Ինչպե՞ս են Երեւանում նստած որոշում` իքս գյուղի դպրոցի տնօրենի հավակնորդը լա՞վ է գրել ծրագիրը

Ինչպե՞ս են Երեւանում նստած որոշում` իքս գյուղի դպրոցի տնօրենի հավակնորդը լա՞վ է գրել ծրագիրը

Կառավարությունը նախօրեին հաստատել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձեւավորման, գործունեության, տնօրենի նշանակման եւ բողոքարկման նոր կարգը: Կառավարման նոր համակարգով պլանավորվել է դպրոցի տնօրենների ընտրության եւ նշանակման եռափուլ համակարգ, ինչպես նաեւ հետագայում տնօրենների գործունեության ամենամյա մոնիթորինգի եւ ատեստավորման համակարգ: 

Տնօրենի նշանակման գործող կարգով՝ տնօրենի հավակնորդները ներկայացնում են դպրոցի զարգացման ծրագիր, որն անցնում է փորձաքննություն՝ մրցույթով ընտրված կազմակերպության կողմից: Դրական շեմը հաղթահարած ծրագրերի հեղինակ հավակնորդները մասնակցում են հարցազրույցի լիազոր մարմնի շրջանակում, որի արդյունքներով էլ տեղի է ունենում նշանակումը։ Կարգի կիրարկման ընթացքում պարզվել է՝ կան դեպքեր, երբ զարգացման ծրագրերը չեն բավարարում նվազագույն պահանջներին, եւ երբեմն բացակայում է ինքնուրույն աշխատանքը։ Այս խնդիրների կարգավորման նպատակով նոր կարգով առաջարկվել են մի քանի մեխանիզմներ: Առաջինն արտագրության փաստի հայտնաբերման մեխանիզմն է։ Այն գործարկվելու է 2024 թ. հունվարի 1-ից:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով, լավ է, որ արտագրության դեմ պայքար է տարվում, բայց ինքը կնախընտրեր, որ ընդհանրապես վերանայվեր տնօրենների՝ ծրագիր մշակելու կարգը. «Կարծում եմ` շատ բարդ խնդիր ենք դնում տնօրենների հավակնորդների առաջ: Մենք բողոքում ենք, որ իրենք արտագրում են, բայց գուցե մեր դրած խնդի՞րն է բարդ: Իմ կարծիքով, ծրագրի նախագիծը, որ պահանջվում է տնօրեններից, շատ բարդ է, մենք մեր երկրում չունենք անգամ տնօրենի կրթություն, հետեւաբար՝ ո՞վ է տնօրեն դառնում Հայաստանում, այն մարդը, որն ուսուցիչ է, հավաստագրման քննություն է տալիս ու ուզում է դառնալ տնօրեն: Բայց մենք այս մարդկանցից պահանջում ենք գրել մի ռազմավարական ծրագիր, որը շատ բարդ է, ընդ որում` պահանջում ենք նաեւ ֆինանսական տվյալներ, այն դեպքում, երբ մենք արդեն տարանջատել ենք դպրոցի տնօրենին համակարգողից: Հիմա հարց է առաջանում․ այս մարդը, որ տնօրեն է դառնում, այլեւս պատասխանատու չէ ֆինանսականի համար, մենք ինչո՞ւ ենք ուզում, որ զարգացման ծրագրում նա ֆինանսական թեմաներով ինչ-որ բաներ գրի: Օրինակ, մեր կրթության զարգացման պետական ծրագիրը 40-50 էջ է, բայց դպրոցի տնօրենի զարգացման ծրագիրը` 150-160 էջ, ո՞նց է դա հնարավոր»:
«Լավ է, որ արտագրությունների դեմ պայքարում ենք, ես համաձայն եմ դրան, որ չի կարելի գրագողություն անել, բայց գուցե սա՞ չէ կարեւորը, նաեւ գնահատումն էլ պետք է հասկանալ, ինչպես են մարդիկ Երեւանում նստած որոշում, թե արդյոք իքս գյուղի դպրոցի տնօրենի հավակնորդը լա՞վ է գրել իր ծրագիրը, եթե մենք այդ դպրոցում չենք եղել, ծանոթ չենք դպրոցի խնդիրներին, ինչպե՞ս ենք այդպես` օդի մեջ որոշում կայացնում»,- նշում է փորձագետը: 

Տնօրենի նշանակման կարգում երկրորդ գործիքը հավակնորդի հետ հարցազրույցն է, մասնագիտական հանձնաժողովը դիտարկում է, թե տվյալ ծրագիրը ներկայացրած անձը որքանով է տիրապետում դպրոցի խնդիրներին, այն կարողունակություններին եւ անձնային որակներին, որոնք անհրաժեշտ են արդյունավետ կառավարման համար։ Մասնագիտական հանձնաժողովում կընդգրկվեն ԿԳՄՍ նախարարության եւ համապատասխան լիազոր մարմինների ներկայացուցիչներ։ Այսինքն, հանձնաժողովում ոչ թե մասնագետներ են ընդգրկվելու, այլ ի պաշտոնե լիազորված անձինք։ «Հայաստանը, ըստ էության, հրաժարվեց ժողովրդավարական մոտեցումից, որը մոտ 20 տարի գործեց։ Դա խորհուրդների միջոցով, մասնակցային ձեւով դպրոցի տնօրենի ընտրությունն էր, անցանք ավելի ադմինիստրատիվ ձեւի, տրամաբանությունը պարզ է` եթե այս ձեւով ենք ընտրում դպրոցի տնօրեն, պարզ է, որ պետք է պաշտոնյաներն ընտրեն, հետեւաբար խնդիր չեմ տեսնում, որ գրված է՝ նախարարության եւ համապատասխան լիազոր մարմինների ներկայացուցիչները պետք է ընտրեն, որովհետեւ ուղերձը պարզ է` Հայաստանը հրաժարվեց տնօրեն ընտրելու, այսպես կոչված, մասնակցային սկզբունքից, որը, ցավոք սրտի, միայն թղթի վրա էր մասնակցային, բայց ամբողջ խնդիրն այն է` այս ձեւերը փոխելն իրականում ինչ-որ բան փոխո՞ւմ է, թե՞ ոչ, որովհետեւ Աստված գիտի, թե ոնց է տեղի ունենում այդ ընտրությունը»,-մտահոգություն է հայտնում Ս. Խաչատրյանը: 

Երրորդ գործիքը տնօրենի նշանակման կարգում բողոքարկման գործընթացն է. նկարագրված են բողոքարկման հանձնաժողովի ձեւավորման եւ բողոքարկման գործընթացի ժամկետները, սկզբունքները, քայլերը։ Կրթության փորձագետն այստեղ որեւէ խնդիր չի տեսնում: Ընդգծում է` իր հիմնական հարցադրումը ծրագրերն են. «Շատ կարեւոր է, երբ մարդիկ դիմում են այդ ծրագրերի համար, նորմալ հետադարձ կապ ստանան եւ հասկանան, թե որտեղ են իրենք թերացել ու ինչ շտկումներ պետք է անեն, կամ իրենց մոտ ինչն է բացակայում, եւ դա տրվի ոչ թե թվանշանային ձեւերով, այլ՝ բացատրական, որ սա է պակասում, սա երկար եք գրել, այս մի հանգամանքին չեք անդրադարձել, որպեսզի ավելի հստակ լինի, թե ինքն ինչ պետք է անի հաջորդ փուլում: Որովհետեւ հիմա ունենում ենք դեպքեր, երբ մարդը ծրագիրը գրում է, ստանում է իքս թվանշան, հետո բարելավում է ծրագիրը, նորից է դիմում, բայց ստանում է ավելի ցածր թվանշան: Իսկ եթե մարդն իր ծրագիրը բարելավելուց հետո ավելի ցածր է ստանում, ուրեմն մենք ճիշտ չենք օգնում նրան, որ իր արդյունքը բարելավի, այսինքն՝ պետք է առնվազն նույն թվանշանը ստանար, ոչ թե ցածր: Եթե 2-րդ անգամ դիմում ես ու ավելի ցածր ես ստանում, ուրեմն մի բան այն չէ այդ համակարգում»: 

Տնօրենի նշանակման գործող կարգով՝ հավակնորդների ներկայացրած դպրոցի զարգացման ծրագիրն անցնում է փորձաքննություն՝ մրցույթով ընտրված կազմակերպության կողմից. «Այս պահին 2 կազմակերպություններ են ընտրությունն անում, ու դատելով թեկնածուների արձագանքներից` ծրագիրը մի տեղում այլ թվանշան է ստանում, մյուս տեղում` այլ։ Սա արդեն խնդիր է, պետք է ստանդարտացվի, որպեսզի նման տատանումներ չլինեն: Արդեն գրանցվել են բազմաթիվ հրապարակային դժգոհություններ, որ մի տեղ լրամշակված տարբերակն ավելի ցածր է գնահատվում, քան առաջին տարբերակը: Հետո, այդքան բարդ ու խուճուճ բան պետք չէ պահանջել, ինչո՞ւ․ որովհետեւ այնպես չէ, որ մեր դպրոցներն այնպիսի լիազորություններ, ազատություններ ունեն, եւ տնօրենն է ամեն ինչ որոշում: Մենք՝ բոլորս գիտենք, որ Հայաստանն այն երկիրն է, որտեղ շատ բաներ «վերեւից» են որոշվում, բայց մենք տնօրենի թեկնածուին ասում ենք` երազի, ի՞նչ ես ուզում անել, ենթադրենք՝ երազեց, եկավ դարձավ տնօրեն, պարզվեց՝ փողը քիչ է, ի՞նչ պետք է անենք մենք, դպրոցն ինչ-որ ստարտափ չէ, որ զրոյից ենք սկսում ու դրա համար եկեք երազենք: Հենց դառնում ես տնօրեն, քեզ ասում են` այսքան է քո փողը, սա են կանոնները, ու շատ քիչ լիազորություններ են մնում դպրոցի տնօրենին, որ ինքը կառավարչական այդ օղակներում կարող է իրականացնել»: