղաքականության մասին խոսելն ավելորդ էր, քանի որ այդ պայմաններում նման օրինագիծը, բնականաբար, շատ մեծ վնաս էր հասցնելու Վրաստանի եվրաինտեգրմանը, ու, դրանից բացի, արդեն ԵՄ-ի հետ 12 կետերն էին քննարկում, որպեսզի կարգավիճակ տային Վրաստանին՝ անդամակցության թեկնածության կարգավիճակ։ Ու չնայած Վրաստանը լավ չէր իրականացնում այդ ամենը, Եվրամիությունը համաձայնել էր տալ այդ կարգավիճակը, սակայն հենց այդ քաղաքական որոշումը կայացվեց, որ Վրաստանին տալու են կարգավիճակ, միանգամից ի հայտ եկավ այս օրինագիծը։ Եվ բոլորը հասկացան, թե իրականում ինչ է տեղի ունենում։

- Օրինագիծը հետ կանչելով՝ արդյո՞ք Վրաստանի իշխանությունները չեզոքացրին նաեւ հետագայում իշխանությունների հրաժարականի պահանջը։

- Եթե այս օրինագիծը նախորդ օրը հետ կանչվեր, շատ ավելի տրամաբանական կլիներ, սակայն երեկվա լարված բախումներից հետո՝ Վրաստանի խորհրդարանի առաջ, երբ ոստիկանության մեքենաներ էին արդեն շրջվել, բավականին լուրջ խնդիրներ էին առաջացել, մարդիկ էին վնասվել, բազմաթիվ մարդիկ էին բերման ենթարկվել։ Ոստիկանությունն անհամաչափ ուժ էր կիրառել, մարդիկ արդեն շատ ագրեսիվ պահվածք ունեին, 2 օրվա ահագնացած ցույցերը խոսում են այն մասին, որ ուշացումով «Վրացական երազանքը» հրաժարվեց նման օրինագծից, եւ հիմա շատ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի իրականում։ Եթե ժամանակին անեին, կարծում եմ՝ դա արագ կլիցքաթափեր իրավիճակը, սակայն հիմա դժվարանում եմ կանխատեսել, թե ինչ կլինի իրականում։

- Փորձագիտական որոշ շրջանակներ մտահոգություն ունեն, որ իշխանափոխության պարագայում Վրաստանում կգան ամբողջովին արեւմտամետ ուժեր, որոնք հակառուսական արեւմտյան քաղաքականության արդյունքում կարող են փակել Հայաստանն աշխարհին կապող կարեւորագույն ճանապարհներից մեկը։ Այդ մտահոգությունը տեղի՞ն է։

- Վրաստանը նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ չունի Ռուսաստանի հետ, այսինքն՝ ինչպե՞ս մենք կարող ենք խոսել ռուսական վեկտորի մասին։ Իշխանությունները թաքուն իրենց մտքերում ինչ ունեն՝ դա այլ բան է, թե ինչպիսի քաղաքականություն են թաքուն վարում։ Բայց իրականում Վրաստանի Սահմանադրությամբ արձանագրված է, որ իրենք արեւմտյան արժեքների կրող են եւ պետք է դառնան ԵՄ եւ ՆԱՏՕ-ի մաս՝ դա Սահմանադրությամբ է ամրագրվել եւ հանրաքվեի միջոցով։ Ինչ վերաբերում է Հայաստանի ճանապարհը փակելուն, չեմ կարծում, որ նման բան իրականում կարող է տեղի ունենալ։ Ուղղակի ուրիշ վտանգներ եւս կան, եթե հանկարծ իշխանափոխություն տեղի ունենա Վրաստանում, եւ ծայրահեղ ընդդիմությունը գա իշխանության, նրանց մեջ գտնվեն այնպիսի ուժեր, որոնք կուզենան Ուկրաինայի հետ ինչ-որ երկրորդ ֆրոնտ բացել։ Դա արդեն շատ լուրջ վտանգներ կստեղծի Վրաստանի ինքնիշխանության համար։ Սակայն գրեթե համոզված եմ, որ Վրաստանի քաղաքական գործիչներն ավելի հավասարակշռված մոտեցում կունենան, եւ տարբեր ուժեր կփորձեն բալանսավորել այս ամենը, եւ նման բան տեղի չի ունենա։ Չնայած նրանք այնքան փոքր թիվ են կազմում, որ դժվար տեղ գտնեին նոր ձեւավորվող իշխանությունում։ 

- Վրաստանի հայկական համայնքն ինչպե՞ս է վերաբերվում այդ օրինագծին ու տեղի ունեցող զարգացումներին։

- Այնքանով է վերաբերվում, ինչքանով դա հայկական կազմակերպություններին եւ հայկական լրատվամիջոցներին է վերաբերում։ Այդ օրենքի մեջ գրված չէր, որ ազգային փոքրամասնություններին, նրանց կազմակերպություններին ու լրատվամիջոցներին չի վերաբերելու այս օրենքը։ Այս առումով բավականին լուրջ մտահոգություններ կային, եթե օրենքն ընդունվի, ապա ազգային փոքրամասնությունների կազմակերպություններն ու լրատվամիջոցները ճնշումների կենթարկվեն։ Իսկ մենք գիտենք, որ ազգային փոքրամասնությունների կազմակերպություններն ու լրատվամիջոցները կապվում են նաեւ իրենց էթնիկ հայրենիքի հետ, տվյալ դեպքում՝ Հայաստանի։ Միակ մտավախությունը սա էր։ Կարող եմ ավելացնել, որ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը միշտ մարդու իրավունքների մասով բավականին ուշադիր են եղել, հատկապես ազգային փոքրամասնությունների մասով փորձել են Վրաստանի իշխանություններին հորդորել, որ մարդու իրավունքների խախտումներ չունենան, նաեւ՝ մեր տարածաշրջանում՝ Սամցխե-Ջավախքում։ Չնայած էլի տեղի ունենում էին, բայց նրանց փորձում էին չափավորել, կոռեկտության դաշտ բերել։ Իսկ եթե արտաքին վեկտորի փոփոխություն տեղի ունենար, ապա այդ զսպիչ ուժը չէր լինի, եւ կարող էին խնդիրներ առաջանալ: