Փորձված աղվեսը երկու ոտքով է թալակն ընկնում 

Փորձված աղվեսը երկու ոտքով է թալակն ընկնում 

Հանրահայտ պատմական ճշմարտություն է, որ մեծ պետությունների բախման կիզակետում փոքր պետությունները չեն շահում։ Դա հավասարապես վերաբերվում է Հայաստանին ու Ադրբեջանին։ Փոքր պետությունը առավելագույն դեպքում կարող է այդ բախումային կիզակետից դուրս գալ փոքր կորուստներով։ Իսկ փոքր կորուստներով դուրս գալու համար պետությունը պետք է վերածվի դիվանագիտական դարբնոցի։ Պետք է մոբիլիզացվեն բոլոր դիվանագիտական ուժերը, մակունցանման «չեկած խմորով» պետք չէ հաց թխել կամ մտածել, որ հաց կստացվի։  Պետք է նման խմորները դեն նետել ու գործել «հասունացած խմորի» քաղաքականությամբ։ Հայաստանում լրիվ հակառակ երևույթն է։

Անփորձներով, հիվանդի վիճակով չմտահոգվողներով, որոնք երբևէ բժշկական նշտար չեն բռնել, վիրահատում են Հայաստան աշխարհը։ Արցախն արդեն որպես ավելորդ օրգան հեռացրել են, սկսել են հեռացնել Հայաստանից այլ կենսական նշանակություն ունեցող օրգանները։ Բոլորիս աչքի առաջ օր- օրի ծանրանում է Հայաստանի վիճակը, որովհետև իշխանության գլուխ են կանգնած գործից անտեղյակ մարդիկ և անում են այն, ինչ խելքների փչի։ Այն, ինչ կապված է խելքի հետ, ,,շուստրիությամբ չես կարող  տակից դուրս գալ,,։ Լեզվի ֆիզկուլտուրայով դեռ ոչ ոք չեմպիոն չի դառել։ Հիմա մենք այս վիճակում ենք։ Իշխանությունը զբաղված է լեզվի միօրինակ, մի մարզիչի կողմից ուղղորդվող շարժումներով։ Լեզուն կարող է մի քանի օր համոզել մարդկանց, որ ամեն ինչ լավ է, բայց երբ տեսնում ես, որ պետության կառավարման գործում լեզվից բացի այլ բան չի գործում, երբ տեսնում ես, որ գործ չկա, ամեն ինչ դոփում է նույն տեղում, այդտեղ վերջանում է հավատը, վստահությունը խոսողի նկատմամբ։ Երբ մարդկանց հարցնում եք, թե ինչպե՞ս եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, իսկ նրանք ասում են, որ նրա ձայնն անգամ չեն ուզում լսել, որ նրան լսելուց վատանում, ճնշումները բարձրանում են, համոզված եղեք, լեզվի ֆիզկուլտուրայով զբաղվող ղեկավարն արդեն պարտված է։ Երբ Զելենսկին Ռուսաստան- Արևմուտք լարվածության ֆոնին Արևմուտքի պահանջով Հայաստան է բերվում, ի՞նչ կարող ես ասել։  Այդ մասին տեղեկանում ենք Հրապարակից։ ՔՊ փակ նիստում Փաշինյանը խոստովանում է որ այդ պայմանավորվածությունը Մյունխենում է կայացել։

Չնայած դրան՝ նա «իբր թե շուստրի քայլ է արել»։ Մեկ օր մտածելուց հետո միտքը փայլատակել է ու ասել , որ պատրաստ է մեր երկրում ընդունել Զելենսկուն, եթե դա լինի տարածաշրջանային այց։ Հասկացել է, որ Զելենսկու միայն Հայաստան այցը ծանր կնստի Հայաստանի վրա։ Տեսե՜ք ինչ «դիվանգիտություն է բանեցնում»։ Իր խոստովանության մասին, բնական է, տեղյակ կլինի  նաև  Ռուսաստանը։ Փաշինյանը Ռուսաստանին «ցավ չպատճառելու համար» առաջարկել է, որ Զելենսկին նաև Ադրբեջան գնա։ Այսինքն Զելենսկու Ադրբեջան գնալը լրացուցիչ է օրակարգ մտցվել։ Ու այդ մեղմիկ շուստրիությունը  հայկական դիվանագիտության պսակ է հավանաբար համարվում։ Տեսեք, թե ինչ շուստրիական պրիմիտիվ քայլերով է այս ամենը փորձում  քողարկել։ Ինքը փոխանակ Հայաստանը վտանգի տակ չդնի ու հրաժարվի  Մյունխենում հրամցված «բենզինից» և չխաղա կրակի հետ, նոր հեծանիվ է հնարում։ Նման հնարքներով հնարավոր չէ երկար ժամանակ խաղալ, մանավանդ որ այսօր ոչ Ռուսաստանը, ոչ Արևմուտքը երկար խաղալու տրամադրություն չունեն։ Այստեղ հարկ է հիշել մեր ժողովրդական ասացվածքը, որը վերաբերվում է այս իշխանությանը, որն իրեն «փորձվածի» տեղ է դրել ու վճռում, ավելի ճիշտ՝ քոռ դանակով կտրում է հայ ժողովրդի գոյաբանական խնդիրը։ Հարկ է գերտերությունների հետ շփվելուց երկար մտածել հայկական այս ասացվածքի շուրջ․ «Փորձված աղվեսը երկու ոտքով է թալակն ընկնում»։