Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ նախագահ դառնալու հույսի մասին

Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ նախագահ դառնալու հույսի մասին

Ֆելիետոն

Փլուզված արժեհամակարգի պայմաններում երբևէ որևէ հրապարակային անձ­նա­վորության մասին չեմ ցանկացել լսել կամ խոսել: Հետևաբար, հայ­ցելով բարձրակարգ իրավաբան, մեծարգո Գագիկ Ջհանգիրյանի ներո­ղամտութ­յունը, Ազգային Ժողովի պատ­գամավորների հարցերին ի լրումն, կցանականայի հարց առաջ քաշել (հռետո­րական), ինչպե՞ս կարող է մարդը հավակնել ԲԴԽ անդամի, էլ չասենք՝ ԲԴԽ նախագահի պաշտոնին, եթե գրպանում 1550 դրամ է, իսկ «դոշակի տակ» կամ ինչ-որ բանկային հաշվում՝ 501 հազար 500 դրամ (աղբյուր՝ tert.am):

Գուցե աղբյուրը սխալվե՞լ է և խոսքը 1500 բիթկոինի և 501 500 եվրոյի մասին է. այդ դեպքում tert․am- ը պետք է հրապարակավ ներողություն խնդրի մեծարգո անձնավորութ­յունից: Ինչպես կարելի է. ասել են խոսքի ազատություն, ինչը չի ենթադրում՝ անպա­տասխանատվություն: Բայց, եթե այդպես չէ, ապա լավ չէ: Եթե մարդը 65 տարիների ընթացքում բնակարան, ամառանոց, լավ՝ «Զապառոժեց» չի կարողացել ձեռք բերել, դուք պատկե­րացնու՞մ եք, թե կոռուպ­ցիոն ինչ ռիսկ է առաջանում: Ոչ մի անձնական բան: Տեսական, թե հիպոթետիկ դատողություններ, ընդամենը:

Բա լավ, ընկերներ, բարեկամներ չկայի՞ն, որ մինչ նոր պաշտոնը ստանձնելը, ասենք, 1 մլն դրամ փոխանցեին նրա հաշվին ու գնեին մի, ասենք 1993 թվականի, Opel-Astra: Պարոն Ջհանգիրյան, եթե ձեզ ընկերներ համարողներն այդպես դաժան են վարվել Ձեր հետ, ապա հիշեք, թե արջն ինչ է ասել ինչ-որ մեկի ականջին, ում ընկերը թողել ու փախել էր՝ վախենալով արջից:

Հ.Գ.Այնպես չէ, որ որոշ խոշոր գործարարներին հարգում եմ (թեպետ իրենք էլ դրա կարիքն առանձնապես չեն զգում), բայց նրանց նշանակալի մասն ցուցադրում է իր ունեցվածքը, նույնիսկ անպարկեշտ ձևով (նկատի ունենք աղքատ երկրի ֆոնին դա այնքան էլ լավ չի դիտվում) ավելին՝ բարգործություններ է անում, ինչը նույնպես ցանկալի չէ, քանի որ նվաստացնում է շահառուներին (բացառութ­յամբ գիտակրթա­կան, առողջապահական, սպորտային կազմակերպությունների):

Հ.Գ. Առանձնապես բարձր պաշտոններ ու մեծ բիզնեսներ չունենալով, ինձ հաջողվել է 5 անգամ փոխել սեփական ավտոմեքնան, չհաշված երբեմնի 4 ծառայողական ավտոմեքենաները: Փաստորեն՝ կուլակ եմ եղել, գլխի չեմ ընկել: Գոնե իրավա­պահները գլխի չընկնեն:

Հ.Գ. Ծանոթներիցս մեկն աշխատանքի էր ընդունվել ԲԽՍՍ-ում ու առաջին օրն աշխատանքի մեկնել աներոջ «ջորիով», որը փտած կռիլոներ ուներ: Պետը տեսել ու ասել էր. «Էլ սրանով չգաս աշխատանքի»: Լավ է, աները գտավ ճանապարհը և քաղաքապետարանի ֆոնդերի հաշվին «06» ձեռք բերեց:

Գագիկ Վարդանյան