Օդանավակայանում ասֆալտի գործով  մի մաքսային կետ դիր ու պրծի

Օդանավակայանում ասֆալտի գործով  մի մաքսային կետ դիր ու պրծի

Էն որ ասում էր, դատարկ գրպաններով ու ծակ կոշիկներով ենք եկել իշխանության, ու պարտադիր չէ «լեցուն ուղեղներ» ունենալ, ոմանք ցնծում էին եկողների մորեմերկ վիճակից։ Հիմա վայելում ենք  դատարկ գրպանների, ծակ կոշիկների ու  «լեցուն ուղեղների» պարունակությունը։ Գրպանները լցնում ենք, չի լցվում, ուղեղի շարժիչները փորձում ենք գործի գցել, չեն աշխատում։ Ինչքան ուզում ես դռդռացրու, ինչքան ուզում ես ասա, գրի, գոռա, ուղեղի շարժիչներին  չի հասնում։ Միայն մի բան է ուղեղաշարժիչին հասու՝ ինչքան կարելի է ծեփահան անել ժողովրդին, ինչքան կարելի է քերել, նեղել  նրան։ Այսօր  կառավարության նիստը կրկին ուղղված էր մարդկանց քերելու պրոցեսին։ Խոսքը վերաբերվում էր շոու բիզնեսին, բայց ինչպես ասում են, ուղղված էր ողջ ժողովրդին՝ «Այ կուժ քեզ ասեմ, այ կուլա դու լսիր»։ Բայց ինձ այստեղ այլ բան հետաքրքրեց, լսենք նրան․ «Ասում են՝ գնացել ենք Լոս Անջելեսում համերգ ենք տվել: Որտեղի՞ց եք մեկնել, ի՞նչ ճանապարհով եք գնացել»: Եվ հայտնագործություն է անում։

Պարզում է, որ օդանավակայանով են գնում համերգ տալու։ Այստեղ խորացնում է հայտնագործությունը․ «Դե ուրեմն, Հայաստանում հարկ վճարածների հաշվին կառուցված ճանապարհից մի օգտվեք: Ճանապարհի կողքի եղեգները հնձեք ու այդպես հասեք օդանավակայան: Կամ՝ Զանգուի ձորով, բնաշխարհը վայելելով, ոտ-ոտ հասեք Երևան»։ Ինձ հետաքրքրեց օդանավակայնի ճանապարհը ցույց տալը ու մտածեցի, որ այդ ճանապարհով են տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ և երկիրը, տունը կորցրած արցախցիներ փախել այս իշխանությունից։ Ոչ մեկը իր երկրից չի փախչում, փախչում են ապաշնորհ իշխանությունից։ Իսկ գուցե նա հարկի նաև այդ քաղաքացիներին, որոնք օդանավակայան են գնացել։ Օրենք մտցնի, որ բոլոր արտագաղթածները պետք հարկ մուծեն իշխանությանը, որովհետև այդտեղ ասֆալտ են արել։ Ի՜նչ թիվ կստացվի, հեղեղ անձրևի նման նրանց թալկահարված մարմինները կփթթեն․․․ Պատերազմը,  որն ըստ այդ իշխանության հայտարարության, կանխատեսելի է, շատ մեծ օգուտներ կարող է տալ իրենց ։

Օդանավակայանի հարկերի  գները, հասկանալի պատճառով, կարող է հազարապատիկ անգամ  բարձրացնել։ Ի վերջո իշխանությունը ինչ որ ահռելի թվով քաղաքացի է փրկում՝ թույլ տալով, որ նրանք անցնեն օդանավական տանող ասֆալտով։ Փաշինյանը տեղյակ է, որ կարող են ոչ թե ասֆալտով, այլ եղեգները հնձելով հասնել օդանավակայան, ուստի այդ ճանապարհն էլ պիտի փակի ու մաքսային կետ դնի։ Բոլոր հարցերը կլուծվեն։ Օդանավականում մի մաքսային կետ դիր ու պրծի, ասֆալտի գործով հարկիր ու հարկիր, հարկիր ու հարկիր՜․․․ ։ Ոնց որ Ադրբեջանն է Կապանի մայրուղում դրել։ Եթե այսպես շարունակվի, հայ էլ չի մնա Հայաստանում։ Պատկերացրեք ձեր եկամտի չափը։