Իրանը Հեղափոխության պահապաններին կզինի հայրենական սուզանավերով

Իրանը Հեղափոխության պահապաններին կզինի հայրենական սուզանավերով

Իրանը ծրագրում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառազինել հայրենական արտադրության թեթև ու կիսածանր սուզանավերով։

Իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ասել է Իսլամական Հանրապետության Զինված ուժերի Պաշտպանության ու լոգիստիկայի նախարարության Ծովային արդյունաբերության կազմակերպության ղեկավար, փոխծովակալ Ամիր Ռաստեգարին։

IRNA-ի հետ զրույցում Ռաստեգարին ասել է, որ այս սուզանավերի արտադրությունը կսկսվի այս տարի, որպեսզի ԻՀՊԿ-ն մոտակա մի քանի տարիների ընթացքում սուզանավեր ունենա, ինչպես Իրանի ռազմածովային ուժերը: Իրանցի բարձրաստիճան զինվորականի խոսքերով՝ ծովային արդյունաբերության ոլորտում Իրանի ԶՈՒ-ի կախվածությունն օտարերկրյա պետություններից այսօր 70%-ից նվազել է 20%-ի:

«Ծովային արդյունաբերության կազմակերպությունը տարբեր նավեր է արտադրում ռազմածովային ուժերի, ԻՀՊԿ-ի և Առափնյա պահպանության ոստիկանության համար», - ընդգծել է պաշտոնյան:

Նա ասել է, որ, օրինակ, կազմակերպությունը պատրաստում է արագընթաց նավակներ ԻՀՊԿ ռազմածովային ուժերի համար, որոնք մեծապես հենված են արագընթաց նավակների վրա։

Ամիր Ռաստեգարին հավելել է, որ ԻՀ պահապանների կորպուսը պատասխանատու է Պարսից ծոցի ջրերից մինչև Հորմուզի նեղուցը պաշտպանելու համար, իսկ Իրանի ռազմածովային ուժերը պատասխանատու են Հորմուզի նեղուցի արևելյան հատվածներից մինչև Օմանի ծով ու Հնդկական օվկիանոսի հյուսիսը պաշտպանելու համար, իսկ Առափնյա պահպանության ոստիկանությունը պաշտպանում է տարածքային ջրերը: